ԻՆՉՈՒ ԳԵՐՄԱՆԻԱՆ ՈՐՈՇԵՑ ՀԻՄԱ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի Բունդեսթագը երեկ ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ, ընդ որում, ձայների տպավորիչ պատկերով ընդամենը մեկ դեմ: Բանաձեւի ընդունումը, ինչպես եւ սպասելի էր, բավական ցավոտ արձագանք ունեցավ Թուրքիայում: Վարչապետ Բինալի Յըլդըրըմը այդ որոշումը անվանեց ծիծաղելի:

Սակայն Գերմանիայի պես հեղինակավոր երկրի կողմից Օսմանյան Կայսրության՝ մարդկության դեմ կատարած հանցագործության իրավական գնահատականը Թուրքիայի համար պարզապես չի կարող ծիծաղելի լինել: Այս որոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում առնվազն կարող է միջազգային քաղաքական օրակարգ ձեւավորել: Չնսեմացնելով Բեռլինի կատարած քայլի բարոյական կողմը՝ փորձենք հասկանալ դրա քաղաքական դրդապատճառները, որոնք կարեւոր դերակատարություն, այնուամենայնիվ, ունեցել են: Գերմանիան երկար ժամանակ այդ հարցում ցուցաբերում էր բավական զգուշավորություն, սակայն վերջին տարիներին այդ մոտեցումն աստիճանաբար փոխվեց: Անկարայի ու Բեռլինի հարաբերություններում որոշակի թյուրընկալումներ ու անվստահություն ի հայտ եկան: Նման անվստահության հիմքը, կարելի է ասել, բավական բազմաշերտ էր. խոսքը վերաբերում է թե՛ երկու երկրների, այսպես կոչված, էլիտար հարաբերություններին, թե՛ էթնիկ փոքրամասնություններին, թե՛ միգրացիոն խնդիրներին:
Նախ՝ պետք է նշել, որ արդեն երկար տարիներ Թուրքիան փորձում է եվրոպական այդ երկրին համոզել թուլացնելու միգրացիոն քաղաքականությունը: Պահանջ-առաջարկը չէր կարող բավարարել ԳԴՀ-ին, քանի որ այնտեղ, առանց այն էլ, բնակվում է 3 միլիոնից ավել էթնիկ թուրք, որոնք ապրում են բավական կոմպակտ, եւ դա արդեն սոցիալ-քաղաքական ու մշակութային լուրջ խնդիր է: Մերկելի կառավարությունը, որը սկզբնական շրջանում կողմ էր Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը, կամաց-կամաց սկսեց հետ կանգնել այդ մտքից՝ հասկանալով, որ 75 միլիոնանոց իսլամական երկիրը կարող է լուրջ ազդեցություն ունենալ եվրոպական քաղաքականության վրա եւ առաջացնել մշակութային խնդիրներ: Սա չէր կարող վրիպել թուրքական իշխանությունների աչքից, որոնք պարբերաբար փորձում էին գերմանական իշխանության վրա ճնշումներ բանեցնել՝ օգտագործելով այնտեղ բնակվող էթնիկ թուրքերի գործոնը: ԳԴՀ-ն էլ, ի պատասխան թուրքական ակտիվացումների, կիրառում էր Հայոց ցեղասպանության «մահակը»: Դեռեւս անցյալ տարի՝ ապրիլի 23-ին, նախ՝ նախագահ Գաուկը դատապարտեց Ցեղասպանությունը, ապա՝ արտգործնախարար Շտայնմայերը հետեւեց նրան: Էրդողանը տվեց պատասխանը, որն էլ կարելի է համարել երկու երկրների հարաբերությունների սրման երկրորդ փուլը: Դրանից մի քանի շաբաթ հետո նա, այցելելով Գերմանիա, հանդիպել էր այնտեղ բնակվող էթնիկ թուրքերին եւ արել բավական զգայուն հայտարարություն: Քննադատելով գերմանական կառավարության կողմից իրականացվող ինտեգրացիոն քաղաքականությունը՝ Էրդողանը կոչ էր արել իր հայրենակիցներին կառչած մնալ իսլամական ավանդույթներին: Բնական է, որ սա հարաբերությունների վատթարացման նախադրյալ էր: Գնալ ուրիշ երկիր, քննադատել եւ սեփական ազգակիցներին, ովքեր, սակայն, տվյալ պետության քաղաքացիներ են, կոչ անել ապրելու այլ հասարակության օրենքներով ու կանոններով, սա չէր կարող աննկատ մնա: Թուրքիայի ղեկավարի այդ ոչ դիվանագիտական պահվածքը պետք է ստանար արժանի պատասխան: Լավագույն պատասխանը, որից Թուրքիայում գրեթե սարսռում են, Հայոց ցեղասպանության հարցն է: Այսօր վերջնականապես Բեռլինը գնաց կտրուկ գործողությունների՝ ըստ էության, Անկարային բացահայտ մարտահրավեր նետելով: Բունդեսթագի կողմից բանաձեւի ընդունմամբ էլ ցույց տրվեց, որ այդ հարցում կա միասնականություն կառավարության եւ պառլամենտի միջեւ, ասել է, թե ամբողջ պետական ապարատի ու հասարակության: Սրանով էլ դրվեց սրացման երրորդ փուլի մեկնարկը:
Պատասխանը չուշացավ. այդ երկրի վարչապետն ու նախագահը հանդես եկան կոշտ հայտարարություններով, մինչեւ անգամ վարչապետը հիշատակեց 3.5 միլիոն թուրքերի գոյության մասին: Սակայն պետք է նշել, որ թուրքական էլիտան այս հարցում ցուցաբերում է բավական զգուշավորություն՝ հաշվի առնելով իր տարածքում բնակվող 15-20 միլիոն քրդերի գործոնը: Այդ հարցն էլ Բեռլինի ձեռքում բավական լավ հաղթաթուղթ է: Այն կարող է օգտագործվել ցանկացած պահի, մանավանդ, որ սրացումների համար մեծ ջանքեր պետք չեն. քրդերն առանց այն էլ բավական ռադիկալ են: Հաշվի առնելով գերմանական հատուկ ծառայությունների պատրաստվածության աստիճանը, որը Եվրոպայում համարվում է լավագույններից մեկը, նրանք կարող են հայտնի «proxy» կամ սուրրոգատ՝ միջնորդավորված, պատերազմի միջոցով Թուրքիայում քաղաքական անկայունությունը հասցնել գագաթնակետին:

ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

ԿՐԿԻՆ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
Երեկ կառավարության շենքի դիմաց կրկին հավաքվել էին Կոնդի բնակիչները, որոնք պահանջում էին հանդիպում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: «Ոչ թե ցուցարար ենք, այլ պահանջատեր ենք, մենք պահանջում ենք մեր բնակարանները, որտեղից մեզ դուրս են հանել, արդեն 10 տարի է, եւ չգիտենք, թե ինչքան կտեւի այս իրավիճակը: Մեզ անընդհատ խաբում են: Էստեղից էնտեղ են ուղարկում, եւ ոչ մեկը բավարար պատասխան չի տալիս: Ի՞նչ է մտածում այս ղեկավարությունը, չենք հասկանում, նախագահից սկսած՝ ստում են»,- նշում են զայրացած բնակիչները: «Ինչ է նշանակում այսքան տարի վարձով փողոցներում թափառել: Մեզ դա ընդհանրապես հաճելի չի: Շատ խիստ պահանջում ենք եւ մինչեւ վերջ պայքարելու ենք մեր խնդիրը լուծելու համար: Մենք կառավարության ամեն նիստին գալիս ենք, բայց մեզ չեն ընդունում, մեզ արհամարհում են»,-նշում են խաբված բնակիչները:
Ի դեպ, երեկ կառավարության դիմաց էին նաեւ Հյուսիսային պողոտայի խաբված բնակիչները, որոնք 13 տարի շարունակ բողոքում են՝ պահանջելով իրենց բնակարանների համար փոխհատուցում վճարել: «2004 թվականից մեր տները քանդեցին, խոստացել էին 1ք/մ-ի համար վճարել 1000 դոլար, բայց վճարեցին 270-300 դոլար, մեզ ծեծելով-ջարդելով մեր տներից վռնդեցին»,- պատմում է բնակիչներից մեկը, ում տեղեկացմամբ՝ վարչապետի հետ հանդիպել են սահմանադրական հանրաքվեի նախօրյակին. «Մեզ վարչապետը սիրով ընդունեց, խոստացավ, որ հարցին լուծում կտա, հավատացինք, գնացինք «այո» քվեարկեցինք, բայց խաբեցին»: Նրանք դժգոհում են, որ բնակիչներից ոչ մեկին բնակարան չեն հատկացրել, փոխարենը տրամադրել են չնչին գումարներ: Ըստ նրանց՝ վարչապետ Հ. Աբրահամյանը խոստացել է հարցին լուծում տալ, բայց մինչեւ հիմա ոչինչ չի փոխվել: «Իսկ հիմա նա մեզ չի ընդունում, գոնե պատասխան տա, ասի՝ չեմ կարող անել, մենք էլ գնանք, մեր տները նստենք»,-բողոքում են խաբված բնակիչները:

 

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեր երկրում ստեղծված բարդ իրավիճակի պայմաններում խոսքի ազատությունն ու մամուլի անկախությունը դառնում են ոչ միայն ժողովրդավարության կարեւոր ատրիբուտներից մեկը, այլեւ հզոր զենք հասարակության ձեռքին։

Մենք՝ թերթերի ու կայքերի ներքոստորագրյալ խմբագիրներս, գիտակցում ենք գրավոր խոսքի ուժն ու դրա հետ կապված պատասխանատվության անհրաժեշտությունը, որն արտաքին քաղաքական մարտահրավերների, պատերազմական իրավիճակի պարագայում առանձնահատուկ կարեւորություն է ստանում, ուստի անհրաժեշտ ենք համարում հայտարարել, որ
– Զանգվածային լրատվության դաշտում պրոֆեսիոնալիզմի, բարեխղճության, պատասխանատվության խնդիրներն այսօր ավելի քան կարեւոր են, եւ մամուլում ծագած լրջագույն խնդիրների լուծման համար խմբագիրների եւ մի խումբ լրագրողների բարի կամքն այլեւս բավարար չէ։ Մի կողմից թերթերը կորցնում են վաճառքից ստացվող եկամտի ավանդական աղբյուրները, մյուս կողմից չեն կարողանում մրցակցել առցանց լրատվամիջոցների հետ, որոնց մի մասը հայտնվել է անվերահսկելի դաշտում, գործում է օրենքներից ու բարոյական նորմերից դուրս եւ անարգել, անվճար օգտվում է թերթերի աշխատանքի արդյունքներից՝ չարաշահելով լրագրողի կարգավիճակը։ Մեծ թվով կայքեր իրենց այցելուների մի հսկայական զանգված ապահովում են թերթերի մամուլի տեսությունների, այլ լրատվամիջոցներից գողացված տեղեկությունների եւ հոդվածների շնորհիվ։ Իսկ գրագողությամբ, շորթմամբ ու քաղաքական ահաբեկչությամբ զբաղված լրագրողներն ու լրատվական հարթակները վարկաբեկում են հասարակությանը ծառայող ԶԼՄ-ներին, վնասում մեր հեղինակությանը։
– Ժամանակն է, որ կարգավորվի առցանց լրատվամիջոցների դաշտը: Քանի որ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2003 թվականին, ուստի անհնար է դարձել դրա միջոցով կարգավորել օրեցօր զարգացող տեխնոլոգիական հնարավորություններից բխող իրավահարաբերությունները: Արդյունքում այսօր հայտնվել ենք մի իրավիճակում, որ ինտերնետային շատ կայքեր հաճախ միայն անվանում ունեն` չունենալով իրավական որեւէ կարգավիճակ: Ասել է, թե թողարկման պատասխանատու չունեցող կայքերը ստեղծվել են կամ արագորեն վերածվում են գործիքի տարբեր անձերի եւ ուժերի ձեռքին նրանց մրցակիցների, երբեմն նաեւ իրենց համար անցանկալի լրատվամիջոցների ու նրանց ղեկավարների դեմ։ Մամուլին բնորոշ կանոններով չաշխատող կայքերը լրատվության հետ կապ չունեն եւ իրենց գործունեությամբ աղտոտում են լրատվական դաշտը:
Ուստի Կոչ ենք անում.
1. Պատկան մարմիններին՝ փոխել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ, որոնցից մեկը կարող է լինել օրենքի 11-րդ հոդվածի պարտադիր կիրառումը նաեւ լրատվական օնլայն հարթակների համար: Պետք է կայքի տեսանելի հատվածում տեղադրվի ինֆորմացիա` մատնանշելով լրատվամիջոցի հասցեն, հեռախոսահամարը, թողարկման պատասխանատուի, խմբագրակազմի տվյալները, ինչպես արվում է թերթերի դեպքում։ Այլապես նրանք պետք է համարվեն բլոգային դաշտի ներկայացուցիչներ, բայց ոչ լրատվամիջոցներ՝ դրանից բխող հետեւանքներով:
2. Հարկային մարմիններին՝ հսկողություն սահմանել առցանց լրատվամիջոցների գործունեության եւ գովազդային մուտքերից հարկերի վճարման գործընթացի նկատմամբ։
3. Վերը նշված պայմանները չբավարարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների՝ պետական համակարգի տարբեր կառույցների աշխատանքը լուսաբանելու համար ներկայացված հավատարմագրման հայտերը չբավարարել։ Նաեւ հայտարարում ենք, որ մենք պատրաստվում ենք սկսել դաշտի առողջացման գործնական փուլ, որի ընթացքում այլ քայլեր եւս կիրականացվեն։
1. «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյան
2. «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյան
3. Առցանց Aravot.am կայքի խմբագիր Աննա Իսրայելյան
4. «168 ժամ» թերթի եւ 168.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյան
5. «Ժամանակ» օրաթերթի եւ 1in.am կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյան
6. «Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյան
7. «Իրատես» թերթի եւ irates.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյան
8. «Հայկական ժամանակ» օրաթերթի եւ armtimes.com առցանց կայքի գլխավոր խմբագիր Լուսինե Բարսեղյան
9. «Հրապարակ» օրաթերթի եւ Hraparak.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան
10. «Մեդիամաքս» մեդիա ընկերության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյան
11. «Չորրորդ իշխանություն» թերթի եւ chi.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյան
12. yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Ագնեսա Խամոյան
13. panorama.am կայքի գլխավոր խմբագիր Անահիտ Ոսկանյան
14. A1plus.am կայքի տնօրեն Մեսրոպ Մովսեսյան
15. «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյան




Լրահոս