ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍԵԶՈՆԻ ՍԽԱԼՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամառն արդեն այցելել է մեզ` իր հետ բերելով թարմություն, թեթեւություն, նոր գույներ ու երանգներ: «Ժողովուրդ»-ն ավելի վաղ անդրադարձել էր սեզոնի հետ կապված նորաձեւության վերջին միտումներին: Այս անգամ ընթերցողներին կներկայացնենք սեզոնի հակաթրենդները, սեփական ոճը կերտելու ճանապարհին ամենամեծ տարածումն ունեցող սխալները: Այս հարցում մեզ ուղղորդել է ոճաբան Արայիկ Գաբաջյանը:

Գույներ
Խորհուրդ չի տրվում ամռանը` հատկապես ցերեկային ժամերին, կրել մուգ գույնի հագուստներ: Փոխարենը նախընտրելի են վառ, բաց, աչք շոյող երանգները:

Մազեր
Ամռանն ամենատարածված սխալներից մեկն այն է, որ աղջիկները տանից դուրս են գալիս թափված կամ վատ հարդարված մազերով: Տաք եղանակին ցանկալի է վարսերը հավաքել:

Տաբատներ ու շորտեր
Այս ամառ ակտուալ են թեթեւ մատերիալից, լայն, հարմարավետ տաբատները, այդ թվում` ջինսերը: Հոլիդե տաբատները դեռեւս նախորդ տարվանից շարունակում են մնալ թրենդային: Այնուամենայնիվ, մոդայիկ են նաեւ կիպ ջինսերը: Ջինսե շորտերն առանց հետաքրքիր լուծումների խորհուրդ չի տրվում կրել: Սեզոնին մոդայիկ են ծաղկազարդ կտորների, պոլիէթիլենային կտորների, գիպյուրի կիրառմամբ հավելումներով մոդելները:

Շրջազգեստներ եւ կիսաշրջազգեստներ
Թեեւ մոդայիկ են լայն ձեւվածքով երկար, միջին եւ կարճ մոդելները, սակայն անպայման հարկավոր է հաշվի առնել, թե ուր եք գնում:

Բլուզներ, շապիկներ, վերնաշապիկներ
Դասական կիսաշրջազգեստների հետ կարելի է համադրել թեթեւ սպորտային վերնաշապիկներ` նուրբ կլասիկ նախշերով, գիպյուրից հավելումներով, այլ ոչ թե Թուրքիայից բերված վերնաշապիկներով, որոնց վրա առատորեն առկա են քարեր:

Կոշիկ
Այս ամառ սանդալները շատ նորաձեւ չեն, փոխարենը մոդայիկ են «նավակ» կոչվող կոշիկները` խորը բացվածքով: Բարձրակրունկներին էլ եկել են փոխարինելու բարձր պլատֆորմներով կոշիկները, որոնց ամառային մոդելներն ունեն նաեւ դասական տարբերակներ: Դրանք կարելի է կրել ընդհուպ մինչեւ երեկոյան զգեստների հետ:

Պայուսակներ
Ոճաբանը նկատեց, որ հայ աղջիկները չեն տարբերում սեզոնային եւ ոչ սեզոնային պայուսակները: Նրա խոսքով` մեր աղջիկները ամռանը կարող են կրել հաստ կաշվից կամ մորթյա պայուսակներ: Այնինչ՝ հարկավոր է կրել շատ փոքր, կողքից կախված պայուսակներ, այդ թվում` կլաչեր, որոնք պատրաստված են պոլիէթիլենային մատերիալներից:

