ՍՆԱՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ, ներկայացնելով արտագաղթի կասեցմանն ուղված իրենց ծրագիրը, «Հայ հեղափոխական դաշնակցության» ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը հանդես է եկել բավականին ուշագրավ հայտարարություններով: Նախ նա մեղադրել է լրատվամիջոցներին՝ ըստ էության երկրորդելով Սերժ Սարգսյանի միտքն առ այն, որ հենց լրատվամիջոցներն են երկրում «գաղջ մթնոլորտ» ստեղծում: Այս կշտամբանքն ուղղվել է այն բանից հետո, երբ լրագրողներից մեկը հիշեցրել է ՀՅԴ-ի կողմից մինչ այդ արված նմանատիպ նախաձեռնությունների անփառունակ վախճանի մասին: Եվ, փաստորեն, ըստ Արծվիկ Մինասյանի՝ հենց լրագրողներն են մեղավոր այն բանի համար, որ քաղաքական ուժերն այդպես էլ չեն կարողանում համախմբվել այս կամ այն սնամեջ ծրագրի շուրջ: Իսկ որ այդ ծրագիրը եւս սնամեջ է, արդեն իսկ պարզ է դառնում հենց այն հանգամանքից, որ դաշնակները մի կողմից հայտարարում են, թե պետք է պաշտոնանկ արվեն «այն անձինք, ովքեր դրսեւորում են հակաքրիստոնեական եւ հակամարդկային վարքագիծ եւ հասարակության մոտ առաջացնում են ակնհայտ բացասական դրսեւորումներ` թե՛ կոռուպցիոն, թե՛ թմրամոլության, թե՛ տարբեր ուղղություններով», մյուս կողմից, սակայն, խուսափում են այդպիսի պաշտոնյաների անունները հրապարակելուց եւ իշխանություններից կոնկրետ մարդկանց հրաժարականները պահանջելուց` հետեւյալ  պատճառաբանությամբ. «Որովհետեւ այս ծրագրի հիմնական պատասխանատուն իշխանությունն է, իսկ իշխանությունն ունի մի հատկություն, երբ անուն ես հրապարակում, նա սկսում է պաշտպանել այդ անձին: Այդ իսկ պատճառով անունները թողել ենք, երբ  համախոհության հիման վրա ձեւավորված ամբողջական ծրագրի քննարկման վերջնական փուլում այն կներկայացվի իշխանությանը, այն ժամանակ կներկայացվի նաեւ այն պաշտոնների եւ անունների փաթեթը, թե ովքեր են իրենց գործունեությամբ բացասական լիցքեր հաղորդում հանրությանը»: Ահա այսպես` պարզ ու հստակ, եւ միանգամայն սպառիչ կերպով Ա. Մինասյանն ի ցույց է հանում այս ծրագրի սնամեջ էությունը: Սակայն սա դաշնակների կողմից երեկ արված միակ սնամեջ հայտարարությունը չէր. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն էլ ասաց, թե Վահան Հովհաննիսյանի` Գերմանիայում դեսպան նշանակվելը չի նշանակում, թե ՀՅԴ-ն համաձայն է ՀՀ արտաքին քաղաքականության հետ: Այստեղից կարելի է երկու եզրակացություն անել. կա՛մ դաշնակները ընկեր Վահանին ներդնում են հայրենի դիվանագիտական համակարգ, որպեսզի նա այն ներսից քանդի (քանի որ ՀՅԴ-ն համաձայն չէ մեր արտաքին քաղաքականության հետ), կա՛մ նրանք արդեն դադարել են իրենք իրենց լուրջ ընկալել:  Ըստ ամենայնի` երկրորդ տարբերակն է` նաեւ հաշվի առնելով վարչապետ Տիգրան Սարգսյանին պատերազմ հայտարարելու ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարության հետ կապված Ա. Մինասյանի երեկվա մեկնաբանությունը. «Պատերազմը ոնց որ թե չսկսված` ավարտվեց: Վարչապետն իր ելույթով, մեկնաբանություններով հերքեց այն, ինչ նախապես ասվել է»: Մեկնաբանությունները, տվյալ դեպքում, ուղղակի «լացացնող են»:




Լրահոս