Հայաստանի տնտեսության վատթար վիճակի մասին գնահատականները ՀՀ իշխանությունները սովորաբար ընկալում են որպես չարախնդություն եւ ըստ այդմ էլ արձագանքում են, քանի որ իրականում իրենք էլ գիտակցում են, որ տնտեսության ներկա անկումային ընթացքը որեւէ կերպ չեն կարող կասեցնել:
Երեկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա առաջին չորս ամիսների պաշտոնական վիճակագրության մանրամասն տվյալները, որոնցից տեղեկանում ենք, որ այս տարվա հունվար-մարտ ամիսներին ընդհանուր ներդրումները կազմել են 1 միլիարդ 699 միլիոն դրամ: Սա այն դեպքում, երբ անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը եղել է 60 միլիարդ 171 միլիոն դրամ:
Ինչ վերաբերում է ուղղակի ներդրումներին, անցած տարի դրանք կազմել են 35 միլիարդ 292 միլիոն դրամ, իսկ այս տարի այդ ցուցանիշը կազմել է 14 միլիարդ 987 մլն դրամ: Այսինքն՝ այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով արդեն Հայաստանի տնտեսությունում ներդրումները կտրուկ նվազել են: Հաշվի առնելով քառօրյա պատերազմի գործոնը եւ դրան հաջորդած իրադարձությունները՝ ակնհայտ է, որ ներդրումների հետ կապված վիճակն էլ ավելի է վատթարացել:
Մյուս կողմից արտերկրից Հայաստան փոխանցվող գումարները` տրանսֆերտները եւս շարունակում են նվազել: Այսպես՝ այս տարվա ապրիլին տրանսֆերտների զուտ ներհոսքը, այսինքն՝ Հայաստան փոխանցված եւ մեր երկրից արտերկիր ուղարկված գումարների դրական տարբերությունը կազմել է 38 միլիոն 631 հազար դոլար: Սա այն դեպքում, երբ անցած տարի ապրիլին նույն այդ ցուցանիշը կազմել էր 55 միլիոն 646 հազար դոլար:
Այս տարվա հունվար-ապրիլ ժամանակահատվածի ընդհանուր արդյունքով տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 131 միլիոն 260 հազար դոլար: Անցած 2015 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը եղել է 162 մլն 449 հազար դոլար: Այսինքն՝ անցած տարվա համեմատ տրանսֆերտների զուտ ներհոսքը նվազել է 24 տոկոսով: Սակայն խնդիրն այն է, որ անցած տարվա արդյունքները առանց այդ էլ շատ ցածր են եղել: Օրինակ՝ 2014 թվականի առաջին չորս ամիսներին տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել էր 312 միլիոն 879 հազար դոլար: Ստացվում է, որ տրանսֆերտների այս տարվա տվյալները երկու տարի առաջվա համեմատ երկուսուկես անգամ նվազել են: Հայաստանի տնտեսությունում սկսված անկման հիմնական պատճառներից մեկը հենց տրանսֆերտների նվազման փաստն է: Գաղտնիք չէ, որ մեր տնտեսությունը արդեն մեկուկես տասնամյակ է՝ փաստացի ապրում է դրսից ուղարկված գումարներով: Հայաստանի իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի արտերկրից եկող գումարները վերջնարդյունքում հայտնվեն իրենց գրպաններում: Այսինքն՝ նրանց մտքով չի էլ անցել, որ մի օր կարող է այնպես ստացվել, որ տրանսֆերտները դադարեն գալ, այդ դեպքում տնտեսությունն ինչպե՞ս է գոյատեւելու: Այս հարցի պատասխանը ՀՀ իշխանությունները չունեն: Միակ բանը որ իշխանությունները կարողանում են անել, դա հանքարդյունաբերող ընկերություններից պահանջում են հնարավորինս շատ պղնձի խտանյութ արդյունահանել եւ արտահանել, իսկ իրենք էլ պետական պարտքը ավելացնելու հաշվին նորանոր վարկային միջոցներ են բերում Հայաստան: Սակայն այդ ամենը շատ քիչ է տնտեսության զարգացման ներուժ դառնալու համար: Հակառակի պես էլ վերջին մեկուկես տարվա ընթացքում պղնձի միջազգային գինը մեկ տոննան 7 հազար դոլարից նվազել է մինչեւ 4 հազար 500 դոլար: Այսինքն՝ պղնձի խտանյութի արտահանումից ստացվող եկամուտները միայն միջազգային գների անկման արդյունքում 35 տոկոսով նվազել են: Այլ կերպ ասած՝ հանքարդյունաբերությունը, որը ժամանակին համարվում էր Հայաստանի տնտեսության հենասյունը, ներկա պայմաններում ոչ միայն ի վիճակի չէ ընդհանուր տնտեսությանը օգնել, այլ ընդհակառակը՝ այդ ոլորտը ներկայումս ինքնապահպանման խնդրի լուծման առջեւ է հայտնվել:
Հատկանշական է այն հանգամանքը, որ պաշտոնական վիճակագրության մեջ հնարավոր չէ գտնել որեւէ տվյալ, որը մատնացույց անելով կարող ենք ասել, թե այն փաստում է այս կամ այն ոլորտում տեղի ունեցող դրական զարգացումների մասին, որոնք առաջիկա կես տարվա, մեկ տարվա կտրվածքով Հայաստանի տնտեսությունում առաջընթացի խթան կդառնան: Իսկ այս ամենի պատճառն այն է, որ ի տարբերություն նախորդ տարիների, երբ Հայաստանի տնտեսությունն առավելապես արտաքին աշխարհի ազդեցությամբ էր զարգանում, այժմ կարող է զարգանալ միայն ներքին ռեսուրսների հաշվին: Եվ որպեսզի Հայաստանի ներքին ռեսուրսները սկսեն գործել, տնտեսվարողները պետք է համոզված լինեն, որ իրենց ջանքերը ապարդյուն չեն անցնի, եւ ոչ ոք իրենց ստեղծածն իրենցից չի խլի: Ներկա իշխանությունները այս խնդիրը չեն կարող լուծել այն պարզ պատճառով, որ իշխանական գործիչների մի զգալի մասը խոշոր գործարարներ եւ կապիտալ տնօրինող անձինք են: Իսկ ազատ մրցակցությունը ենթադրում է, որ գործարարների թիրախում նաեւ իշխանության ներկայացուցիչների կապիտալն է հայտնվելու, որովհետեւ այն Հայաստանի ընդհանուր ունեցվածքի մեծ մասն է կազմում: Երբ ասում ենք ազատ մրցակցություն, դա ենթադրում է, որ որեւէ գործարար կարող է հույս ունենալ իր մտավոր կարողություններով տիրանալ, օրինակ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի եւ մյուսների կարողությունների մի մասին: Այլ կերպ ասած՝ ազատ մրցակցությունը ենթադրում է կապիտալի մշտական տեղաշարժ, ինչը Հայաստանի պայմաններում անհնար է: Հենց դա է հիմնական պատճառը, որ ՀՀ իշխանությունների կողմից ազատ մրցակցության մասին խոսակցություններին ոչ ոք լուրջ չի վերաբերվում:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
60 ՄԼՆ ՅՈՒԱՆԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ առաջիկայում ՀՀ հանրային հեռուստաընկերությունը Չինաստանի Հանրապետությունից անհատույց կստանա 60 մլն չինական յուանի (մոտ 9 մլն դոլար) չափով օգնություն: «ՀՀ կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրով նախատեսվում է ՉԺՀ կառավարության կողմից ՀՀ կառավարությանը 60 միլիոն յուանի անհատույց տեխնիկական օգնության տրամադրում` հանրային հեռուստաընկերության համար հեռուստատեսային տաղավարի ծրագրի եւ ՀՀ այլ ծրագրերի քննարկման եւ իրականացման նպատակով: Ի դեպ, այս համաձայնագրին հավանություն տալու մասին որոշման նախագիծը կառավարության վաղվա նիստում կներկայացնի ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ
Հայաստանում դպրոցի տնօրենի պաշտոնը ժառանգելու ավանդույթ է ձեւավորվել, չնայած որ այդ պաշտոնը «ընտրովի» է: Ըստ կարգի՝ մրցույթ է հայտարարվում, հետո առաջադրված թեկնածուների միջից ընտրություն է կատարում դպրոցի խորհուրդը, որից հետո ընտրված թեկնածուի հետ պայմանագիր է կնքում համայնքապետը կամ քաղաքապետը: «Ժողովուրդ»-ին բազմաթիվ դեպքեր են հայտնի, երբ դպրոցի տնօրենի ընտրությունը ձեւական բնույթ է կրում, եւ այդ պաշտոնը գործնականում ժառանգության սկզբունքով հորից կամ մորից փոխանցվում է որդուն կամ դստերը: Օրինակ՝ Լոռու մարզի Կաճաճկուտ դպրոցի տնօրենի պաշտոնը մի եղբորից փոխանցվել է մյուսին: Այսպես՝ ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի՝ մայիսի 23-ի հրամանով Կաճաճկուտի հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնող Ղարիբ Պողոսյանն ազատվել է: Փոխարենը մայիսի 24-ին այդ պաշտոնում նշանակվել է նրա եղբայրը՝ Սեյրան Պողոսյանը: Վերջինս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իր եղբոր՝ Ղարիբ Պողոսյանի պաշտոնանկության պատճառը եղել է այն, որ ավարտվել է նրա աշխատանքային պայմանագրի ժամկետը, միեւնույն ժամանակ նաեւ նրա թոշակի տարիքն է լրացած եղել:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՓՈՂԵՐԸ
ՀՀ ԱԺ դաշնակցական պատգամավոր Միքայել Մանուկյանի դրամական միջոցները նախորդ տարվա վերջին կազմել են 20 մլն դրամ, 60 հազար դոլար եւ 30 հազար եվրո: Պատգամավորը որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը՝ ամսական 576 հազար դրամի չափով, ինչպես նաեւ 12 հազար 851 դոլարի եւ 5 մլն 525 հազար դրամի չափով փոխառություններ է ստացել: Դաշնակցական պատգամավորը հայտարարագրում նշել է նաեւ, որ ինչ-որ ընկերությունից 5 մլն դրամ է ստացել: Պատգամավորի կինը՝ Կարինա Կանդարյանը եւս պակաս ունեցվածքի տեր չէ: Նրա դրամական միջոցները 2015-ի վերջին կազմել են 21 մլն դրամ, 60 հազար դոլար եւ 35 հազար եվրո: Պատգամավորի կինը իբրեւ եկամուտ հայտարարագրել է երկու ընկերությունից ստացած 26 մլն 740 հազար դրամի չափով շահաբաժին:
ՎԱՃԱՌԵԼ Է
ArmLur.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը վերջերս վաճառել է Երեւան-Սեւան ճանապարհային մայրուղու վրա գտնվող իր գազալցակայանը: Վերջինս, սակայն, հերքել է այդ լուրը՝ հավելելով, թե չի հասկանում ինչ գազալցակայանի մասին է խոսքը: Այդուհանդերձ, Հրազդանում ակտիվ լուրեր են շրջանառվում, որ Արամ Դանիելյանին գումարն անհրաժեշտ է եղել ընտրակաշառք բաժանելու համար:
ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կաշառք վերցնելու վերաբերյալ դատապարտյալի ահազանգով: «Դատապարտյալ Կ. Ս.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ինքը մինչեւ 2015թ. հունիսը պատիժը կրել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, որտեղ պարզել է, որ նշված հիմնարկում պատիժ են կրել առողջ դատապարտյալներ, ովքեր իրենց որպես հիվանդ ձեւակերպելու եւ այդ հիմքով պատժի կրումը շարունակել թույլատրելու ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար առանձին լիազորությամբ իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող նշված քրեակատարողական հիմնարկի բժիշկներին տվել են, իսկ վերջիններս այդ ակնհայտ ապօրինի գործողությունը կատարելու համար նրանցից անձամբ յուրաքանչյուր ամիս ստացել են նախապես պայմանավորված չափի կաշառք: Միաժամանակ, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի բժիշկները, շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ իրականում հիվանդ ու անվճարունակ դատապարտյալներին որպես առողջ ձեւակերպելու արդյունքում վերջիններս առանց բուժվելու հետ են ուղարկվել տարբեր ՔԿՀ-ներ:
ԿՏԵՍՆԵ՞ՆՔ
«Հինգշաբթին դեռ առջեւում է: Մենք կհայտարարենք, ինչ որ ասել ենք, իրականացնելու ենք եւ հետեւողական ենք լինելու մեր խոստումների եւ հանձնարարությունների մեջ: Կարծում եմ՝ մեր թիմը՝ ՀՀ նախագահի գլխավորությամբ, այն, ինչի մասին բարձրաձայնել է, կիրականացնի մինչեւ վերջ: Ուղղակի, խնդրում եմ, համբերեք, որ տեսնեք, շոշափելի արդյունքներ ենք ունենալու»,- երեկ հավաստիացրել է վարչապետ Հ. Աբրահամյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու չեն երեւում կոռուպցիայի դեմ պայքարի համար սահմանված երեք շաբաթյա ժամկետի լրանալուց հետո ակնկալվող հստակ արդյունքները:
ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՀԱԿԱՌԱ՞Կ
Պատասխանելով հարցին, թե էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն առաջարկում է օրենքով ամրագրել մենաշնորհը, իսկ Դուք հայտարարել եք մենաշնորհների դեմ պայքար, արդյոք հակասություն չկա, Հովիկ Աբրահամյանն ասել է. «Չեմ կարծում, որ Արծվիկ Մինասյանը նման հայտարարություն է արել, խեղաթյուրվել է նրա խոսքը: Որեւէ նախարար կառավարությանը եւ վարչապետին հակառակ բաներ չի կարող անել»: