ArmLur.am-ը ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ քաղաքացի Խաչիկ Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հայտնել է, որ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հիշյալ բաժնի ծառայողները ծեծի են ենթարկել որդուն՝ Արկադի Մ.-ին և թոռանը՝ Հարություն Մ.-ին:
Խաչիկ Մ.-ի դիմումի հիման վրա նյութեր նախապատրաստելու ընթացքում Հարություն Մ.-ն, իսկ հետագայում ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Արկադի Մ.-ն հաղորդումներ են տվել այն մասին, որ 2016 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցներն իրենց բերման են ենթարկել հիշյալ բաժին, որտեղ ինչպես առանձին-առանձին, այնպես էլ՝ խմբով բռնություն են գործադրել իրենց նկատմամբ ու դիտավորությամբ պատճառելով մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ուժեղ ցավ, պահանջել են խոստովանել իրենց կողմից իրականում չկատարված՝ քաղաքացի Ա. Գ.-ին պատկանող բնակարանի գողության դեպքը:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու և պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ Արկադի Մ.-ի և Հարություն Մ.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: