ԻՐԱՆԻՑ ՆԵՐԿՐՎԱԾ ԳԱԶԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանում գազի սպառումը նվազել է ավելի քան 10 տոկոսով: Նշենք, որ Հայաստան է ներկրվել 663 մլն խորանարդ մետր գազ, որից 94,3 մլն-ը Իրանից, իսկ մնացածը՝ Ռուսաստանից:

Անցած տարի ներկրված գազի ծավալը եղել է 737 միլիոն 900 հազար խորանարդ մետր, որից 92,5 մլն-ը՝ Իրանից: Ստացվում է, որ իրանից ներկրված գազի ծավալներն ավելացել են, իսկ Ռուսաստանից ներկրումը նվազել է 76,7 մլն խորանարդ մետրով:
Ի դեպ, հիշեցնենք, որ Իրանից գազը ներկրվում է «Երեւան ՋԷԿ»-ի համար, որի դիմաց Հայաստանը վճարում է էլեկտրական էներգիայով: Ու չնայած ընդհանուր ցուցանիշում ներառվում է, սակայն մնացած հաշվարկներում այն չի ընդգրկվում: Մասնավորապես, էներգետիկ ոլորտի գազի սպառման ծավալներում այն չի հաշվարկվում:
Երբ ուսումնասիրում ենք սպառողների առանձին խմբերի օգտագործած գազի ծավալները, ակնհայտ է դառնում. Հայաստանում գազի սպառման անկումն հիմնականում պայմանավորված է այն փաստով, որ էներգետիկ ոլորտի, կամ ավելի կոնկրետ՝ Հրազդանի երկու ՋԷԿ-երի կողմից սպառվող գազի ծավալների կտրուկ՝ մոտ 40 մլն խորանարդ մետրով նվազել է: Իսկ բնակչության սպառած գազը ավելի քան 11 մլն խորանարդ մետրով ավելացել է, ինչը պայմանավորված է այն փաստով, որ այս տարվա ձմեռը եւ մարտ ամիսը անցած տարվա համեմատ ավելի ցրտաշունչ էին: Ինչ վերաբերում է արդյունաբերության գազի սպառմանը, ապա այն նվազել է 5 մլն խորանարդ մետրով: Այս փաստն իր հերթին հիմնականում պայմանավորված է ցեմենտի արտադրության ծավալների անկմամբ:
Ի դեպ, վերջին տարիների կտրվածքով առաջին անգամ նվազել են նաեւ գազալցակայանների օգտագործած գազի ծավալները: Անցած տարվա առաջին եռամսյակում գազալցակայանները սպառել էին 106 մլն 100 հազար խորանարդ մետր գազ, իսկ այս տարի այդ ցուցանիշը կազմել է 103 մլն 700 հազար խորանարդ մետր:
Այն փաստը, որ արդյունաբերության սպառած գազի ծավալները նվազել են, պայմանավորված է Հայաստանի տնտեսությունում առկա անկումային վիճակով: Ինչն իր հերթին հանգեցրել է ընդհանուր բնակչության գնողունակության անկման, քանի որ գազով լիցքավորվող ավտոմեքենաների թվաքանակի անընդհատ ավելացման պայմաններում գազալցակայանների կողմից գազի սպառման անկումը միայն ընդհանուր գնողունակության անկմամբ կարող է բացատրվել:
Իսկ ինչ վերաբերում է սպառված գազի դիմաց վճարումներին, ապա այս տեսանկյունից, ինչպես միշտ, ամենաանպարտաճանաչը էներգետիկ ոլորտի ձեռնարկություններն են: Փաստորեն Հրազդանի երկու ՋԷԿ-երն այս տարվա առաջին եռամսյակում իրենց սպառած գազի գումարի միայն 83 տոկոսն են վճարել: Հիշեցնենք, որ նշված ՋԷԿ-երի սեփականատերը նույն «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունն է: Այլ կերպ ասած՝ «Գազպրոմ-Արմենիան» ինքնիրեն գազ է վաճառում, բայց դրա գումարը նորմալ չի հավաքագրում: Փոխարենը բնակչության վճարումներն այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով 99 տոկոս են կազմել:
Իսկ, ահա, գազալցակայանների դեպքում նույնիսկ գերավճարի հետ գործ ունենք, քանի որ վճարումները կազմել են 106 տոկոս, արդյունաբերության դեպքում նույնպես գերավճար է եղել՝ 16 տոկոսի չափով: Էներգետիկ ոլորտից բացի՝ թերվճարում առկա է նաեւ միայն բյուջետային կազմակերպությունների դեպքում, որտեղ այդ ցուցանիշը ընդամենը 3 տոկոս է կազմել:
Նշենք, որ առաջին եռամսյակի արդյունքներով՝ գազի փոխադրման համակարգում կորուստները կազմել են 25 մլն 400 հազար խորանարդ մետր, իսկ բաշխիչ համակարգում կորուստները եղել են 12 մլն 900 հազար խորանարդ մետր: Ըստ այդմ, գազի համակարգում ընդհանուր կորուստը կազմել է 38 մլն 300 հազար խորանարդ մետր, որը ընդհանուր ներկրված գազի 6 տոկոսն է կազմում: Անցած տարվա առաջին եռամսյակում գազի կորուստի ծավալը ճիշտ այնքան է եղել, որքան այս տարի: Կարելի է կարծել, որ խողովակներից գազը կայուն կորում է եւ կապ չունի, թե որքան է ներկրվում կամ բաշխվում սպառողներին:
Ամեն դեպքում, հաշվի առնելով այն փաստը, որ այս տարի ներկրված եւ սպառված գազի ծավալներն անցած տարվա համեմատ տասը տոկոսով նվազել են, ստացվում է, որ կորուստների տեսակարար կշիռն աճել է մոտ մեկ տոկոսով՝ 5-ից դառնալով 6:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՏԵՂԱՓՈԽԵՑԻՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
Երեկ գրել էինք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Մելիքյանից ահազանգ էր ստացվել այն մասին, որ ՔԿՀ-ում դատապարտյալները չեն ենթարկվում նորանշանակ ՔԿՀ պետի հրամաններին, ինչի արդյունքում նրանցից երկուսը թուք են ներարկել իրենց: Երեկ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ թուք ներարկած երկուսը, որոնցից մեկը եղել է դատապարտյալ Արթուր Մելիքյանը, տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, որտեղ նրանց պետք է վիրահատության ենթարկեն:

 

 

ՑՈՒՑՄՈՒՆՔ Է ՏՎԵԼ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ պաշտոնատար անձանց անուններն օգտագործելով՝ խոշոր չափերի գումարներ հափշտակելու կամ հայտնի ֆինանսական բուրգի գործով մեղադրյալ Արթուր Անդրեասյանի մայրը՝ Փառանձեմ Հակոբյանը, ՀՔԾ-ում ցուցմունք է տվել Արտակ Գալստյանի՝ Վանոյի Արտակի դեմ: Տիկին Փառանձեմն այս գործով դատավարության ժամանակ մշտապես հայտարարել է, որ իր որդու գլխին սարքել է Արտակ Գալստյանը: Մեզ հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց նաեւ Փառանձեմ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Ա. Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի՝ արդեն նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի, Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ Երեւան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի անունները շահարկելու միջոցով տարբեր քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերով գումարներ եւ անշարժ գույք հափշտակելու համար:
Իսկ Արտակ Գալստյանին ՀՔԾ-ն օրերս կալանավորեց հատուկ քննչական ծառայությունում քննվող analitik.am կայքի տնօրենի կողմից շորթման առիթով հարուցված քրգործի մեղադրանքով: Նախաքննությամբ պարզվել է, որ 2015թ. աշնանը Արտակ Գալստյանը՝ տնօրեն Անի Հովհաննիսյանի հետ, նախնական համաձայնությամբ, խմբով մեկ այլ քաղաքացուց առանձնապես խոշոր չափի շորթում է կատարել: Արդյոք այդ քաղաքացին Փառանձեմ Հակոբյանն է, թե այլ անձ, առայժմ մեզ պարզել չհաջողվեց:

 

 

ԴԵՍՊԱՆՈՒՀՈՒ ԳՆՈՒՄՆԵՐԸ
Վիետնամի Սոցալիստական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռաիսա Վարդանյանը նախորդ տարի 45 մլն 600 հազար դրամով գնել է մեկ անհատական բնակելի տուն եւ 3 մլն 800 հազար դրամով հողամաս: Դեսպանի փոխառության գումարը տարեվերջին կազմել է 1 մլն 400 հազար դրամ: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի՝ դրամական միջոցները կազմել են 135 մլն 400 հազար 700 դրամ եւ 727 հազար 360 եվրո: Իսկ որպես եկամուտ Ռաիսա Վարդանյանը հայտարարագրել է իր աշխատավարձը՝ ամսական 2900 դոլար եւ տրված փոխառության դիմաց ստացած տոկոսը՝ 34 մլն 491 հազար 165 դրամը:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՆՈՐ ՌԵՖԵՐԵՆՏ
Սերժ Սարգսյանի կարգադրությամբ Արտյոմ Սեդրակյանը նշանակվել է ՀՀ նախագահի ռեֆերենտ:

 

ՆՈՐ ԶՈՀ
Հունիսի 2-ին` ժամը 09:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Խորեն Դերենիկի Հարությունյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
 

ԿՈՉՈՒՄԸ ԲԱՐՁՐԱՑՐԻՆ
Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրով գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
Քոթանջյանը պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ԱՌՀԻ) պետն է, պաշտպանության նախարարի խորհրդականը։

 

ՆԱԵՎ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ
Կառավարության երեկվա նիստում որոշվել է սահմանել սոցիալական օգնություն` ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված կամ մահացած, կամ անհայտ կորած, կամ հաշմանդամ ճանաչված, զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց համար: Նախագծում ամրագրված է. «Եթե կամավորականը զոհվել է, անհայտ կորել է կամ մահվան պատճառ հանդիսացած, կամ հաշմանդամություն առաջացրած վնասվածքը, կամ խեղումը ստացել է հակառակորդի նախահարձակ գործողությունների հետեւանքով, ապա զոհված կամ անհայտ կորած կամավորականի ընտանիքի անդամի, հաշմանդամ ճանաչված կամավորականի սոցիալական պաշտպանությունն իրականացվում է՝ համապատասխանաբար ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողի, ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած զինծառայողի ընտանիքի անդամի եւ ՀՀ պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»:

 

ՆՈՐ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՈՒՆ
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երեւան քաղաքի Մաշտոցի զինկոմիսարիատի 2-րդ բաժնի պետ, փոխգնդապետ Շանթ Ավետիսյանը: «ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցների հետեւողական աշխատանքի շնորհիվ առանձնակի խոշոր չափի կաշառք` 5000 ԱՄՆ դոլար, ստանալու ժամանակ ձերբակալվել է Երեւան քաղաքի Մաշտոցի զինկոմիսարիատի 2-րդ բաժնի պետ, փոխգնդապետ Շանթ Ավետիսյանը»,-սոցցանցի իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:




Լրահոս