ՍԴՀԿ ԱՏԵՆԱՊԵՏԸ ՊԱՏԱՀԱԿԱ՞Ն Է ԸՆՏՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 14-ին Երեւանում կայացավ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության նորընտիր կենտրոնական վարչության անդրանիկ նիստը, որի ընթացքում տեղի ունեցավ  դիվանային վարչության ընտրություն: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նախորդ կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանն իր զբաղվածության պատճառով չի կամեցել առաջադրվել ատենապետի պաշտոնում: Ատենապետ է ընտրվել Հակոբ Տիգրանյանը, որը ծագումով Լիբանանից է, այժմ բնակվում է Կիպրոսում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս ընտրությունը ոչ բոլորի սրտով է եղել, ինչի պատճառով մինչեւ այժմ ՍԴՀԿ-ում կուսակցական խմորումները շարունակվում են:
Այժմ ՍԴՀԿ վարչության կազմը հետեւյալն է. ատենապետ՝ Հակոբ Տիգրանյան, ատենադպիր՝  դոկտոր Համբիկ Սարաֆյան, փոխատենապետներ՝ Սեպուհ Գալփաքյան եւ Սեդրակ Աճեմյան, անդամներ՝ Վազգեն Գալթաքճյան, դոկտոր Եղիկ Ճերեճյան, Վազգեն Խոտանյան, Խաչիկ Քեշիշյան, Սամո Սարգիսյան, Շավարշ Ակինյան, Գեւորգ Պերկուպերկյան: Չնայած նրան, որ ՍԴՀԿ-ում մշտապես քննարկվել են ատենապետի 2 թեկնածուի՝ Սեդրակ Աճեմյանի ու Սեպուհ Գալփաքյանի անունները,  այս թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել հավաքել անհրաժեշտ թվով ձայներ, ուստի ընտրվել է փոխզիջումային թեկնածու: Այսինքն` այդ տարբերակով, կարելի է ասել, «նշանակվել» է Հակոբ Տիգրանյանը, իսկ Սեդրակ Աճեմյանը «դարձել» է փոխատենապետ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ս. Աճեմյանն այս ամենից շատ վրդովված է ու այս ընթացքում ելքեր է փնտրում, որ կարողանա կրկին ընտրություն անցկացնել: Անգամ տեղեկություններ են շրջանառվում, որ համագումարի պատվիրակները ստորագրահավաք են կազմակերպել` պահանջելով նոր համագումար, որպեսզի ավելի արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացվեն: Բայց դեռեւս ոչ մի արդյունքի չեն հասել: Հավելենք նաեւ, որ Գ. Պերկուպերկյանն այս համագումարում ընտրվել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ, հետեւաբար այլեւս չի կարող ղեկավարել հայաստանյան կառույցը: Իսկ մինչ այդ, կառույցի ղեկավարման համար պայքարում էին Գ. Պերկուպերկյանն ու ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը: Թե այժմ ինչպես է այդ հարցը լուծվելու, նույնպես մնացել է «օդից կախված»:
Երեկ ՍԴՀԿ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ ներկայացնելով կուսակցության 20-րդ համագումարի ընթացքը. «Կուսակցութեան գերագոյն ժողովին կը մասնակցէին 17 երկիրներէ եկած պատգամաւորներ: Իր օրակարգի վերջին հարցով, Համագումարը ընտրեց նոր Կեդրոնական Վարչութիւն: Համագումարը իր աշխատանքները աւարտեց այցելելով Եռաբլուր յարգանքի տուրք մատուցելու մեր նահատակներուն եւ վերահաստատելու անոնց ուղիէն ընթանալու»: Հաղորդագրությունում, սակայն, որեւէ տեղեկություն չկար կուսակցության հետագա քայլերի մասին:
Արդեն քանի օր է՝ «Ժողովուրդ»-ը փորձում է այս առիթով զրուցել ՍԴՀԿ արդեն նախկին ատենապետ Սեդրակ Աճեմյանի հետ, սակայն վերջինս համառորեն չի պատասխանում մեր հեռախոսազանգերին, իսկ երեկ էլ նրա հեռախոսն անջատված էր:

Ս. Գ.




Լրահոս