ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԽԻՍՏ ԳԱՂՏՆԻ
Վերջին օրերին մամուլը տարբեր չինովնիկների «նշանակեց ու ազատեց» ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում: Մինչդեռ իրականում, բացի Սերժ Սարգսյանից, թերեւս ոչ ոք միանշանակ չգիտի, թե ով է փոխարինելու Աղվան Հովսեփյանին: «Եթե որեւէ մեկը կասի, որ հաստատ գիտի, թե ով է լինելու գլխավոր դատախազը, սխալ գիտի: Ես ձեզ վստահեցնում եմ, որ ապագա դատախազի անունը գիտեն միայն Ս. Սարգսյանն ու այն մարդը, ում Սարգսյանն ասել է, որ իրեն նշանակելու է այդ պաշտոնում: Վերջ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ահա այսպես արձագանքեց ՀՀԿ կարկառուն գործիչներից մեկը՝ խորհուրդ տալով փոքր-ինչ համբերել:

ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ «բանդայի գործով» հերթական դատական նիստին ներկա էր Գառնու «Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատեր, գործարար Սուրիկ Հակոբյանի հարսը` Վրաստանի քաղաքացի Մարինա Գեորգաձեն: Վերջինս «բանդայի» պարագլուխ հռչակված Արտյուշա Հակոբյանի կինն է, որին 2011թ. կալանավորել էին: Պատճառն այն էր, որ, ըստ ՀՀ գլխավոր դատախազության, ազգությամբ վրացի կինը հետախուզվել է Վրաստանի իրավապահների կողմից, քանի որ խարդախության մեղադրանքով Վրաստանի դատարանը նրան մեղավոր էր ճանաչել: Երեկ՝ մեզ հետ զրույցում, Մարինան ասաց, որ ինքն անօրինական գործողությունների զոհ է դարձել. «Ինձ 1,5 տարի պահեցին Վրաստանի կալանավայրում, սակայն 2012թ. համաներում հայտարարվեց, եւ ես ազատություն ստացա»: Իսկ ահա Մարինայի սկեսրայրը` Սուրիկ Հակոբյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հարսի ձերբակալությունը կապված էր իր որդու շուրջ կատարվող իրադարձությունների հետ:

ՉԵՂՅԱԼ Է ՀԱՄԱՐԵԼ
Երեկ պարզ դարձավ, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը 2013թ. հունիսի 7-ի որոշմամբ չեղյալ է համարել 2009թ. սեպտեմբերի 15-ի N220-Ա որոշումը, ըստ որի՝ արգելվում էր թուրքական եւ ադրբեջանական ծագում ունեցող կենդանական ու բուսական հումքի եւ մթերքի ներկրումը ՀՀ: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ն իր հրապարակումներից մեկում գրել էր, որ գյուղնախարարի հրամանից հետո Թուրքիայից բերվել էին կիտրոն, մաստակների տեսականի, խմորիչ, սննդային հավելումներ, պարենային եգիպտացորենի հատիկներ, սակայն լաբորատոր փորձաքննության ենթարկվել էին միայն մաստակները: Փաստորեն, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության կողմից համապատասխան վերահսկողություն չկատարվեց, ինչի պատճառով գյուղնախարարը չեղյալ համարեց իր որոշումը: Սակայն սա ունի մեկ այլ պատճառ: Ըստ «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկությունների՝ Ս. Կարապետյանի եւ ՍԱՊԾ պետ Աբրամ Բախչագուլյանի աշխատանքային հարաբերություններն ի սկզբանե լարված են: Ավելին, Բախչագուլյանը նույնիսկ չի մասնակցում ԳՆ-ում անցկացվող նիստերին եւ սրտատրոփ սպասում է այն օրվան, երբ ծառայությունը կառանձնացվի ԳՆ կազմից: Եվ ահա երկու պաշտոնյաների կռվից տուժում է սպառողը:




Լրահոս