ԲԱՆԱԿՑԱՅԻՆ «ԿԱՆՈՆՆԵՐԻ» ԽԱԽՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՌԴ-Ի ՄԻՋՈՑՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը հայտարարել է, որ իրենք ստիպված են եղել դադարեցնելու ապրիլի սկզբին բռնկված պատերազմական գործողությունները, քանի որ այդ հարցում միջամտել են ՄԱԿ-ի, ԱԽ-ի եւ ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրները՝ հավելելով, որ այդ հարցում հիմնական դերը խաղացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ինչպես երեւում է՝ կրակի դադարեցման նախաձեռնողականության հարցում Բաքվի եւ Մոսկվայի դիրքորոշումներն ու մոտեցումները համընկնում են: Այսպես՝ Հասանովը նշում է երկու հեղինակավոր միջազգային կառույցի մասին, որոնց կողքին կարեւոր դերը հատկացնում է Ռուսաստանի նախագահին: Սրանով Բաքուն փորձում է ընդգծել այդ երկրի դերը արցախա-ադրբեջանական հակամարտության շրջանակներում՝ միջազգային հանրությանը հասկացնելով, որ ինքն այս կոնֆլիկտում որպես հարակից սուբյեկտ, ճանաչում է Ռուսաստանի Դաշնությանը՝ իր բոլոր հետեւանքներով (հարակից սուբյեկտն այն է, որն ունի թեեւ ոչ անմիջական, սակայն ռեալ ներգրավվածություն, հստակ շահեր, որի հետ հաշվի են նստում կողմերը եւ որի մասնակցությունն ունի էական ազդեցություն կոնֆլիկտի գործընթացի փոփոխության վրա): Մյուս կողմից, այս հայտարարությունն արվում է բրյուսելյան հանդիպումից հետո, որտեղ ներգրավված էին այնպիսի հեղինակավոր միջնորդներ, ինչպիսիք են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին եւ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Իսկ ինչո՞ւ Բաքուն կարող էր գնալ նման քայլի: Այստեղ առանձնացնենք երկու կարեւորագույն պատճառ:
Նախ՝ Ադրբեջանի նախագահի օգնականի խոսքը հստակ մեսիջ է Ռուսաստանին՝ ադրբեջանական քարտ-բլանշի տեսքով: Հավանաբար, Ալիեւին չեն բավարարել Վիեննայի արդյունքները, որտեղ որոշվել է ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի լիազորությունները եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման պահանջը, որով, փաստացի, Բաքուն զրկվում է ռազմական սրացումներով դիվանագիտական դիվիդենտներ կորզելու հեռանկարից: Ինչպես հայտնի է՝ այդ մեխանիզմների գործարկումով ակնհայտ ֆիքսվելու է խախտող կողմը, եւ այլեւս անհնար է լինելու անհասցե հայտարարությունների մարտավարությունը: Գաղտնիք չէ, որ այդպիսի մեխանիզմների ներդրման անհրաժեշտության գաղափարն արեւմտյան է, որը Ռուսաստանին նույնպես ձեռնտու չէ: Պատահական չէր նաեւ Վիեննայից հետո Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հնչեցրած այն միտքը, որ իրենք Կասպրշիկի գրասենյակի լիազորությունների ընդլայնման հարցով պարտավորություններ չեն ստանձնել (ճիշտ է՝ հետագայում այդ նույն պաշտոնյան ինքն իրեն հերքեց՝ ասելով, որ նման պայմանավորվածություն կա, սակայն, ինչպես ասում են, դա պատահական չէր, եւ փորձ էր արվել դնելու պարտավորություններից խուսափելու մեկնարկը):
Երկրորդ պատճառն այն է, որ հետաքննող սարքերի ներդրման դեպքում, ինչպես նշեցինք, արցախա-ադրբեջանական հակամարտությունում արեւմտյան ազդեցությունը կուժեղանա, ինչը չի կարող ձեռնտու լինել Մոսկվային, որովհետեւ դա նշանակում է զենքի վաճառքի տեմպերի թուլացում: Իսկ ռազմական մատակարարման քաղաքականությամբ Կրեմլը, ըստ էության, կարողանում է Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական բալանսի խաղարկմամբ պահպանել իր ազդեցությունը հակամարտության լուծման գործընթացում (չնայած Լավրովը Երեւանում հայտարարեց, որ անհրաժեշտ է ներդնել հետաքննության մեխանիզմները, որով կարող է զբաղվել Գերմանիան, բայց դա ավելի շատ այդ հարցը տապալելուն էր ուղղված, քանի որ այդ երկիրը շատ քիչ ազդեցություն ունի կողմերի վրա, հետեւաբար նրա միջնորդությունը կարող է տապալվել, ինչն էլ Ռուսաստանի համար եւս մեկ կանաչ լույս կվառի՝ որպես միջնորդ): Ահա, թե ինչու է Արեւմուտքի համար վստահության մեխանիզմների ներդրումը կարեւոր, որը կսահմանափակի Մոսկվայի մանեւրի դաշտը: Սա գիտակցելով էլ Ալիեւի վարչակազմը անում է Կրեմլի համար ցանկալի հայտարարություններ՝ ակնկալելով նրա միջամտությունը:
Այսպիսով պետք է արձանագրենք, որ Ադրբեջանը խաղը տանում է դեպի Ռուսաստան, որը ոչ միայն կարող է խախտել նախօրոք ձեռքբերված պայմանավորվածությունները, այլեւ ապակայունացնել փխրուն խաղաղությունը: Ակնհայտ է, որ այդ երկիրը չէր կարող մեկ օրում կերպափոխվել եւ դառնալ խաղաղ բանակցային սուբյեկտ, ուղղակի ռազմաճակատում իր պլանների ձախողումը եւ միջազգային հանրության ճնշումները, այդ թվում նաեւ՝ Ռուսաստանի, նրան ստիպեցին հանդես գալու բանակցողի կարգավիճակում: Իսկ բանակցությունը, համաձայն դասական սահմանման, ենթադրում է կողմերի միջեւ որոշակի հարցի նկատմամբ փոխադարձ պայմանավորվածություն, եթե այդ փոխադարձության սկզբունքը խախտվում է, ապա դադարում է բանակցություն կոչվել ցանկացած հանդիպում: Եւ հիմա Ադրբեջանում ձգտում են բանակցային «կանոնների» խախտումն իրականացնել մեկ այլ սուբյեկտի՝ Ռուսաստանի միջոցով:

ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 
ՊԱՀԵՔ ՁԵԶ ՁԵՐ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Տեւական ժամանակ է, ինչ կառավարության անդամները «փնտրում են» կոռուպցիան եւ այդպես էլ չեն գտնում: Ավելին՝ նրանք նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի բազմազան միջոցներ են մտածում, սակայն ապարդյուն: Եւ այդպես էլ մեր հայրենի իշխանություններին չի հաջողվում երկրի երեսից վերացնել կոռուպցիան:

Հիշեցնենք՝ մինչ գերատեսչությունների՝ կոռուպցիայի դեմ ծավալված ակտիվ պայքարը, դեռեւս նախորդ տարի նույն կառավարությունը արդեն իսկ ստեղծել էր կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ: Սակայն, ինչպես տեսնում եք, ոչ մի դրական փոփոխություն չկա, չի գրանցվում: Ինչպես հայտնի է՝ 2015 թվականի փետրվարի 19-ին ՀՀ կառավարության նիստում որոշվեց ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ: Այն ղեկավարում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը ՀՀ կառավարությունից հետաքրքրվեց՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը նիստերը ի՞նչ պարբերականությամբ է գումարում: Եւ կոնկրետ ի՞նչ ծրագրեր են մշակվել եւ հաստատվել, եթե այդպիսիք կան:
Կառավարությունից ուղարկված պատասխանից պարզ դարձավ, որ կոռուպցիայի դեմ պայքարի՝ նախորդ տարի ստեղծված խորհուրդը նիստեր է գումարում, հանձնարարականներ տալիս. «Խորհրդի նիստերը գումարվում են խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ` ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ:
Ըստ կառավարության՝ քննարկվել եւ ՀՀ արդարադատության նախարարությանը տրվել են հանձնարարականներ, որոնք վերաբերել են ՀՀ նոր քրեական եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում իրավաբանական անձանց քրեական եւ վարչական պատասխանատվություն նախատեսելուն եւ այլն: Բացի այս՝ ՀՀ արդարադատության նախարարը կառավարության քննարկմանն է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ըստ որի՝ էթիկայի հանձնաժողովին հնարավորություն կտրվի հայտարարագրման գործընթացի կանոնները խախտելու համար պաշտոնատար անձանց ենթարկել պատասխանատվության:
Սա նկատի ունենալով՝ համաձայնեք, որ կոռուպցիայի դեմ պայքարի ստեղծված խորհուրդը բավարարվում է միայն հանձնարարականներ տալով, կարգեր մշակելով, քննարկումներ անցկացնելով կամ էլ օրենքներում փոփոխություններ անելով: Ուրիշ ոչինչ: Ոչ մի առարկայական գործողություն:
Ի դեպ, կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդի կազմում են երկրի ամենակոռումպացված պաշտոնյաները (խորհրդի նախագահ՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար՝ Դավիթ Հարությունյան եւ այլք): Այսքանից հետո դժվար է սպասել դրական արդյունքների: Եւ որքան էլ վերոնշյալ պաշտոնյաների ղեկավարած խորհուրդը նիստեր գումարի եւ հանձնարարականներ իջեցնի, միեւնույն է՝ ՀՀ քաղաքացու կյանքը չի փոխվում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 
ԱՐԱԳԱՉԱՓԻՆ Ե՛Վ ԴԵՄ ԵՆ, Ե՛Վ ԿՈՂՄ
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի մի խումբ բնակիչներ դիմել են «Ժողովուրդ»-ին՝ բողոքելով իրենց գյուղի հարավային մուտքին տեղադրված արագաչափ սարքի կիրառությունից: Նրանք հիշեցնում են, որ սահմանամերձ Բերդավանում 2015թ. սեպտեմբերի 24-ին ադրբեջանական հրետակոծության հետեւանքով զոհվեց գյուղի 2 բնակիչ, եւս 2 հոգի վիրավորվեց: Ցանկացած ժամանակ ադրբեջանական զինուժը կարող է կրկին ոտնձգությունների դիմել, բերդավանցիները կանանց, երեխաներին գյուղից տարհանելու խնդիր կունենան եւ ստիպված կլինեն ավտոմեքենաները մեծ արագությամբ վարել, ինչի արդյունքում էլ արագաչափի կողմից կնկարվեն եւ տուգանքների տակ կընկնեն: Բերդավանցիները նշեցին, որ Տավուշի մարզի սահմանամերձ Ջուջեւան եւ Սարիգյուղ բնակավայրերում տեղադրված արագաչափերը անջատված են, չեն գործում: Խնդրի վերաբերյալ «Ժողովուրդը» զրուցեց Բերդավան համայնքի ղեկավար Արարատ Գաբրիելյանի հետ, ով, սակայն, նշեց, որ գյուղում տեղադրված արագաչափն անհրաժեշտ է, քանի որ դրա շնորհիվ միջպետական ճանապարհով երթեւեկող ավտոմեքենաների վարորդներն այդ հատվածում նվազեցնում են արագությունը: Ըստ գյուղապետի՝ դրա արդյունքում վթարների թիվը պակասել է: Ավելին՝ համայնքապետի խոսքով՝ գյուղի շուրջ 30 բնակիչներ իրեն են դիմել, որպեսզի Բերդավանի հյուսիսային հատվածում նույնպես արագաչափ տեղադրվի: Գյուղապետի ներկայացմամբ՝ 2015թ. սեպտեմբերի 24-ին, երբ Բերդավանը ռմբակոծվում էր, ինքը եւ համագյուղացիները Նոյեմբերյանի բժշկական կենտրոն շտապելով՝ գերազանցել են սահմանված արագությունը, իր ավտոմեքենան այդ օրը 2 անգամ նկարվել է արագաչափի կողմից, սակայն ինքը տուգանքի չի ենթարկվել: Ա. Գաբրիելյանն ասաց, որ Հայաստանի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալն իրենց հեռախոսազրույցի ժամանակ հավաստիացրել է, որ 2015թ. սեպտեմբերի 24-ին արագաչափի նկարած ոչ մի բերդավանցի տուգանքի չի ենթարկվի: Գաբրիելյանը նաեւ հավելեց, որ ադրբեջանական գնդակոծության կամ ռմբակոծության դեպքում բերդավանցիները իրենց հարազատներին տարհանում են հյուսիսային Զորական գյուղի ուղղությամբ, իսկ արագաչափը տեղադրված է գյուղի հարավային մուտքին՝ Նոյեմբերյան քաղաք տանող ճանապարհին: Այդուհանդերձ, մենք նկատեցինք, որ վիրավորների առկայության դեպքում նրանց տեղափոխում են Նոյեմբերյան քաղաքի բժշկական կենտրոն:
Ինչեւէ: Արագաչափի վերաբերյալ բերդավանցիները իրարամերժ կարծիքներ ունեն: Թերեւս եթե արագաչափերի գործունեության հետեւանքով առաջացած տուգանքները մտնեին պետական բյուջե կամ ուղղվեին երկրի պաշտպանունակության ամրապնդմանը, ոչ թե «Սեքյուրիթի դրիմ» ընկերությանը եւ ոստիկանության արտաբյուջետային հաշվին, բնակչության վերաբերմունքն արագաչափերի հանդեպ ավելի լոյալ կլիներ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս