ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է փաստաբանների պալատի վարչական շենքի բակում
Երեկ փաստաբանների պալատի վարչական շենքի բակում տեղի ունեցավ հայ մտածող-գիտնական, օրենսդիր Մխիթար Գոշի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը: Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, պատգամավորներ եւ այլ հյուրեր: Հուշարձանը ՀՀ ՓՊ-ին նվիրաբերել է ՀՀ վաստակավոր բժիշկներ, բարերարներ Կառլեն եւ Սառա Եսայանների ընտանիքը: Լուսանկարում Ա. Զոհրաբյանը բարերար Ս. Եսայանի ձեռքն է սեղմում:
ՀԱՐՑ. Կենսաթոշակառուին հասանելիք եւ նրա մահվան պատճառով չստացված կենսաթոշակի գումարը ո՞վ կարող է ստանալ եւ ի՞նչ կարգով:
Ստեփան Միլիտոնյան (51 տարեկան, հողագործ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է մահացածի ամուսնուն կամ 14 տարեկան եւ դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային անկախ կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ նույն վայրում հաշվառված լինելու հանգամանքից, իսկ ընտանիքի այլ անդամին, եթե նա, ըստ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ հաշվառված է եղել նույն վայրում: Անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի մահվան դեպքում՝ չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է նաեւ նրա օրինական ներկայացուցչին՝ ծնողին, որդեգրողին կամ խնամակալին:
Այդ գումարը վճարվում է, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաuտաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը ենթակա է ժառանգման, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո՝ տասներկու ամսվա ընթացքում:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակի գումարը ենթակա է վերադարձման ՀՀ պետական բյուջե: Ավելացնենք նաեւ, որ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մեղքով չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են անցած ամբողջ ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակի իրավունք է ունեցել:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ որո՞նք են ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների իրականացման տեսակները:
Համլետ Պետրոսյան (57 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Օտարերկրյա ներդրողներն իրավունք ունեն ներդրումներ իրականացնել հետեւյալ ձեւերով՝
ա) օտարերկրյա ներդրումներին ամբողջությամբ պատկանող ձեռնարկությունների, ինչպես նաեւ օտարերկրյա իրավաբանական անձանց պատկանող բաժանմունքներ, մասնաճյուղեր եւ ներկայացուցչություններ ստեղծելու կամ գործող ձեռնարկությունները որպես սեփականություն ձեռք բերելու միջոցով; բ) ՀՀ իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կամ ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ նոր ձեռնարկություններ հիմնադրելու կամ գործող ձեռնարկություններում բաժնեմաս ձեռք բերելու միջոցով; գ) ՀՀ օրենսդրության շրջանակներում բաժնետոմսեր, պարտատոմսեր եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ արժեթղթեր ձեռք բերելու միջոցով; դ) ինքնուրույն կամ ՀՀ իրավաբանական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ հողօգտագործման իրավունք եւ ՀՀ տարածքում բնական ռեսուրսների օգտագործման կոնցեսիաներ ձեռք բերելու միջոցով; ե) գույքային այլ իրավունքներ ձեռք բերելու միջոցով; զ) ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ ձեւերով, մասնավորապես՝ ՀՀ իրավաբանական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիների հետ կնքված պայմանագրերի հիման վրա:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ սահմանված ձեւերի օտարերկրյա ներդրումների իրականացման արգելումը կամ սահմանափակումը կարող է կատարվել միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: