ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԽԱԲԵԼ ԵՆ, ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱ ԹՈՒՅԼ Է ՏՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Աստանայում Սերժ Սարգսյանը ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների հետ մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին: Հանդիպման ընթացում Սարգսյանը ելույթ է ունեցել` խոսելով ԵՏՄ հեռանկարների, նաեւ ԼՂՀ հակամարտության մասին:

«Ժողովուրդ»-ը երեկ այս առնչությամբ մի քանի հարց է ուղղել «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանին:
-Պարո՛ն Սաֆարյան, Սերժ Սարգսյանի՝ Աստանայում ունեցած ելույթից ի՞նչ նոր շեշտադրումներ կարող եք առանձնացնել:
-Սերժ Սարգսյանի ելույթից նկատելի է, որ Հայաստանը առանձնապես որեւէ օգուտ չունի ԵՏՄ-ից: Նա խոսում է, որ գործարարները, սպառողները, բոլորը պետք է իրենց վրա զգան ինտեգրացիոն արդյունքները, սրա տակ թերեւս հանդիմանություն է, որ այն դեռեւս տեսանելի չէ: Սերժ Սարգսյանի ելույթը խոսում է նաեւ նրա մասին, որ ԵՏՄ-ի ինտեգրացիան բավականին բարդ միջազգային տնտեսական քաղաքական վայրիվերումների պայմաններում է, բայց նկատելի է, որ Հայաստանը առայժմ կոնկրետ օգուտների մասին չի կարող խոսել:
Սերժ Սարգսյանը նաեւ ընդգծում է այն, որ Ադրբեջանն է խնդրել Ռուսաստանին կանգնեցնել ռազմական գործողությունները, իսկ ավելի ստույգ՝ հայկական հակագրոհը: Եւ, բնականաբար, ակնկալում է, որ ՀԱՊԿ-ն եւ ԵԱՏՄ անդամ երկրները նույնպես ակտիվ դերակատարում ունենան Ադրբեջանին զսպելու հարցում, բայց, իհարկե, սրանք միամիտ հույսեր են: Թերեւս Սերժ Սարգսյանն ու մենք տեսել ենք, թե ինչպես են իրենց պահում Բելառուսը եւ Ղազախստանը, չասենք Ղրղըզստանի մասին: Համենայնդեպս, երեք երկրները` Ռուսաստանը, Բելառուստը եւ Ղազախստանը, մտածելու բան ունեն, ըստ որում, նկատելի է, որ Հայաստանը նաեւ նախազգուշացնում է, որ հնարավոր լարվածության դեպքում ինքը դառնալու է հակամարտության մեջ ներգրավված կողմ: Սերժ Սարգսյանն ասում է, որ Հայաստանը չի կարող անտարբեր լինել: Սա նշանակում է, որ ՀԱՊԿ-ն լուրջ մարտահրավերներ ունի:
-Ըստ Ձեզ, ո՞րն էր այստեղ Հայաստանին ոչ ձեռնտու ձեւակերպումը:
-Ես կուզենայի ավելի խիստ լիներ Սերժ Սարգսյանը: Ի վերջո, այդ կապը՝ տնտեսական ինտեգրացիայի եւ անվտանգության խնդիրների, բավական լավ է տրված, բայց կարծես մի տեսակ զգուշավորություն կա իրերը կոչել իրենց անուններով, թե ինչպես են իրենց պահել մեր գործընկերները, այս առումով հանդիմանանքը պետք է հասցեական լիներ: Ես սպասում եմ, որ Հայաստանը պաշտոնական մակարդակով որեւէ մեկի շուրթերով հստակ կփակի այն վտանգավոր խաղը, որը սկսվել է, դա Ադրբեջանին ԵՏՄ ներքաշելն է:
-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել է, որ ԵՏՄ-ն կայացել է, որպես ժամանակակից միջազգային կազմակերպություն:
-Ինձ թվում է, որ Ռուսաստանն ուղղակի փորձում է գոյություն չունեցող բանը ներկայացնել, որպես գոյություն ունեցող: Հասկանանք, որ Պուտինը պետք է ուղղակի նման գնահատական տար, քանի որ սա իր նախագիծն էր, տապալված նախագիծը, բայց Ռուսաստանի ղեկավարը չի ուզում խոստովանել, որ այն ապագա, նաեւ ներկա չունի:
-ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանում Ռուսաստանից եկող ֆինանսական փոխանցումները զգալիորեն նվազել են, եւ այդ միտումը շարունակվում է: Ինչպիսի՞ կանխատեսում կարող ենք անել առաջիկայի համար:
-Դրան մասամբ հանգեցրել է Ռուսաստանում առկա իրավիճակը, մյուս կողմից էլ՝ Ռուսաստանի վերին աստիճանի աննրբանկատ քաղաքականությունը իր դաշնակից երկրների նկատմամբ: Ռուսաստանի կողմից վարվող քաղաքականությունը բացարձակապես ինտեգրացիոն գործընթացների ոգու ներքո չէ: Հետեւաբար պատահական չէ, որ մենք ավելի շատ խնդիրներ ունենք, քան օգուտներ, այն դեպքում, երբ ամպագոռգոռ հայտարարություններ էին արվում կապիտալի, ապրանքների, ծառայությունների, մարդկանց տեղաշարժի եւ ավելի մեծ արդյունք ստեղծելու մասին: Այս ինտեգրացիային զուգընթաց միգրացիոն քաղաքականությունը անհասկանալի դրսեւորումներ է ստանում, որին գումարվում է Ռուսաստանի վատթարացող տնտեսական իրավիճակը: Գնալով մեր հայրենակիցների մասնավոր տրանսվերտները նվազում են: Ակնհատ է, որ մինչեւ այժմ շուկաների մատչելիության խնդիրը լուծված չէ, չի էլ կարող լուծվել, որովհետեւ դրանք բոլորը փակ, մենաշնորհային շուկաներ են: Այդտեղ ինտեգրացիան չի կարող որեւէ լուրջ բան փոխել, որովհետեւ այդ երկրները իրենք տեղով օլիգարխիկ, ո՛չ ժողովրդավարական, ո՛չ ազատ շուկայական տնտեսություններ են:
-Հայաստանում կտրուկ պակասել է նաեւ ներդրումների ծավալը: Ձեր կարծիքով ի՞նչն է հանգեցրել այս վիճակին:
-Սա նույնպես ԵՏՄ-ի հետեւանքներից մեկն է, որովհետեւ Հայաստանը ԵՏՄ մտցվելով՝ խնդիր է դրվել նվազեցնել երկրի գրավչությունը օտարերկրյա ներդրումների համար: Այստեղից էլ Հայաստանը որպես ռիսկի գոտի եւ նաեւ փոքր շուկա գրավիչ չի եղել օտարերկրյա ներդրողների համար: Սրան էլ գումարվել է Հայաստանի կոռուպցիոն համակարգը, օրինականության պակասը եւ այլն: Արեւմտյան որեւէ լուրջ ֆիրմա տնտեսական հաշվարկներով ներդրում չի կատարի, եթե ինքը գիտի, որ այս երկրի տնտեսական գնացքը այլ ռելսերի վրա է դրված, եւ ինքը շատ արագ կարող է կորցնել իր կատարած բոլոր ներդրումները: Հետեւաբար, որեւէ մեկը չի էլ շտապում այդ ներդրումները կատարել: Միակ հույսը նա էր, ինչպես խոստացել էին ռուս գործընկերները ԵՏՄ-ին անդամակցելուց առաջ, որ Հայաստանում ռուսական ներդրումների հեղեղ կլինի, բայց մենք դա էլ չտեսանք եւ կարող ենք արձանագրել, որ Հայաստանին խաբել են, իսկ Հայաստանն էլ թույլ է տվել դա:

Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

 

 

 
ՀՈՒՆԻՍԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ

Սարգսյան-Ալիեւ հանդիպման, ղարաբաղյան հիմնախնդրի լուծման, քառօրյա պատերազմի պատճառների եւ այլնի շուրջ ArmLur.am-ը զրուցել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հետ:

-Պարո՛ն Տարասով, Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման նախադրյալներ տեսնո՞ւմ եք:
-Իհարկե, տեսնում եմ: ԵԱՀԿ-ի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ներկայացրել է սցենար, որը հնարավորություն կտա շփման գծում մոնիթորինգ իրականացնել եւ մեծացնում է նրա անձնական լիազորությունները: Հաշվի առնելով, որ տարածքը մեծ է, խոսքը 100 մարդու մասին է, ովքեր պետք է ֆիզիկապես ներկա լինեն: Վերահսկողությունը պետք է լինի բոլոր կողմերից: Նրանք ստիպված կլինեն աշխատել նաեւ Ստեփանակերտի իշխանությունների հետ, իսկ դա Ստեփանակերտին բանակցային կողմ է դարձնում. սկզբում՝ տեխնիկապես, ապա՝ փաստացի:
-Սակայն հանդիպումից հետո ադրբեջանական կողմը, կարծես թե, ետ կանգնեց իր կողմից ստանձնած պարտավորություններից:
-Իհարկե, Բաքուն կարող է չհամաձայնել Երեւանի հետ, սակայն ԵԱՀԿ-ի հետ չհամաձայնել չի կարող:
-Իսկ ինչո՞ւ հիմա համաձայնեցին:
-Նրանք սրել են իրավիճակը, իսկ պատերազմը հիմա ոչ մեկին ձեռնտու չէ՝ ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ էլ Ռուսաստանին: Ինձ մոտ տպավորություն է, որ պատերազմն ուղղված էր ներսում Ալիեւի ռեժիմի ամրապնդմանը: Նա փորձում էր բարձրացնել իր ռեյտինգը, սակայն որքա՞ն կմնա այդպես, դա արդեն հարց է:
-Այսօր ադրբեջանական կողմը հայտարարեց, որ պատերազմը դադարեցվել է Վլադիմիր Պուտինի հրահանգով:
-Իրենք օգտագործեցին Պուտինի խաղաքարտը: Նրանք խաղացրին մեր նախագահին: Ադրբեջանական կողմը հայտարարեց, որ Պուտինն այնտեղ կգնա, սակայն նա երբեք չէր մտադրվել գնալ այնտեղ, նրանք ասացին, որ Պուտինը ղարաբաղյան կարգավորման նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել, ապա փոխեցին, որ ԱՄՆ-ն է իր ձեռքը վերցրել:
-Այսինքն` Դուք հավատո՞ւմ եք, որ ձեռք բերված պայմանավորվածությունները գործնականում կկիրառվեն:
-Ո՛չ, չեմ հավատում: Ես կարծում եմ, որ հունիսին նախատեսված հանդիպումը չի կայանա, քանի որ Ադրբեջանը պատրաստ չէ դրան: Նախորդ հանդիպմանը Բաքվի դիվանագիտությունը չկարողացավ ապացուցել այն հաղթանակը, որի մասին իրենք խոսում էին:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

