ՀԱՅՀՈՅՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ՈՒ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց լեզվի անաղարտության ու հայապահպանության անհրաժեշտության մասին մեր երկրում ելույթների ու խորհուրդների պակաս երբեւէ չի զգացվել: Սակայն գործնականում որեւէ քայլ չի իրականացվում հայոց լեզուն պահպանելու համար:

Հեռուստաեթերի՝ անգամ լրատվական ու տեղեկատվական թողարկումները փողոցային լեզվապաշարով են համեմված, սերիալները «չորեքթաթ» հայերենով են հեռարձակվում, Ազգային ժողովում պատգամավորները խոսում են հայհոյանքի ժանրով, իսկ առանձին վերցրած մի քանի պատգամավորներ, ինչպիսին Սեյրան Սարոյանն է, արդեն անցել է բոլոր չափանիշներից դուրս բառապաշարի՝ իր ընդդիմախոսների մասին արտահայտվելիս ասելով «ք… են կերել»:
Բայց պարզվում է՝ մեր երկրում գոյություն ունի ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Լեզվի պետական տեսչություն, որը, համաձայն կանոնադրության, «իրականացնում է օրենքով ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը վերապահված վերահսկողական գործառույթներ եւ կիրառում պատասխանատվության միջոցներ լեզվական քաղաքականության բնագավառում՝ հանդես գալով ՀՀ անունից»:
Տեսչության ուղղակի պարտականությունն է ««Լեզվի մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ լեզվական քաղաքականության պետական ծրագրի պահանջների կատարման ապահովումը. ՀՀ պաշտոնական լեզվի՝ գրական հայերենի կանոնարկումը եւ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում նրա լիակատար գործածության ապահովումը»:
Տեսչությունը նաեւ վերահսկում է`
– պետական կառավարման եւ ՏԻՄ կողմից պետական լեզվական քաղաքականության իրականացումը.
– պաշտոնատար անձանց եւ սպասարկման առանձին ոլորտներում աշխատող ՀՀ քաղաքացիների կողմից հայերենի տիրապետման պահանջի կատարումը.
– կրթական համակարգում դասավանդման եւ դաստիարակության լեզվի` գրական հայերենի գործածության պահանջի կատարումը…» եւ այլն:
Ինչո՞վ է զբաղվում ՀՀ պետբյուջեից հսկայական միջոցներ վատնող Լեզվի պետական տեսչությունը: Այս հարցի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետ, ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության նախկին փոխնախագահ Սերգո Երիցյանի հետ:
-Պարո՛ն Երիցյան, տեւական ժամանակ է, ինչ բարձրաձայնվում է խնդիրն այն մասին, որ լրատվամիջոցներում, սերիալներում ժարգոնային բառապաշար է օգտագործվում: Դուք, որպես ոլորտի պատասխանատու, ի՞նչ քայլեր եք արել այս ուղղությամբ:
-Մենք ուսումնասիրել ենք, լրատվամիջոնցերին տեղեկացրել եւ քննարկել ենք իրենց հետ: Բավականին լուրջ փոփոխություններ կան, առիթի դեպքում կարող ենք ասել: Բայց այդ փոփոխությունները չպետք է բավարարի: Կտրուկ փոփոխություններ են պետք: Անգամ կարծում ենք, որ օրենսդրական փոփոխություն պետք է կատարվի, որը թույլ կտա տուգանքների մեծ չափեր սահմանել այն դեպքում, երբ զգուշացումը չի գործում: Հաջորդ զգուշացումները չգործելու դեպքում, երբ ուսումնասիրությունների հիման վրա ականջալուր չեն լինում այն, ինչ տվյալ պարագայում հիմնավորվել է մեր կողմից:
-Եղե՞լ են դեպքեր, երբ տուգանվողները չեն համաձայնել առաջադրված «մեղադրանքի» հետ:
-Գիտեք, ասում են, որ մենք անում ենք այդ փոփոխությունները, այդ ամենն իրականացնում ենք, բայց իրականացնում են այն չափով, ինչ չափով որ հարմար են գտնում: Այստեղ պետք է այնպիսի օրենսդրական դաշտ ստեղծել, որը հնարավորություն կտա՝ որպեսզի մեր առաջարկությունները լիովին, ամբողջությամբ իրագործվեն: Դրանից ելնելով՝ մենք առաջարկում ենք կոնկրետ օրենսդրական փոփոխություններ կատարվեն, եւ վարչական իրավախախտումների օրենսգրքում եւս փոփոխությունը հնարավորություն կտա տուգանքներ սահմանել:
-Որքա՞ն տուգանք պետք է սահմանեք, որ իրավիճակը փոխվի:
-Մոտավարոպես 300-400 հազար դրամի սահմաններում: Դա ինչ-որ չափով կարող է գործել եւ իր ազդեցությունն ունենալ:
-Մեր պատգամավորները ե՛ւ Ազգային ժողովում, ե՛ւ այլ ամբիոններից կոպիտ արտահայտություններ են թույլ տալիս:
-Ցավոք, մինչեւ հիմա օրենսդրությունն այդ ամենին չի անդրադառնում: Մենք մտածում ենք, որ սահմանադրական փոփոխություններից հետո, որում նաեւ առնչություն ունեն ԱԺ պատգամավորները, պետք է որոշակի փոփոխություններ անել, որպեսզի, երբ նրանց լեզուն մաքուր եւ անաղարտ չէ, որոշակի ազդեցության ուղղիչ միջոցներ լինեն:
-Ե՞րբ պետք է մտածեք:
-Սահմանադրական փոփոխություններից բխող մենք օրենսդրական փոփոխություններ ենք կատարելու եւ այդ մասին արդեն մտածում ենք:
-Դավիթ Մուրադյանը մի առիթով ասել էր, որ մեր լեզուն «չորեքթաթ հայերեն» է դարձել: Ի՞նչ կասեք այս մասին:
-Մեր լեզուն կա, գոյություն ունի: Լեզուն հրաշալի ինքնազարգացող մարմին է, միջոց է, հնարավորություն է: Լեզուն զարգանում է, ուղղակի պետք է լեզվին օգնել:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՔՈՉԱՐՅԱՆԸ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ՞ ԽՈՍԵԼՈՒ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ

Երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2rd.am կայքում հարցազրույց է տեղադրել, որում անդրադարձել է թե՛ ղարաբաղյան խնդրին, թե՛ կոռուպցիայի դեմ պայքարին:

«Արդեն երկու տարուց ավել է, ինչ հակառակորդի բանակը բազմաթիվ խնդիրներ էր առաջացնում գիշերային ժամերին, քանի որ հագեցած էր բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Ի՞նչն էր մեզ խանգարում ապահովել բանակը գիշերային տեսանելիության սարքերի, ջերմատեսների, գիշերային նշանառության սարքերի, կապի միջոցների եւ զորահավաքային ռեսուրսի անհատական պաշտպանության միջոցների բավական քանակով: Հարկ է անհապաղ լրացնել բոլոր առկա բացերը, ու հասկանալի է, որ աշխատանքներն այդ ուղղությամբ արդեն տարվում են»-խոսելով քառօրյա պատերազմի պատճառների եւ հետեւանքների մասին՝ ասել է նա:
Անդրադառնալով վարչապետի` կոռուպցիայի դեմ պայքարի հայտարարությանը, Քոչարյանը նշել է. «Վարչապետի հայտարարած ծրագիրը հենց այն է, ինչով կառավարությունը պարտավոր էր զբաղված լինել ամենօրյա ռեժիմով: Կոռուպցիայի, մենաշնորհների, ուռճացված պետական ապարատի մասին արդեն շատ տարիներ են խոսում բոլորը, իշխանությունը՝ այդ թվում: Ընդ որում, որքան շատ են խոսում, այնքան այդ խնդիրներն ավելի են խորանում: Դա այն է, ինչը քայքայում է երկիրը, եւ անհասկանալի է, թե ո՞վ է խանգարել կամ խանգարում իշխանություններին` լուծել այդ խնդիրները»:
ՀԱՐՑ. Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը բարոյական եւ քաղաքական իրավունք ունի խոսելու կոռուպցիայի դեմ պայքարի մասին:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Մարգարյան
-Իհարկե, ունի իրավունք, եւ կասկածելու հարկ չկա: Նա անձ է, ով ունի բավականին մեծ տեղեկատվություն եւ պատկերացում համակարգի մասին, եթե իշխանությունները հայտարարում են կոռուպցիայի հետ պայքարի կամ դրա արատավոր երեւույթների մասին, ինչո՞ւ չի կարող նույն թեմայի մասին խոսել Ռ. Քոչարյանը:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյան
-ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր կարծիքն ասել: Դա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքն է: Կարող եք լսել, կարող եք չլսել, կարող եք ընդունել, կարող եք չընդունել, կարող եք կարդալ եւ մոռանալ, կարող եք կարդալ եւ ուղեցույց դառնալ: Ամեն մարդ ինքն է որոշելու, թե ինչ վերաբերմունք կունենա դրա մասին: Բայց այն, որ մեր երկրում ցանկացած ՀՀ քաղաքացին իրավունք ունենա իր կարծիքը արտահայտելու, ուրախությամբ պետք է նշեմ, որ առնվազն հասել ենք այն մակարդակի, որտեղ խոսքի ազատության համար որեւէ մեկը չի պատժվում, եթե համեմատենք Ադրբեջանի կամ այլ երկրների հետ: Այսօրվա դրությամբ ՀՀ իշխանությունները, որ ասում են կոռուպցիայի դեմ պայքարում են, իրավունք ունեն, չէ որ իրենք էլ են նպաստել: 91-97 թթ մարդիկ, ովքեր իշխանությունում են եղել եւ խոսում են կոռուպցիայի դեմ պայքարից, ի՞նչ է, իրենց ժամանակ Հայաստանում կոռուպցիա չի եղե՞լ: Հարցն այն պետք է լինի, որ Հայաստանում իսկապես խոսքից անցնեն գործի, եթե մենք շարունակենք միայն խոսել, փորձենք ինտրիգներ ման գալ, այս կամ այն մարդու իրավունքները մեկնաբանել, սխալ է:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյան
-Ես նայել եմ հարցազրույցը, իմ հետ կապ չունի: Ռ. Քոչարյանը պետք է պատասխանի այդ հարցին:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 
ԲԱՑԱՏՐԵՑ
Նախօրեին մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն էին տարածել արդեն ուժի մեջ մտած նոր ընտրական օրենսգրքի վերաբերյալ՝ հայտնելով իրենց դժգոհությունները: Նրանք իշխանությունների առաջ պահանջ են դնում ընտրությունների վերահսկողության թուլացնող դրույթները փոխելու: Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ` պարզելու, հնարավոր է՝ առաջիկայում իշխանությունը որոշի զիջումների գնալ եւ ընդունել ՀԿ-ների պահանջները, ինչպես նաեւ հասկանալ` արդյոք օրենքի խախտում չի համարվում այն, որ պաշտոնական տեղեկագրի հրապարակումից երկու օր հետո ԸՕ-ն ուժի մեջ է մտնում 10 օրը լրանալու փոխարեն: «Տեղյակ չեմ հայտարարությունից: Ես նշել եմ` եթե մենք զգանք, որ որեւէ հարցի շուրջ կարող ենք ունենալ ընդհանուր տեսակետ, մենք կփորձենք այդ ընդհանուր մոտեցումը նաեւ կյանքի կոչել, ընտրական օրենսգրքի մեջ համապատասխան փոփոխություն կատարել: Ես չգիտեմ՝ երբ է ուժի մեջ մտնելու: Մայիսի 30-ին է հրապարակվել: Եթե չեմ սխալվում, ուժի մեջ է մտնում հաջորդը օրը, եթե նայեք տեղեկագրում, այնտեղ գրված է, թե երբ կմտնի»,-բացատրեց Սահակյանը:

 

 

ՈՎ Է ՆԵՐՎԱԾԸ
Ինչպես հայտնի է՝ մայիսի սկզբին Սերժ Սարգսյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող 6 դատապարտյալների ներում էր շնորհել: Վերջիններս պարտավորվել էին ազատ արձակվելուց հետո մեկնել Արցախ եւ անցնել զինվորական ծառայության: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ներման արժանացածներից մեկը եղել էր Արթուր Ադամյանը: Վերջինս ազատազրկման էր դատապարտվել այն բանի համար, որ ՀՀ ՊՆ Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալից ստացիոնար հետազոտման բուժման նպատակով 2014թ. ուղեգրվել էր ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալ, սակայն առանց հարգելի պատճառների զինհոսպիտալ չէր ներկայացել: Ավելի ուշ պարզվել էր, որ նա առողջական խնդիրներ չունի եւ պետք է հետ վերադառնա ծառայության, սակայն մեկ ամսից ավել ծառայության չէր ներկայացել:
ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2015 թվականի հունիսի 11-ին որոշել էր Արթուր Ադամյանին կատարած արարքի համար ազատազրկման դատապարտել 2 տարի 7 ամիս ժամկետով:

 

 

ՁԳՏԵՑ ՏԱՐԲԵՐՎԵԼ
Նախօրեին ԼՂՀ պաշտպանական բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը իր տված հարցազրույցում բավականին սուր եւ առողջ քննադատությամբ «նախշել էր» Սերժ Սարգսյանի իշխանությանը՝ ասելով, որ ռազմավարական ծրագիր՝ երկրի անվտանգության մասով, ըստ էության, չունի այս իշխանությունը: Երեկ էլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց տվեց, որն ավելի լոյալ էր, կարելի է ասել կառուցողական՝ Բաբայանի զրույցի համեմատությամբ: Այնպիսի տպավորություն է, որ Քոչարյանը փորձում է տարբերվել Բաբայանի, ասել է, թե նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի «Համախմբման» թիմից կամ էլ դեռեւս այդպես է ձեւանում:




Լրահոս