Աքսեսուարներ
Պրակտիկ չէ ցերեկային ժամերին կրել, օրինակ, շատ մեծ բիժուներ: Կարելի է կիրառել, ասենք, փոքրիկ քարերից բաղկացած ականջօղեր, նուրբ, առանձնապես աչքի չընկնող թեւնոցներ, վզնոցներ, փոքր խաչեր, կուլոններ, կտորից պատրաստված աքսեսուարներ, որոնք ավելորդ բեռ չեն հանդիսանա ձեզ համար: «Աբադոկներից» եւս հարկավոր է ընտրել ոչ շատ աչքի զարնող մոդելներ:
Նախորդ տարի բավական թրենդային էին մեծ ապակիներով ակնոցները: Բոլորի ընտրությունը կանգ էր առնում դրանց վրա` առանց հաշվի առնելու սեփական դիմագծերի առանձնահատկությունները: Ոճաբանի համոզմամբ` հայերս, սովորաբար, դժվարությամբ ենք ակնոց ընտրում: Պատճառներից մեկն էլ մեծ քիթ ունենալն է: Նրա խոսքով` որեւէ դիզայներ չի նախատեսել ակնոց` հատուկ հայկական քթի համար: Ուստի հարկավոր է դրա ընտրության հարցում նրբանկատ լինել:

Լողազգեստ
Սա ամենամեծ ուշադրություն պահանջող զգեստներից է: Նախ` հարկավոր է հաշվի առնել, թե հանգստանալու նպատակով կոնկրետ ուր եք մեկնում: Եթե գնում եք, օրինակ, արաբական երկրներ, պետք է փակ լողազգեստներ ընտրել: Անհրաժեշտ է հաշվի նստել նաեւ մարմնի կառուցվածքի հետ: Օրինակ` գիրուկ կանայք, որոնք որովայնի հատվածում ճարպեր ունեն, պետք է փակեն այդ հատվածը: Եթե լողազգեստը փակ է, դա դեռ չի նշանակում, թե դրանով դուք պակաս սեքսուալ եք: Փակ, երկար վարտիքով լողազգեստները թրենդային են դեռ նախորդ տարվանից:
Վերջում Ա. Գաբաջյանը խորհուրդ տվեց կրել այն, ինչը հաճելի եւ հարմարավետ կլինի ձեզ համար, ամենակարեւորը` պետք չէ դառնալ նորաձեւության զոհը:

 

 

 
«ՄԹԱԳՆԱԾ ՎԻՃԱԿ ԷՐ, ՎԱԽ, ՑԱՍՈՒՄ ԿԱՐ»

Ապրիլյան պատերազմի օրերին թեեւ շատ արվեստագետներ պարզապես սիրտ չունեին ստեղծագործելու, սակայն նրանց մոտ խմորվում եւ հասունանում էին գաղափարներ, որոնք հետո պետք է կյանքի կոչվեին: Երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Ալլա Լեւոնյանը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ շուրջ 10-15 օր առաջ հեղինակել է նոր երգ` Հովհաննես Շիրազի «Էքսպրոմտ» ստեղծագործության հիման վրա. «Հիմա տարվում են երգի գործիքավորման աշխատանքները: Պատերազմի օրերին երգելու էնտուզիազմ չկար, մթագնած վիճակ էր, չարություն, վախ, ցասում կար, որոնք չէին թողնում, որ երգը ծնվեր, թեեւ դրա գաղափարն արդեն ունեի: Հետո, երբ, այսպես ասած, սառում ես, երգն ինքն իրեն վերարտադրվում է»,-ասաց նա:

Ա. Լեւոնյանը մեզ տեղեկացրեց, որ ստեղծագործության հիման վրա կներկայացնի ոչ թե տեսահոլովակ, այլ ֆիլմաշար. «Շատ մանրամասներ դեռ չեմ ուզում հայտնել, սակայն կասեմ, որ այն կլինի հաղթական, լուսավոր գործ: Լաց ու կոծ չի լինի: Այստեղ գլխավորը Շիրազի խոսքերը կլինեն, իսկ իմ երաժշտությունը կգունավորի դրանք»,-նշեց նա:
Ա. Լեւոնյանը օրերս իր մասնակցությունն է ունեցել նաեւ մեկ այլ նախագծում: Հունիսի 27-ին կլրանա վաղամեռիկ երգչուհի Վարդուհի Վարդանյանի ծննդյան 40-ամյակը: Այս առիթով Հանրային հեռուստաընկերությունը պատրաստել է մի հաղորդում, որի շրջանակում իրենց հուշերով եւ սրտի խոսքով կկիսվեն ընկերները, այդ թվում` Զարուհի Բաբայանը, Արմինկան, Արսեն Սաֆարյանը, Արսեն Գրիգորյանը եւ Ալլա Լեւոնյանը, ապա վերջիններս խմբով կկատարեն Վարդուհու երգերից մեկը:
Մենք, ընդառաջ գնալով երկրպագուների պահանջներին, Ա. Լեւոնյանից հետաքրքրվեցինք նաեւ` երբ է նա պատրաստվում հանդես գալ նոր տեսահոլովակով. «Միշտ էլ մտածում եմ այդ մասին, սակայն դրա համար հնարավորություն է պետք: Հատկապես երբ ես եմ գրում երգերս, ուզում եմ, որ դրանք անպայման ունենան տեսահոլովակներ»,-պատասխանեց նա:
Երգչուհին հավելեց, որ առաջիկայում պատրաստվում է արտերկրում հանդես գալ համերգային շրջագայություններով. «Հրավեր եմ ստացել Իսրայելից. հայկական եւ հրեական համայքների ջանքերով այնտեղ կանցկացվեն հայկական մշակույթի օրեր: Աշնանն էլ կլինեմ Կիպրոսում, բանակցություններ են տարվում նաեւ Իտալիայում համերգով ներկայանալու ուղղությամբ»:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
«ԼԵՆԻՆԳՐԱԴ»-Ը` ԵՐԵՎԱՆՈՒՄ
Ռուսական հանրահայտ «Լենինգրադ» ռոք խումբը հոկտեմբերի 19-ին համերգ կտա Երեւանում։ Այս մասին տեղեկանում ենք ռուսական եւ արտասահմանյան երգիչ-երգչուհիների համերգային ծրագրերի կազմակերպմամբ զբաղվող Forpostart Production-ի ֆեյսբուքյան էջից: Վերջինիս տարածած հայտարարության մեջ նշվում է, որ խմբի երեւանյան համերգին կհնչեն «Լենինգրադ»-ի երգացանկի լավագույն հիթերը, որոնց հոլովակները միլիոնավոր դիտումներ են ապահովել համացանցում։

 

 

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
Հունիսի 2-ին կմեկնարկի «Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները Խաչատրյանի տանը» ծրագիրը: Դրա շրջանակում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում պարբերաբար կներկայացվեն գերմանացի կոմպոզիտորների թանգարանները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից: Տուն-թանգարանի պատրաստած տեսաշարի ուղեկցությամբ կներկայացվեն նշանավոր կոմպոզիտոր Յոհաննես Բրամսի՝ Համբուրգում եւ Բադեն-Բադենում գործող թանգարանները, ինչպես նաեւ` նրա կյանքն ու ստեղծագործական ուղին:
Երեկոյի ընթացքում կոմպոզիտորի ստեղծագործությունների կատարումներով հանդես կգան «Արամ Խաչատրյան» տրիոն՝ Արմինե Գրիգորյանը (դաշնամուր), Կարեն Քոչարյանը (թավջութակ), Կարեն Շահգալդյանը (ջութակ), ինչպես նաեւ` երգչուհի Աննա Մայիլյանը եւ ալտահար Մաքսիմ Նովիկովը:

 

 

ՓՈՓԻՆՍԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է
Բրիտանացի դերասանուհի Էմիլի Բլանտը հաստատել է, որ նկարահանվելու է Մերի Փոփինսի մասին ֆիլմի սիքվելում` մարմնավորելով հրաշագործ դայակին: The Guardian-ի փոխանցմամբ` ռեժիսոր Ռոբ Մարշալի «Մերի Փոփինսը վերադառնում է» ֆիլմի նկարահանման աշխատանքներով զբաղվելու է Walt Disney Studios կինոստուդիան:
Ֆիլմի հիմքում 1930-ական թվականների Լոնդոնում բնակվող Մայքլ Բենքի եւ նրա 3 երեխաների պատմությունն է: Հենց այդ ընտանիք էլ մուտք կգործի Մերի Փոփինսը:
Ֆիլմը մեծ էկրանին կհայտնվի 2018թ. դեկտեմբերի 25-ին:




Լրահոս