 
ԱՌԵՐԵՍՈՒՄԻՑ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ շորթման մեղադրանքով կալանավորված analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը հրաժարվում է առերեսման մասնակցել: Քննիչները քրգործով անցնող տուժողներին հրավիրել են ՀՔԾ՝ Անի Հովհաննիսյանի հետ առերեսման մասնակցելու նպատակով, սակայն քննչական գործողությունը չի կայացել, քանի որ մեղադրյալը հրաժարվել է առերեսման մասնակցել: Հիշեցնենք, որ Անի Հովհաննիսյանին եւ նրա աշխատակից Վարդիթեր Գիշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` շորթում: Նույն քրեական գործի շրջանակներում կալանավորվել է նաեւ Արտակ Գալստյանը, որը առավել հայտնի է Վանոյի Արտակ մականունով:

 

 

ԸՕ-Ն ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՑՐԵՑԻՆ
ՀՀ ընտրական նոր օրենսգիրքը «Պաշտոնական տեղեկագրի» մայիսի 30-ի համարում հրապարակվել է: ՀՀ իրավական ակտերի մասին օրենքի համաձայն՝ նոր ընդունված օրենսգիրքը կարող է ուժի մեջ մտնել ամենաշուտը հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: Սակայն ՀՀ իշխանությունները որոշել են ձեւական առումով Սահմանադրությունը չխախտելու համար արհամարհել Իրավական ակտերի մասին օրենքը: Բանն այն է, որ Սահմանադրության համաձայն՝ ՀՀ ընտրական նոր օրենսգիրքը պետք է ուժի մեջ մտներ հունիսի 1-ին: Օրենսդրության պահանջները պահպանելու դեպքում այդ պահանջը 9 օրով կխախտվեր, քանի որ ԸՕ-ն ուժի մեջ կմտներ հունիսի 9-ին: Ուստի ՀՀ իշխանությունները ԸՕ-ի վերջում պարզապես գրել են, որ այն ուժի մեջ է մտնում հունիսի 1-ից եւ վերջ:

 

 

ՀԱՆՈՒՆ ՌՈՒՍՆԵՐԻ ՍԻՐՈ
Վաղը ԱԺ Հայաստան-Ռուսաստան միջխորհրդային համագործակցության պատվիրակությունը կմեկնի Մոսկվա, այնտեղից էլ Կազան` համագործակցության 27-րդ նիստին մասնակցելու համար: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՌԴ մեկնելու համար պատգամավորների միջեւ կռիվ է ընկել: Միջխորհրդարանական պատվիրակությունն ունի 28 անդամ, որից միայն 14-ը կարող են մեկնել Կազան: Ըստ մեր տեղեկությունների՝ ՀԱԿ-ից Կազան կգնա խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, որը դեմ է եղել, որպեսզի իրենց խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը եւս մեկնի Կազան: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ Զուրաբյանի «ինադու» որոշել է Լյուդմիլա Սարգսյանին ընդգրկել մեկնողների կազմում:

 

 

ՀՀԿ-Ի ԻՆԱԴՈՒ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի՝ օրերս արված այն հայտարարությունը, թե չի բացառվում, որ շաքարավազի ներկրման համար օրենքով մենաշնորհ սահմանվի, ՀՀԿ-ական վերնախավի շրջանում, մեղմ ասած, այդքան էլ լավ չի ընդունվել: Նրանց կարծիքով Մինասյանը միտումնավոր է նման հայտարարություններ անում՝ կառավարության հեղինակությունը հանրության շրջանում էլ ավելի գցելու համար:




Լրահոս