Հաջորդ տարի պետք է փորձենք լուծել մի քանի կարևոր սկզբունքային հարցեր. Լևոն Մկրտչյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր այցելել է Երևանի թիվ 170 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոն և մասնակցել է “Հայոց լեզու և հայ գրականություն” առարկայի միասնական քննության մեկնարկին: Նախարարը շրջել է քննակենտրոնում, զրուցել դիմորդների հետ, քաջալերել ու հաջողություն մաղթել նրանց, այնուհետև պատասխանել դիմորդների ծնողների և լրագրողների հարցերին: Նախարարը հույս է հայտնել, որ այս տարի ևս քննությունները կանցնեն հանդարտ և բնականոն:

Նախարար Լևոն Մկրտչյանի խոսքով քննական գործընթացում բացակայում է հասարակական լարվածությունը, այն մի կողմից կապված է քննությունների այս ընթացակարգի , մյուս կողմից պայմանավորված է հատկացված տեղերի քանակով: Նա նշել է նաև որ միջին գիտելիք ունեցող ցանկացած երեխա, նույնիսկ առանց հատուկ պատրաստվածության, առանց կրկնուսույցների ծառայություններից օգտվելու հնարավորություն ունի իր ուսումը շարունակել բարձրագույն կրթական հաստատություններում: Նախարարը տեղեկացրել է, որ Գնահատման և թեստավորման կենտրոնի հետ համատեղ ԿԳ նախարարությունն ունի որոշակի ծրագրեր. “Հաջորդ տարի պետք է փորձենք լուծել մի քանի կարևոր սկզբունքային հարցեր: Տանջատելու ենք երեք գործընթաց. հիմա բոլորը կենտրոնացված են մեկ տեղում՝ և պետական պատվերը, և քննական գործընթացը, և մրցույթը: Երեքն էլ անցկացվում են թեստավորման կենտրոնում: Թեստավորման կենտրոնը պետք է իրականացնի իր հիմնական գործընթացը՝ իրակնացնի գիտելիքների գնահատում: Այնուհետև պետական պատվերը կկենտրոնացնենք մեկ համակարգում, որտեղ հիմնական շեշտադրումը կկատարենք սոցիալական բաղադրիչի վրա, այսինքն պետական պատվերի, կրթաթոշակների հսկայական զանգվածը կդնենք զուտ սոցիալապես անապահով շերտերի անվճար ուսուցման ապահովման վրա: Վերջին գործընացը կլինի այն, որ համալսարանները կհաստատեն անցողիկ շեմերը և, ըստ այդմ, մրցույթները կիրականացվեն բարձրագույն ուսումնական հաստատություններում: Այժմ մշակման փուլում է “Բարձրագույն և հետբուհական կրթության մասին” ՀՀ օրենքը, և վերջինս ունի այնպիսի ձևաչափ, որն աշխարհի շատ երկրներում ընդունված է: Այն պետության օժանդակությունն ավելի հասցեական կդարձնի, քանի որ մեր հանրապետության մի զգալի հատված, որը սոցիալական անապահով շերտերից է, հնարավորություն չունի մասնավոր կրկնուսույցների մոտ պարապելու, անգամ ընտանիքները հնարավորություն չունեն ուսանողական վարկ վերցնել: Նման երեխաներին հնարավորություն ենք ընձեռելու անվճար կրթություն ստանալ: Եվ սա է պատճառը, թե ինչու ենք ցանկանում պետական պատվերի մեջ սոցիալական հատվածը հստակեցնել:

Կրթաթոշակ կամ պետական պատվեր հասկացությունը պետք է բաժանվի երեք մասի. սոցիալական, ավելի նպատակային ուսուցման, և գիտելիքի՝ զուտ քննական արդյունքներով: Սա լուրջ բեռնաթափում կիրականացնի”- նշել է նախարարը: Լևոն Մկրտչյանի խոսքով թեստային կենտրոնացված համակարգն ունի առավելություններ օբյեկտիվության և հակակոռուպցիոն համատեքստում, բայց մասնագիտական որակի իմաստով ավտոմատ ստուգումը չի տալիս այն հնարավորությունները, որն առաջատար համալսարաններում կազմակերպում են բանավոր քննության, փոխադրությունների և էսսեների միջոցով: Նախարարն անդրադարձել է կրթության որակի հետ կապված խնդիրներին և նշել. ” Կրթության որակը խիստ կարևոր է, և հենց այստեղ պետք է վստահել համալսարաններին: Առիթ կունենանք ներկայացնել “Բարձրագույն և հետբուհական կրթության մասին” օրենքի նախագիծը, որտեղ նախարարության գործառույթներում կտրուկ բեռնաթափում է տեղի ունենալու և աճելու է համալսարանական պատասխանատվությունն ու վստահությունը: Համալսարանները պետք է պատասխանատվություն ստանձնեն, որպեսզի կարողանանք որակ պահանջել”, – ընդգծել է Լևոն Մկրտչյանը:
Ընդհանուր առմամբ դիմորդների թիվն այս տարի 11375 է, իսկ այսօր “Հայոց լեզու և գրականություն ” առարկայի միասնական քննությանը մասնակցելու հայտ են ներկայացրել 6266 դիմորդ :




Լրահոս