ՀԷՑ-Ի ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՆՎԱԶՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով էլեկտրաէներգիայի կորուստներն անցած տարվա համեմատ ավելի քան մեկ տոկոսով նվազել են, ինչը ենթադրում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն այսպիսով ավելի քան մեկ միլիարդ դրամի խնայողություն է ունեցել:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանում արտադրվել է 1 միլիարդ 923 միլիոն 500 հազար ԿՎտ/ժ էլէներգիա` անցած տարվա 1 միլիարդ 831 միլիոն 200 հազար ԿՎտ/ժ-ի դիմաց: Էլէներգիայի արտադրության եւ սպառման վերաբերյալ հրապարակված տվյալները փաստում են, որ ՀԷՑ-ի սեփականատիրոջ` անցած տարվա հոկտեմբերին տեղի ունեցած փոփոխության արդյունքում ընկերության կառավարման արդյունավետությունն էապես աճել է:
Սակայն հարցերի հարցը, որը անցած տարվանից հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում, վերաբերում էր ՀԷՑ-ի կորուստներին, որոնք 2015-ի տարեսկզբին 12,3 տոկոս էին, իսկ արդեն տարվա կեսին հասել էին 13 տոկոսի: Խոսքը տարվա կտրվածքով 25-ից 30 միլիոն դոլարի կորուստի մասին էր, որը ներառվում էր սպառողին մատակարարվող էլէներգիայի սակագնի մեջ: Ուստի, երբ ՀԷՑ-ի սեփականատերը փոխվեց, բոլորին ամենից շատ հետաքրքրում էր, թե արդյոք էլէներգիայի մատակարարման համակարգի կորուստները կնվազեն: Փաստորեն արդեն կարող ենք ասել, որ միջին հաշվարկով էնեգետիկ համակարգի կորուստները մոտ երկու տոկոսով նվազել են: Բայց ինչի հաշվին է տեղի ունեցել դա: Առաջին հայացքից կարող է թվալ, թե այդ արդյունքը ստացվել է զուտ համակարգի կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու շնորհիվ: Սակայն կա մի հանգամանք, որի մասին բոլորը գիտեն, մամուլը պարբերաբար դրա մասին բարձրաձայնում է, բայց պաշտոնապես այդ խնդրի մասին նախընտրում են լռել: Խոսքը էլէներգիայի, այսպես կոչված, «լեվի» օգտագործման մասին է:
Տարիներ շարունակ հանրության շրջանում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ իշխանավորներից եւ օլիգարխներից շատերի ձեռնարկությունները էլէներգիայի համար չնչին գումարներ են վճարում: Այլ կերպ ասած՝ բոլորին հայտնի է, որ Հայաստանում արտոնյալների խավ է ձեւավորվել, բայց, թերեւս, քչերի մտքով կանցներ, որ նրանք տարիներ շարունակ իրենց հսկայական դղյակների, գազալցակայանների, ռեստորանների եւ այլ օբյեկտների սպառած էլէներգիայի դիմաց սիմվոլիկ, չնչին գումարներ են վճարել: ՀԷՑ-ի սեփականատիրոջ փոխվելուց հետո առաջին փոփոխությունը վերաբերել է հենց այդ արտոնյալներին օրինական դաշտ բերելուն: Ըստ լուրերի՝ ձրի էլէներգիա օգտագործողների ցանկն այնքան երկար է եղել, ու այնպիսի անուններ են եղել, որ խնդրին լուծում տալու համար ՀԷՑ-ի նոր սեփականատեր ռուսաստանաբնակ հայ օլիգարխ Սամվել Կարապետյանն անձամբ է Սերժ Սարգսյանից ճշտել, թե արդյոք պետք է արտոնյալներ լինեն եւ բացասական պատասխան ստանալով` հրահանգել է բոլորից սկսել գումարները գանձել: Ի դեպ, ըստ լուրերի՝ այս մոտեցումը հատկապես դուր չի եկել նախկին պաշտոնյա արտոնյալներին: Իհարկե, նրանք բոլորը բիզնեսներ ունեն եւ ֆինանսապես ապահովված են, բայց ողջ խնդիրն այն է, որ նրանց դղյակները պահպանման լուրջ ծախսեր են պահանջում, եւ միայն էլէներգիայի հաշվին նրանց ամսական ծախսերը մեկից երկու միլիոն դրամով ավելացել են:
ՀԷՑ-ի գործունեության հետ կապված հաջորդ նորությունը, որ նկատելի է, վերաբերում է էլէներգիայի վճարների հավաքագրման սլաքը բնակչությունից դեպի բաժանորդների մյուս խմբերը տեղափոխելը: Մինչ այս բնակչությունից էլէներգիայի վարձավճարների հավաքագրումները կազմել են 99-ից մինչեւ հարյուր տոկոս: 35 տոկոս աղքատության պայմաններում նման ցուցանիշը, մեղմ ասած, այդքան էլ օբյեկտիվ չէ: Հասկանալի է, որ նման ցուցանիշ ունենալու համար ՀԷՑ-ի հսկիչները պարզապես մարդկանց տեռորի են ենթարկել: Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով, սակայն, բնակչությունից էլէներգիայի վճարի գանձումները կազմել են արդեն 94 տոկոս: Առաջին հայացքից կարող է թվալ, թե այս թիվը ՀԷՑ-ի համապատասխան աշխատակիցների թերացման մասին է վկայում, սակայն իրականում այն փաստում է, որ այս ընկերությունում սկսել են հնարավորինս քիչ մարդկանց «կաշին քերթել»:
Ի դեպ, չնայած էլէներգիայի ընդհանուր արտադրությունն անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ 3,5 տոկոսով աճել է, սակայն դա տեղի է ունեցել Իրան արտահանվող էլէներգիայի ծավալների կրկնակի աճի շնորհիվ: Ինչպես հայտնի է՝ «Երեւան ՋԷԿ»-ը գործում է իրանական գազով, որի դիմաց վճարում է էլէներգիայով: Իսկ էլէներգիայի ներքին սպառումը փաստացի նվազել է: Եթե անցած տարվա առաջին եռամսյակում էլէնեգիայի ներքին սպառումը կազմել էր 1 միլիարդ 606 մլն 400 ԿՎտ/ժ, այս տարի այդ ցուցանիշը եղել է 1 մլրդ 543 մլն ԿՎտ/ժ: Այսինքն՝ ներքին սպառման անկումը կազմել է մոտ 4 տոկոս:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԴԵՌ ՀԱՇՎՈՒՄ ԵՆ
Ավելի քան երկու շաբաթ է անցել Արմավիրի մարզի մոտ 17 համայնքում տեղի ունեցած կարկտահարությունից, բայց դեռ հայտնի չէ, թե ՀՀ կառավարությունը գյուղացիներին պատրաստվում է արդյոք որեւէ կերպ օգնել, թե ոչ: Բերքաշատի գյուղապետ Հարություն Չվչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ գյուղացիների կրած վնասները դեռ հաշվարկում են: Ըստ նրա՝ վնասները հաշվարկող հանձնաժողովը այսօր առավոտյան մարզպետարանին կներկայացնի իր եզրակացությունը: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ վնասներից բացի՝ քննարկվում է նաեւ կարկուտից տուժած բնակիչների վարկային պարտավորությունների խնդիրը: Մարզպետարանը հաշվարկները կներկայացի ՀՀ գյուղատնտեսության եւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարութուններին: Ըստ մարզպետի՝ քննարկում են կարկուտից տուժած գյուղացիների վարկային պարտավորությունները երկարաձգելու հարցը:

 

 

ՀԱՐՈՒՍՏ ՕԳՆԱԿԱՆԸ
ՀՀ նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը, չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է բավականին պատկառելի հարստություն կուտակել: Նա 2015 թվականի վերաբերյալ իր հայտարարագրում իբրեւ եկամուտ նշել է աշխատավարձը, որն ամսական կազմում է մոտ 627 հազար դրամ, եւ վարձակալության դիմաց ստացված վճար՝ 48 մլն դրամի չափով, ինչպես նաեւ 17 մլն 470 հազար դրամ շահաբաժնի ստացում: Անցած տարվա վերջին նրա փոխառությունները կազմել են 387 մլն 319 հազար դրամ: Սա էլ դեռ ամենը չէ: Սերժ Սարգսյանի օգնականն անցած տարի 41 մլն դրամով գնել է «Porsche Cayenne 3.6» մակնիշի ավտոմեքենա: Նրա կնոջ՝ Սոնա Առաքելյանի դրամական միջոցները անցած տարվա վերջին կազմել են 135 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ Բերբերյանի կինը հայտարարագրել է աշխատավարձ՝ ամսական մոտ 216 հազար դրամ: Սակայն առավել ուշագրավ է, որ Բերբերյանի թոշակառու մայրը 156 մլն դրամով հասարակական նշանակության շինություն է գնել, իսկ նրա փոխառությունը 2015-ի վերջին կազմել է 125 մլն դրամ: Բերբերյանի մայրը նաեւ հայտարարագրել է, որ անցած տարի 535 հազար դոլար նվեր է ստացել: Պաշտոնյայի զավակը` Արիս Բերբերյանը, որը դրամական միջոց եւ եկամուտ չի ունեցել, անցած տարի երկու հատ «Mercedes-Benz C 180» մակնիշի ավտոմեքենա է գնել՝ յուրաքանչյուրի համար վճարելով 20 հազար դոլար, եւ հետագայում դրանք վաճառել է:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՔԱՂԱՔԱՑԻ Է, ԷԼԻ
Այսօր նպատակներն այնպիսին են, որ ամենալավ գործն էլ քննադատներ է ունենում: Քաղաքացի է Ղարաբաղի կամ ՀՀ, ինքն էլ իր տեսակետն է ասում: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սամվել Բաբայանի՝ նախօրեին տված հարցազրույցում հնչեցրած քննադատությանը՝ երեկ ասել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

 

 

ՕԲԱՄԱՅԻ ՈՒՂԵՐՁԸ
Ադրբեջանը շարունակում է որոշիչ դեր խաղալ էներգառեսուրսների մատակարարման հարցում: Այս մասին ասվում է 23-րդ միջազգային ցուցահանդեսի, Caspian Oil&Gas-2016 կոնֆերանսի եւ Caspian Power-2016 կասպիական միջազգային ցուցահանդեսի մասնակիցներին ուղղված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձում: «Վերջին 20 տարիներին Ադրբեջանի համար քաղաքական եւ տնտեսական բարդ շրջանում ԱՄՆ-ն էներգետիկ ոլորտում մշտապես սերտորեն աշխատել է Ադրբեջանի կառավարության հետ»,-նշված է ուղերձում:

 

 

ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է
Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Մոսկվայի հետ երկխոսության վերականգնմանն ուղղված քայլերի մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսքերը: Հիշեցնենք՝ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան ցանկանում է վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, սակայն չի հասկանում, թե ինչպիսի առաջին քայլ է իրենից ակնկալում Մոսկվան: Պեսկովն ընդգծել է, որ իրեն իրավասու չի համարում խորհուրդ տալ որեւէ այլ երկրի նախագահի, սակայն կարող է հիշեցնել Ռուսաստանի նախագահի խոսքերը, որ ռուսական կողմն ակնկալում է «Սու-24» ինքնաթիռը խոցելու համար ներողության խնդրում, տեղի ունեցածի պատճառների պարզում, փոխհատուցման վճարում, այդ թվում նաեւ՝ զոհված օդաչուի ընտանիքին:

 

 

ԱԶԴԵՑԻԿ ՔՆՆԻՉՆ ՈՒ ԴԱՏԱԽԱԶԸ
ՀՀ գլխավոր դատախազություն եւ քննչական կոմիտե հակամարտությունը կարծես շարունակում է նոր երանգներ ստանալ: «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհիներ Շուշանիկ Բախշյանի եւ Անի Բաբելյանի վերաբերյալ քրեական գործը Շենգավիթ վարչական շրջանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանը վերադարձրել է դատախազին՝ մեղադրական եզրակացությունում առկա թերությունները վերացնելու համար: Պատճառն այն էր եղել, որ քննիչը գործով անցնող 40 վկաներից մի քանիսի տան հասցեները սխալ էր ներկայացրել, ինչը կարեւոր է: Եվ, ահա, այս տեխնիկական վրիպակը պատճառը էր դարձել, որ ՀՀ քննչական կոմիտեն եւ ՀՀ գլխավոր դատախազությունը պատերազմ հայտարարեն միմյանց դեմ:
Դատախազությունը նշել էր, թե քննիչն է տեխնիկական վրիպակ թույլ տվել, քննչականն էլ ասում է՝ բա հսկող դատախազի աչքերն ուր էին, որ չի ստուգել, այլ հաստատել եւ գործը ուղարկել է դատարան:
Հիշեցնենք, որ ծննդկան Մերի Մարգարյանի գործը քննող քննիչը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի որդին է՝ ՀՀ քննչական քննիչ Հարություն Բաղմանյանը, իսկ գործը հսկող դատախազը Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Վարդան Աբրահամյանի որդին է` Ալիկ Աբրահամյանը:

 

 

ՉՎԱԽԵՆԱԼ
Սերժ Սարգսյանը գերմանական BILD պարբերականին տված հարցազրույցում հորդորել է գերմանացի օրենսդիրներին չվախենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Բեռլինի ու Անկարայի միջեւ հարաբերությունները վատացնելու նախազգուշացումներից եւ շարժվել առաջ` ընդունելով Օսմանյան ուժերի կողմից հայերի նկատմամբ իրականացված 1915 թվականի զանգվածային կոտորածները որպես ցեղասպանություն: «Ես վստահ եմ` Բունդեսթագի պատգամավորները տեսնում են խնդիրը նույն կերպ եւ թույլ չեն տա իրենց վախեցնել: Եթե մեկը սկսում է կարճաժամկետ քաղաքական շահերի համար գնալ փոխզիջումների, ապա դա վերջանում է նրանով, որ այդ փոխզիջումները կրկին ու կրկին շարունակվում են: Եվ դա շատ վատ է Գերմանիայի համար, վատ է Եվրոպայի ու ողջ աշխարհի համար»,¬ ասել է Սարգսյանը:




Լրահոս