ՈՐ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՓՈՂ ՅՈՒՐԱՑՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ 10 տարի է, ինչ գործարկվել է Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ ճանապարհը: Այն կառուցվեց, որպեսզի սահմանագոտում երթեւեկությունը զերծ պահվեր ադրբեջանական զինուժի ոտնձգություններից: Սակայն «Լինսի» հիմնադրամի միջոցներով 2003-2004թթ. կառուցված շրջանցիկ ճանապարհն ամենեւին էլ չի լուծում անվտանգության խնդիրը: Թեեւ ճանապարհը հեռացվել է սահմանագոտուց, սակայն այն գրեթե ամբողջությամբ բաց է եւ խոցելի ադրբեջանական հրետակոծության համար: Բացի այդ, նոր ուղին երկուսուկես անգամ երկարացրեց Ոսկեպար-Կիրանց ճանապարհը: Շրջանցիկ ճանապարհի երկարությունը 11 կմ է, այն ձգվում է լեռնային բարդ տեղանքով, ինչը ձմռան ամիսներին խիստ դժվարացնում է հատկապես բեռնատարների երթեւեկը: Վարորդներն այն հաղթահարելու համար վառելանյութի լրացուցիչ ծախս են կատարում, հավելյալ ժամանակ կորցնում:
Խորհրդային տարիներին կառուցված շուրջ 4 կմ երկարությամբ ճանապարհը ձգվում էր սահմանագոտով եւ խիստ վտանգավոր էր: Նոյեմբերյանի բնակիչները գիտեն, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Իջեւան-Նոյեմբերյան ուղու այս հատվածում կա շրջանցիկ հին ճանապարհ: Նրանք ափսոսանք են հայտնում, որ այդ կարճ եւ անվտանգ ճանապարհը չվերակառուցվեց: Նոյեմբերյանցիների կարծիքով՝ կարելի էր ավելի ցածրադիր տեղանքով, ավելի կարճ եւ անվտանգ ճանապարհ կառուցել:
Ինչո՞ւ «Լինսի» հիմնադրամի միջոցներով ավելի կարճ ու անվտանգ շրջանցիկ ճանապարհ չկառուցվեց: Նոյեմբերյանի ճանապարհաշինարարներից մեկը «Ժողովուրդ»-ի թղթակցին պատմեց, որ ինքն ապշահար է եղել` պատահաբար տեսնելով ճանապարհաշինարար  ընկերության մեկ օրվա աշխատանքների կատարողականի դիմաց «Լինսի» հիմնադրամից վճարման ենթակա հսկայական գումարների վերաբերյալ գրառումը:
Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին՝ 2006-2007թթ., պետբյուջեի 700 մլն դրամ ֆինանսավորմամբ կառուցվեց նաեւ սահմանագոտին շրջանցող մեկ այլ ուղի՝ Բաղանիս-Ոսկեպար 6.3 կմ երկարությամբ ճանապարհը: Զարմանալի է, որ բարդ, լեռնային տեղանքով ճանապարհի շինարարությունը վստահվեց ճանապարհաշինության ոլորտում այդքան էլ փորձ չունեցող «Էներգոցանցշին» ԲԲԸ-ին: Այս ընկերությունը ոչ միայն շրջանցիկ ճանապարհի կառուցման ժամկետը խախտեց, այլեւ նախահաշիվը: Կառավարությունը, փոխանակ դրա համար այդ ընկերությանը տուգաներ, 2007թ. սեպտեմբերի 27-ի որոշմամբ լրացուցիչ 67 մլն 962 հզ. դրամ գումար հատկացրեց «Էներգոցանցշին»-ին: Այս կազմակերպությունը շրջանցիկ ճանապարհը կառուցելու ընթացքում մեծ վնաս պատճառեց ճանապարհի հարեւանությամբ գտնվող տան տիրոջը` Աղաբեկ Սահակյանին: Երկու հենափայտով քայլող, առողջական ծանր վիճակում գտնվող բաղանիսցի այս ծերունին մաշեց Հայաստանի դատարանների դռները, սակայն այդպես էլ չկարողացավ իր առանձնատան կրած վնասների դիմաց «Էներգոցանցշին»-ից փոխհատուցում ստանալ: Հավելենք, որ Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ ճանապարհը սողանքային գոտում է: Ծավալվող սողանքի դեմ պայքարելու համար պետական բյուջեի լրացուցիչ ֆինանսավորմամբ ճանապարհի եզրին՝ ցանցերի մեջ, քարակույտեր` գաբիոններ են տեղադրել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս