ՀԵՐԹԱԿԱՆ «ԱՂՄՈՒԿԸ» «ՆՈՒԲԱՐԱՇԵՆ» ՔԿՀ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ դատապարտյալները աղմուկ են բարձրացրել եւ փորձել են ինքնավնասել իրենց: Բանն այն է, որ ըստ դատապարտյալների՝ ՔԿՀ նորանշանակ պետ Սերոբ Հարությունյանը դուրս է եկել ՔԿՀ-ի քրեական աշխարհի ներկայացուցիչների դեմ:

Դեռեւս մայիսի 4-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ստուգումներ էին իրականացվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, ինչի արդյունքում դատապարտյալների մոտ խիստ դժգոհություն էր առաջացել: Կալանավորների հարազատները պատմել էին, որ իրենք բանտարկյալներին դրսից սննդամթերք ու ծխախոտ են ուղարկում, որը պահվում է քրեակատարողական հիմնարկի հատուկ խցում, եւ ներքին չգրված կանոնադրության համաձայն՝ այն պետք է տարածեն, այսպես ասած, «զոն նայողները»: Այսինքն՝ որոշեն, թե ում ինչքան բաժին է հասնում ուտելիքից, որպեսզի «արդար» լինի: Այս բարքերը նոր չէ, որ դրվել եւ գործում են կալանավայրերում: Եւ որեւէ բանտապետ չէր կարող շեղվել այս եւ այլ բարքերից, նրանք ստիպված էին լինում համակերպվել ու գործել այդ պայմաններում:
Բայց երբ ստուգումներ իրականացվեցին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, խիստ չարաշահումներ հայտնաբերվեցին, ինչի արդյունքում ժամանակավոր դադարեցվեցին «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Ռուբիկ Ստեփանյանի լիազորությունները, եւ արձանագրված չարաշահումների մասով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով` հարուցվեց քրեական գործ (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը… պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով):
Նրանք կուլիսներում արդեն մեղադրում էին հանցագործ աշխարհի հետ ուղիղ կապի մեջ մտնելու համար: Դրա համար էլ նորանշանակ պետ Սերոբ Հարությունյանը դուրս է եկել դատապարտյալների եւ ՔԿՀ-ի «գողական» աշխարհի ներկայացուցիչների դեմ:
Ու այս դժգոհության մասին ահազանգեր հնչեցին «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն: Ահազանագողը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Արթուր Մելիքյանն է, որն ազատազրկման է դատապարտվել գողության համար: Նա պատմեց, որ երեկ՝ վաղ առավոտից, ՔԿՀ-ում լարված վիճակ է: «Մեր իրավունքները ոտնահարված են, եթե այսպես շարունակվի, դատապարտյալները առավել վատ քայլերի կդիմեն»,- ասաց նա:
Իսկ ի՞նչն է վրդովեցրել դատապարտյալներին. «Մեր խցում վերանորոգում է գնում: Մինչ այդ կոյուղու ջրերը լցվում էին խուցը, առաստաղը կախված էր, ու մենք որոշեցինք վերանորոգել մեր պատժախուցը: Բայց էս նոր պետը եկավ ու նախ հրահանգեց խցի դռան վրա գտնվող դիտանցքերը փակել: Հիմա ներկի հոտը լցվում է խուց, ու օդ չկա շնչելու: Նախկինում դռան դիտանցքերը բաց էին, իսկ հիմա սա էլ են փակում մեզ վրա: Դրա համար դատապարտյալները գնացին ինքնավնասման. երկու հոգի իրենց թուք են ներարկել, իսկ մեկն էլ պատրաստվում է ոտքերը մեխել»:
Բայց սա դատապարտյալների միակ դժգոհությունը չէ: Քրեակատարողական հիմնարկի 3-րդ հարկի խցի դատապարտյալներն էլ, որոնց անունները հարգելի պատճառով չենք հրապարակում, պատմեցին, որ պահանջում են կալանավայրում իրենց հասանելիք տաք կերակուրը (պետական ճաշը), սակայն չեն տալիս: Թե ինչու, դատապարտյալները չկարողացան հայտնել` կասկած հայտնելով, որ նոր պետ Սերոբ Հարությունյանը պատերազմ է հայտարարել ՔԿՀ-ի բարքերի ու քրեական աշխարհի դեմ:
«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչությունից պարզել, թե ինչ է կատարվում «Նուրաբաշեն» ՔԿՀ-ում, ինչու են դատապարտյալները հերթական անգամ աղմկում: Սակայն նկարագրված բոլոր տեղեկությունները ՔԿՀ վարչությունից հերքեցին՝ ասելով, թե «իրականությանը չի համապատասխանում»:
Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Սերոբ Հարությունյանը, որին, ըստ լուրերի, մարտի 2-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքից հեռացրեց «կրիմինալի» հետ խնջույքների մասնակցելու համար, խիստ դասեր է քաղել ու, ըստ էության, պայքար սկսել քրեականների դեմ: Որքանով այս ամենը արդյունք կտա, դժվար է ասել, բայց փաստ է, որ ՔԿՀ-ում նոր խմորումներ են:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ

2016թ. ապրիլի 17-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Աբովյան փողոցի 39 հասցեում գործող «Կրիստալ» գիշերային ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքը աղմկալի դարձավ, քանի որ միջադեպին մասնակցել են ԱԺ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Արսենյանը, Գուրգեն Գրիգորյանը, Արմեն Ներսիսյանը, Ռաֆիկ Թումանյանն ու Վարդան Վարդանյանը: Նրանցից մեկը ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող է:

Նրանք գիշերային ակումբից դուրս գալուց հետո վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում որպես զենք օգտագործվող առարկաներով` քարերով եւ փայտերով, բռնություն գործադրել միմյանց նկատմամբ` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Թեեւ կողմերից որեւէ մեկը որեւէ մեկի դեմ բողոք չի ներկայացրել, գործում տուժող չկա ներգրավված, այնուամենայնիվ, պատգամավորի որդին մեծ շուքով կալանավորվեց, նրա ընկերների նկատմամբ հետախուզում հայտարարվեց, ապա նրանք եւս կալանավորվեցին, իսկ ՊՆ աշխատակիցն ու նրա ընկերը գրավի դիմաց ազատ արձակվեցին:
ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Արսենյանը եւս, որը ինքնակամ ներկայացել էր իրավապահներին, նախօրեին՝ երեկոյան, ազատ արձակվեց: Ինչպե՞ս դա ստացվեց:
«Ժողովուրդ»-ն այս հարցի շուրջ զրուցեց ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հետ:
-Նախօրեին՝ երեկոյան, խուլիգանության բավականին ծանր հոդվածով «մեծ շուքով» կալանավորված Ձեր որդին անաղմուկ ազատ արձակվեց: Ինչպե՞ս Ձեզ հաջողվեց նրան ազատել բանտից:
-Նախ ասեմ, որ անձնական վիրավորանքներից բռնկված երիտասարդ տղաների կռիվ է, դա տղաների կռիվ է, եւ կարծում եմ՝ պետք չէ դարձնել այդքան լուրջ թեմա: Պատգամավոր եւ տաքարյուն երիտասարդ պատանիներ՝ տարբեր քաշային կատեգորիաներ են, եւ պետք չէ փոխկապակցել իրար: Երիտասարդների միջեւ անձնական վիրավորանքներից բռնկված միջադեպ է եղել, եւ ես, որպես ծնող, կատարել եմ իմ պարտքը եւ իրավական պաշտպանությունն եմ ապահովել, իսկ թե ինչ հիմքերով փոխվեց կալանավորումը, կարծում եմ՝ դա արդեն փաստաբանների բերված փաստարկների հիման վրա է արվել, որի մասին մամուլում բավականին խոսվեց, քննարկվեց, եւ կարծում եմ՝ այդ հարցով կարող եք դիմել իրենց, եթե գործի իրավական կողմն այդքան հետաքրքրում է Ձեզ:
-ԱԺ պատգամավորի՝ Ձեր կամ Ձեր գործընկերների երաշխավորագիրը ինչ-որ դեր ունեցե՞լ է այս գործում:
-Պետք է կրկնվեմ՝ պատգամավոր Գ. Արսենյանին մի խառնեք անձնական վիրավորանքների հիման վրա բռնկված երիտասարդների վեճին, ես պատգամավորին տրված իմ այդ լիազորությունից չեմ օգտվել, քանի որ օրենքով տրված իմ այդ լիազորությանն ավելի լուրջ եմ վերաբերվում, եւ այս միջադեպում այդ հնարավորությունը որեւէ կերպ կիրառելի չէր, ըստ ինձ:
-Իսկ ազդեցիկ զա՞նգ դատախազությանը կամ քննչական կոմիտեին:
-Հեռախոսային օպերատորների կամ հեռախոսավարների գործառույթներին առնչվող հարցերին չեմ կարող պատասխանել: Միայն կարող եմ վստահեցնել, որ ինքս որեւէ պատկան մարմնին այդ հարցով չեմ զանգահարել կամ անհանգստացրել: Ներկա պահին նախաքննություն է ընթանում, փաստաբանները զբաղվում են, այստեղ Գուրգեն Արսենյանն հաստատ անելիք չունի, քանի որ պատգամավոր է, այլ ոչ թե փաստաբան կամ իրավապաշտպան:
-Ստացվում է, որ Դուք մի կողմից պայքարում էիք խուլիգանների դեմ, փողոցում հայտնի դանակահարության պատմությունը նկատի ունենք, մյուս կողմից՝ իրավապահները Ձեզ ներկայացրին խուլիգանությունը այս անգամ ներսից: Ինչ-որ զուգամիտում տեսնո՞ւմ եք երկու միջադեպերի միջեւ:
-Ես կարծում եմ՝ կյանքում յուրաքանչյուր մարդ պետք է պատասխան տա իր արարքների համար, իմ որդին բացառություն չէ: Հավատում եմ, որ իրավապահ մարմինները կքննեն գործը, եւ տաքարյուն երիտասարդները կտարբերակեն կարելին չիկարելիից: Իսկ այդ Ձեր կողմից հիշատակված հայտնի դեպքի եւ այս միջադեպի միջեւ զուգահեռներ անցկացնելը, համենայնդեպս ինձ համար, նվազագույնը տարօրինակ է, եւ կարծում եմ, որ յուրաքանչյուր բանականություն ունեցող մարդ զուգահեռներ անցկացնել կամ նույն հարթության վրա չի կարող դիտարկել այդ 2 դեպքերը:
Ի վերջո, ես հավատում եմ, որ իրավապահ մարմինները 2 դեպքում էլ օբյեկտիվ կքննեն գործերը, եւ ըստ օրենքի՝ պատասխանատվություն կկրեն բոլորը: Իսկ ինչ վերաբերում է խուլիգանության դեմ պայքարին, ապա յուրաքանչյուր հասուն մարդ, հատկապես հասուն, կայացած տղամարդ, պետք է պայքարի խուլիգանության դեմ:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

 

 

 
ԿՏՐԵԼ Է ԿՈԿՈՐԴՆ ՈՒ ԵՐԱԿՆԵՐԸ
Երեկ առավոտյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կուրղինյան 21 հասցեի բնակարաններից մեկում տղամարդու դի էր հայտնաբերվել: Հայտնի էր դարձել, որ 59-ամյա տղամարդը չէր արձագանքել դռան թակոցներին, իսկ ներս մտնելուց հետո նրա դին հայտնաբերել էին հատակին: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ տղամարդը ինքնասպան է եղել:
ArmLur.am-ը-ը դեպքի մանրամասները պարզելու համար այցելեց վերոնշյալ բնակարան: Հարեւանուհիներից Իսախանյան Լենան մեզ հետ զրույցում նշեց, որ հանգուցյալը՝ Իվան Շուկը, 3 տարի էր, ինչ ապրում էր միայնակ: Կինը ՝ Լիդան, ապրում է Բանգլադեշում՝ դարձյալ միայնակ: Ունի մեկ որդի, որը գտնվում է ՌԴ-ում. «Լավ, արհեստավոր, խելոք մարդ էր, ձեռքից ամեն ինչ գալիս էր: Առավոտ գնում էր, իրիկուն գալիս: Լավ մարդ էր, արժանի չէր նման մահվան»,- ցավով պատմում էին հարեւանուհիները:
Հարեւանները մեզ հետ զրույցում ասացին, որ գազի արտահոսք են զգացել, վախեցել են եւ շտապ զանգահարել են նրա կնոջը, որը շտապելով ամուսնու բնակարան, չկարողանալով դուռր բացել՝ զանգահարել է ոստիկանություն: Ոստիկանները պատուհանից ներս են մտել եւ հայտնաբերել հանգուցյալի դին: Պարզվել է, որ նա կտրել է իր կոկորդը եւ ձեռքերի երակները: Ըստ հարեւանուհիների` ինքնասպանությունը եղել է կանխամտածված, քանի որ հանգուցյալը նախապես ներսից փակել էր դուռը: Տունն ամբողջությամբ գտնվել է արյան մեջ, տանը հայտնաբերվել է նաեւ բենզին, լոգարանում՝ դանակ, գազը եղել է բաց թողնված, տղամարդու դիակի դաստակների եւ պարանոցի վրա եղել են կտրած վնասվածքներ: ArmLur.am-ը հարեւաններից տեղեկացավ նաեւ, որ ինքնասպանությունից առաջ տղամարդը նամակ է թողել, իսկ թե ինչ է եղել նամակում, չգիտեն, քանի որ իրավապահներն իրենց հետ տարել են:
Ըստ նախնական վարկածի` տղամարդը ինքնասպան է եղել: Ավելացնենք, որ մեր՝ դեպքի վայրում լինելու պահին դուռը փակ էր, հարեւաններն ասացին, որ նրա կինը փոխել է դռան փականը եւ հեռացել:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԴԱԺԱՆ ԾԵԾԿՌՏՈՒՔ
ArmLur.am-ի փոխանցմամբ՝ երեկ դաժան ծեծկռտուք է տեղի ունեցել Երեւանի կենտրոնում: Չարենցի, Վարդանանց եւ Նար-դոս փողոցների խաչմերուկում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջեւ, ինչի հետեւանքով 1 հոգի տեղափոխվել է «Արամյանց» ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված խաչմերուկում հայտնաբերվել են «Վազ 2121» մակնիշի 10 XX 099 համարանիշի եւ տաքսի ծառայության Ford մակնիշի 34 ZV 973 համարանիշի ավտոմեքենաները: ArmLur.am-ին հաջողվել է կապ հաստատել մահացած տաքսու վարորդի հորեղբորորդու` Համլետի հետ, ով վստահաբար ասել է, որ սպանվածը` 48-ամյա Արսեն Խանամիրյանը, որեւէ խնդիր չի ունեցել. «Պատկերացում չունենք` ինչն է եղել պատճառը: Դեպքի մանրամասները դեռեւս հայտնի չեն»,- ասել է նա՝ դժվարանալով նշել` արդյո՞ք Ա. Խանամիրյանը պարտքեր կամ այլ տարաձայնություններ ունեցել է, թե ոչ: Խանամիրյանն ամուսնացած էր, ուներ երեք երեխա եւ երկար տարիներ աշխատում էր որպես տաքսու վարորդ: Հավելենք, որ փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քր. գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Երեկ՝ օրվա վերջում, կասկածյալը՝ 28-ամյա Վահրամ Վերանյանը, մեղայականով ներկայացել է ոստիկանություն եւ տվել խոստովանական ցուցմունք:




Լրահոս