ԳԱՂՏՆԱԲԱՌԸ ՉԻՄԱՆԱԼԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԵՂԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ԼՂՀ ՊԲ N զորամասերից մեկի մարտական դիրքում շարքային Տիգրան Հակոբյանը կրակել էր իր ծառայակից ընկերոջը` Խաչատուր Խաչատրյանին, որը տեղում մահացել էր: Երեկ՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, Տիգրանի մայրը` Էվելինա Հակոբյանը, հայտնեց, որ իր որդու արարքի մասին տեղեկացել են լրատվամիջոցներից, եւ կատարվածն իրենց համար հանելուկ է:
Նշենք, որ երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Տիգրանը Խաչատուրին վախից է կրակել: Գիշերը՝ ուշ ժամի, նրանք երկուսով դիրքերում ծառայություն են իրականացրել: Տիգրանը նիրհել է, իսկ Խաչատուրը գնացել սահմանի բարձր հատվածը՝ տեսնելու՝ արդյոք ամեն ինչ կարգին է: Արդյունքում, երբ Տիգրանն արթնացել է, սահմանից եկող ոտքերի ձայն է լսել ու շողք տեսել: Նա մի քանի անգամ ասել է. «Պառո՛լն ասա, պառոլը», սակայն որեւէ արձագանք չլսելով՝ մի ողջ պահունակ («մագազին») կրակելով դատարկել է դեպի իրեն եկող շողքի ուղղությամբ: Ավելի ուշ պարզվել է, որ սահմանից իջնողն իր ծառայակից ընկերն է եղել:
Խաչատուրի հայրը` Կորյունը, եւ եղբայրը՝ Արթուրը, գտնվում էին Ռուսաստանի Դաշնությունում եւ արդեն վերադարձել են: Երեկ՝ մեզ հետ զրույցում, հարազատներից մեկը, որի անունը հարգելի պատճառներով չենք հրապարակում, պատմեց, որ Խաչատուրի մարմնի վրա բազմաթիվ հրազենային վնասվածքներ են եղել. «Տղայի մեկ աչքը փակված վիճակում էր: Մենք գիտենք այն, ինչ դուք գիտեք, որ այդ Տիգրանը պառոլն է հարցրել, Խաչատուրն էլ չի ասել, ու հնչել են բազմաթիվ կրակոցներ»:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ ծառայակից ընկերոջը մահացու վիրավորում հասցրած Տիգրան Հակոբյանը Սյունիքի մարզի Ախլաթյան համայնքի բնակիչ է: Զրուցեցինք Տիգրանի մոր՝ Էվելինա Հակոբյանի հետ: Նրա խոսքով՝ թեեւ դեպքը տեղի է ունեցել երկու օր առաջ, սակայն իրենց այդ մասին ոչինչ չեն ասել. «Մենք երեկոյան հեռուստացույցով ենք իմացել, թե ինչ է եղել: Երբ իմացանք, ուշքներս գնաց, ու առավոտյան ժամը 08:00-ին շտապեցի մեր համայնքի զինկոմիսարիատ, ու մեզ ասացին, որ Տիգրանը ոչ թե վախից է կրակել, այլ պարզապես պառոլն է պահանջել, իսկ մահացող տղան էլ չի ասել պառոլը, ու որդիս կրակել է»:
Տիկին Էվելինայի խոսքով՝ ինքն իր որդու հետ վերջին անգամ խոսել է դեպքից երկու օր առաջ: «Տիգրանս ասաց, թե մա՛մ ջան, ամեն ինչ կարգին է: Իմ տղային ընդամենը երկու ամիս էր մնացել, որ նա վերադառնար տուն: Այս ամիսների ընթացքում իր լավ ծառայության համար մի շարք պատվոգրեր է ստացել: Մենք վատացած զանգահարել ենք զորամաս, սակայն մեզ այնտեղից ոչինչ չեն ասել, ու գիտենք այն, ինչ մեզ զինկոմիսարիատից են ասել: Հիմա էլ ոչ մի տեղեկություն չունենք, թե մեր որդու հետագա ճակատագիրն ինչ է լինելու: Տիգրանս ոչ մեկի կյանքում չի վնասել, ճանճ էլ չի խփել, ոչ մի կոնֆլիկտ այսքան ժամանակ չի ունեցել»,-ներկայացրեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ինքը մեծ ցավ է ապրել մահացած տղայի համար:  
Նրա նկարագրմամբ՝ իրենց ընտանիքում ոչ ոք չի աշխատում. «Ես տնային տնտեսուհի եմ: Ամուսինս 3-րդ կարգի հաշմանդամ է, երկու կով ունենք: Այդ է մեր ապրուստը»:
Ըստ Տիգրանի մոր՝ իրենց նաեւ տեղեկություններ են հասել, որ մահացած զինվոր Խաչատուրը թողել է իր ենթակայության տակ գտնվող սահմանը ու գնացել Տիգրանի սահման. «Մեզ նման կցկտուր տեղեկություններ են հասել, ու արդեն երեք օր հանելուկ է, թե ինչու է Խաչատուրն իր սահմանը թողել ու գնացել Տիգրանի սահման, ու հնչել է այդ կրակոցը: Խաչատուրը  չի իմացել Տիգրանի սահմանի պառոլը, դրա համար էլ չի ասել: Էլ բան չգիտենք, սպասում ենք տեսնենք՝ ինչ ենք անելու»:
Իսկ թե ինչու ՊՆ-ից որեւէ մեկը հարկ չի համարում գոնե հեռախոսազանգով տեղեկացնել կալանավորված զինվորի կարգավիճակի մասին, թերեւս կարելի է ենթադրել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս