Այսպիսով՝ հուլիսի 1-ից բնական գազի սակագինը 9 դրամից մի փոքր ավել կէժանանա: Այս որոշումը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ ընդունեց: Ամսական մինչեւ 10 հազար խորանարդ մետր գազ սպառողները ներկայումս գործող մեկ խորանարդ մետրը 156 դրամի փոխարեն կվճարեն 146 դրամ: Իսկ ամսական 10 հազար խորանարդ մետրից ավել գազ սպառողները հազար խորանարդ մետրի համար ներկա 277 դոլարի փոխարեն կվճարեն 257,56 դոլար: Այսինքն՝ խոշոր սպառողների դեպքում գազի սակագինը հազար խորանարդ մետրի հաշվարկով կէժանան մոտ 20 դոլարով: Նկատենք, որ գազը Ռուսաստանից Հայաստան ավելի էժան գնով է հասնում, քան Հայաստանի սահմանից մինչ սպառող:
Ինչպես հայտնի է՝ Հայաստանի տնտեսության համար առանցքային նշանակություն ունի գազալցակայաններում բնական գազի վաճառքի գինը: Ներկայումս գազալցակայաններում բնական գազի հաշվարկային գինը 170-ից 180 դրամ է: Այսինքն՝ գազալցակայանները գազը 277 դոլարով գնելու պայմաններում այն վաճառում են 355-ից 375 դոլար գնային միջակայքում: Եթե գազալցակայանները գազի սակագնի այս իջեցումը չանտեսեն, ապա պարտավորված կլինեն գների իջեցում իրականացնել: Մասնավորապես, գազի սակագնի իջեցման համամասնությամբ ստացվում է, որ հուլիսի 1-ից գազալցակայաններում հաշվարկային գինը պետք է դառնա 160-ից 170 դրամ: Իսկ կանե՞ն արդյոք գազալցակայանների սեփականատերերը նման բան, թե ոչ, պարզ կդառնա մեկ ամսից:
Պաշտոնական վիճակագրության մեջ հնարավոր չէ գտնել մի ցուցանիշ, որի հիման վրա կարելի է պնդել, որ Հայաստանի տնտեսությունում դրական զարգացումներ են ընթանում, ու առաջիկա ամիսներին կամ տարում իրավիճակը կարող է բարելավվել: Վերցնենք երեկ հրապարակված տվյալները. այս տարվա հունվար-մարտ ամիսներին ընդհանուր ներդրումների զուտ ներհոսքը կազմել է 1 միլիարդ 699 միլիոն դրամ: Անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը եղել է 60 միլիարդ 171 միլիոն դրամ: Մյուս կողմից էլ ապրիլին եւս տրանսֆերտների թիվը շարունակել է անցած տարվա համեմատ նվազել: Ընդհանուր այս տարվա չորս ամիսներին տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 131 միլիոն 260 հազար դոլար: Իրավիճակը պատկերավոր դարձնելու համար հիշեցնենք, որ, օրինակ, 2014 թվականի նույն ժամանակահատվածում տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել էր 312 միլիոն 879 հազար դոլար, այսինքն՝ երկուսուկես անգամ ավել է եղել: Դրա համար էլ շարքային քաղաքացու ձեռքի փողն օրեցօր պակասում է:
Ինչպես հայտնի է՝ այս տարվա մայիսին մեկը մյուսի հետեւից ձերբակալվեցին ՀՀ պաշտպանության բարձրաստիճան սպաներ: Մասնավորապես նախօրեին հայտնի դարձավ, որ ձերբակալվել են ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը եւ ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի քիմիական, ինժեներական եւ հետախուզական միջոցներով ապահովման բաժնի պետ, գնդապետ Մհեր Պապյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջիններս մեղադրվում են այն բանում, որ իբրեւ ՀՀ ԶՈՒ նյութատեխնիկական ապահովման պատասխանատուներ տարբեր սխեմաներով յուրացրել են պետական միջոցները: Տարբերակներից մեկով սննդամթերք են գնել փաստաթղթերով, գումարն ամբողջությամբ ստացել են, սակայն գնվածը ամբողջ ծավալով չեն մատակարարել բանակին: Ու հիմա նրանց քննչական մարմիններն առաջարկել են կա՛մ գրել յուրացման ու կոռուպցիոն գործընթացի ողջ մանրամասները, կա՛մ բոլորը կկալանավորվեն:
Հանրապետության հրապարակի հարեւանությամբ՝ Տիգրան Մեծ 4 հասցեում գտնվող շենքում, տարիներ շարունակ պետական տարբեր կառույցներ են տեղակայված եղել: Բայց դա չի խանգարել, որ այն մասնավորեցվի եւ տրվի «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ին: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այդ շենքում տարածք զբաղեցնելու համար պետբյուջեից տարեկան մի քանի հարյուր միլիոն դրամ է վճարվում նշված ընկերությանը: Պետական սեփականության փոշիացման այդ գործընթացը տեղի է ունեցել 2004-2005 թվականներից սկսած, երբ ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր ներկայումս ՀՀ ջրային տնտեսության կոմիտեի նախագահ, այն ժամանակ ՕԵԿ անդամ, հիմա ՀՀԿ-ական Արամ Հարությունյանը (Բուլկի Արամ): Ու տարածքն էլ այն ժամանակ պատկանում էր հենց ՀՀ քաղաքաշինության նախարարությանը: Ըստ մամուլի հրապարակումների՝ «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի հիմնական սեփականատերը հենց Արամ Հարությունյանն է, «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի տնօրեն Արայիկ Հարությունյանն էլ նրա հարազատ եղբայրն է: Ստացվում է, որ նախարար եղած ժամանակ պետական տարածքը գնել է ու հիմա պետությանը վարձով է տալիս: Ահա այդքան փնտրվող կոռուպցիոն դրսեւորումներից մեկը:
ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐՈՎ
Սերժ Սարգսյանը երեկ Աստանայում ԵՏՄ անդամ երկրների նախագահների հետ մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին, որոնցից վերջինի ընթացքում հանդես է եկել ելույթով: Նախ՝ նա առանձնացրել է ԵՏՄ-ի գործունեության շրջանակների ընդլայնման անհրաժեշտությունը՝ որերորդ անգամ շեշտադրելով ԵՏՄ կազմից դուրս երկրների հետ համագործակցության խորացման անհրաժեշտության, եւ, որ ուշագրավ է, դարձյալ ԵՄ հետ տնտեսական հարաբերությունների հաստատման վրա: «Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ԵՄ գծով երկխոսության առաջխաղացմանը, ենթադրում եմ, որ մենք բոլորս միակարծիք ենք, որ երկու ինտեգրացիոն միավորումների միջեւ համագործակցությունը պետք է նպաստի առանց բաժանարար գծերի ընդհանուր տարածքի ձեւավորմանը: Այս համատեքստում կարեւորություն ենք տալիս Եվրոպական հանձնաժողովի հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցությանը»,- նշել է Սարգսյանը:
Փաստորեն ստացվում է, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է ԵՄ հետ առավել սերտ ինտեգրվել ԵՏՄ-ի միջոցով, ինչն, իհարկե, բավականին զավեշտալի է հնչում:
Սարգսյանի երեկվա ելույթում, սակայն, ամենակարեւոր շեշտադրումները վերաբերում էին ղարաբաղյան հիմնախնդրին եւ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ԵՏՄ անդամ երկրների ոչ դաշնակցային արձագանքին: Ընդգծելով, որ ԵՏՄ երկրները նաեւ ՀԱՊԿ անդամ պետություններն են, Սարգսյանը նկատեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմին հետեւած ոչ համարժեք պահվածքը նաեւ վտանգում է բոլոր երկրների ընդհանուր տնտեսական շահերը, քանի որ ԵՏՄ տարածքը միջազգային գործընկերների կողմից կարող է դիտվել որպես անկայուն գոտի, հետեւաբար՝ ոչ հեռանկարային երկարաժամկետ ծրագրերի եւ ներդրումների իրականացման համար:
Իհարկե, հասկանալի է, որ այս վտանգն առանձնապես չի կարող մտահոգել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ շատ ավելի կարեւոր, ռազմավարական շահեր ունեցող ԵՏՄ անդամ երկրների որոշումների վրա, եւ այս իմաստով Սարգսյանի հարցադրումը պետք է հռետորական համարել: Սակայն արդեն Սարգսյանի հաջորդ հայտարարությունը, թե՝ Հայաստանը չի կարող անմասն մնալ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիվ գործողությունների դեպքում, շատ հաստակ ուղերձ էր, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը կգնա ցանկացած քայլի՝ ընդհուպ մինչեւ ԵՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից դուրս գալը: Ասել, թե Ղազախստանի կամ Բելառուսի նախագահները դրանից շատ կտխրեն, բնականաբար, միամտություն է, սակայն որ դա խիստ անցանկալի կլինի Ռուսաստանի համար, կասկածից դուրս է: Եւ թերեւ հենց այս համատեքստում պետք է ընկալել Սարգսյանի արած հաջորդ հայտարարությունն այն մասին, որ պատերազմի կասեցման գործում «կարեւոր դեր խաղաց Ռուսաստանը, որին Ադրբեջանը դիմել էր զինադադարի ռեժիմի վերահաստատման խնդրանքով»: