ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության տվյալներով՝ Մեղրի գետի ավազանում ներկայումս շահագործման իրավունք ունի 6 հանքավայր: Բացի այս՝ երկրաբանական ուսումնասիրություններ են իրականացվելու եւս 7 մետաղական հանքավայրերի եւ երեւակումների տարածքներում: Ստացվում է, որ Մեղրի գետի ավազանում՝ ընդամենը 336 քառակուսի կմ տարածքի վրա, նախատեսվում է շահագործել 13 մետաղական հանքավայր: Իսկ Մեղրի գետի ջրից խմելու, կենցաղային, ոռոգման եւ այլ նպատակներով օգտվում են ոչ միայն մեղրեցիները, այլեւ տարածաշրջանի բնակիչները:
Մեղրի գետի ավազանում շահագործման իրավունք ունեցող 6 հանքավայրերն են՝ Լիճքի պղնձի, Մեղրասարի, Լիճքվազ-Թեյի, Տերտերասարի ոսկու, Այգեձորի պղինձ-մոլիբդենային կենտրոնական եւ Թխկուտի տեղամասերի հանքավայրերը:
Սրանցից, օրինակ, Լիճքի պղնձամոլիբդենային հանքավայրը գտնվում է Լիճք գյուղի մոտ՝ Մեղրի քաղաքի եւ այլ բնակավայրերի խմելու ջրամատակարարման ջրաբաշխիչ համակարգի սանիտարական գոտում: Հանքավայրի շահագործումը նախատեսվում է իրականացնել բաց եղանակով մոտ 40 տարի, ինչը կարող է լուրջ վնասակար ազդեցություն թողնել Մեղրի գետի ջրի եւ խմելու ջրամատակարարման համակարգի վրա: Այս խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանի հետ, ով հայտարարեց, որ որոշակի հարցեր են առաջացել, սակայն դրանք լուծելի են: Ըստ Մեղրիի քաղաքապետի՝ հանքավայրը բաց եղանակով շահագործելու դեպքում մեղրեցիների համար նախատեսված ջուրը վերցնելու ակունքները կփոխվեն: «Ես վաղուց պայմանավորվածություն եմ ձեռք բերել, եթե հանքավայրը շահագործվի, ապա մեր խողովակները իրենց միջոցներով կփոխվեն եւ այլ տեղից ջուր կվերցնենք, որպեսզի մեկը մյուսին չխանգարի: Թեեւ այս թեման արդեն քանի տարի է, ինչ արծարծվում է, բայց հանքավայրը դեռեւս ո՛չ բաց, ո՛չ փակ եղանակով չի գործել: Տեղյակ էլ չենք՝ այն, ի վերջո, կշահագործվի՞, թե՞ ոչ»,- նկատեց մեղրեցի քաղաքապետը: Ապա հիշեց, որ հարեւան Տաշտուն գյուղում, երբ պետք է հանքավայրի համար ֆաբրիկա կառուցվեր, բնապահպանների կողմից մտահոգություններ հնչեցին. «Եւ չնայած սրան՝ կառուցվեց ֆաբրիկան, բայց արդեն 4-5 տարի է, ինչ չի աշխատել եւ չի աշխատում: Հիմա մենք չգիտենք՝ հանքավայրը բացվելո՞ւ է, թե՞ ոչ»:
Իսկ, ահա, Լիճքի գյուղապետ Հովհաննես Միրզոյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով Լիճքի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործմանը, հայտարարեց, որ գյուղում պարբերաբար հասարակական լսումներ են տեղի ունեցել: Սակայն գյուղի բնակիչները հիմնականում դեմ չեն արտահայտվել, քանի որ հանքավայրի շահագործման դեպքում, նրանք կապահովվեն աշխատանքով, ինչի կարիքը խիստ ունեն:
Ի դեպ, USAID-ի «Մաքուր էներգիա եւ ջուր» ծրագրի կողմից կազմած «Հարավային ջրավազանի կառավարման պլանի նախագծի» տվյալներով՝ Մեղրի գետի ջրի որակը լավ (2-րդ) դասի է, բացառությամբ գետի միջին հոսանքի մոտ 3 կմ-անոց, Թխկուտ գյուղից մինչեւ Վարդանիձոր գյուղն ընկած հատվածը, որտեղ ամռան եւ գարնան ամիսներին դիտվել է ջրի վատ (5-րդ) որակի դաս: Պարզվել է, որ այդ մասում ջուրն աղտոտված է մի շարք մետաղներով՝ քրոմ, երկաթ, մանգան, կոբալտ, նիկել եւ այլն, որոնք էլ հենց հանքարդյունահանման հետեւանք են:
Եւ այս ամենի պատճառը ընդամենը մի քանի տարի շահագործված Լիճքվազ-Թեյի, Այգեձորի եւ Տերտերասարի հանքավայրերի տարածքում ձեւավորված մակերեւութային հոսքաջրերն ու ընդերքօգտագործման թափոնների կուտակումներից առաջացած հետադարձ հոսքերն են: Բացի այս՝ բնապահպաններն անհանգստացած են այն հանգամանքով, որ գարնանային հորդացումների եւ ամառային վարարումների ժամանակաշրջանում, ձնհալքի եւ հորդառատ անձրեւների հետեւանքով, հանքավայրերից ձեւավորված մակերեւութային հոսքաջրերը՝ հագեցած հանքանյութի բարձր պարունակությամբ, լցվում են ջրային պաշարների մեջ՝ աղտոտելով գետերի այդ հատվածները:
Իսկ տարվա չորային ժամանակահատվածում հանքավայրերի տարածքից պղնձով, մոլիբդենով, քրոմով, մանգանով եւ այլ ծանր մետաղներով հագեցած փոշին քամիների միջոցով տեղափոխվում է մոտակա տարածքներ ու բնակավայրեր՝ աղտոտելով բնական միջավայրը եւ առաջացնելով մարդու առողջության համար բարձր ռիսկեր:
Հատկապես մեծ վտանգ են ներկայացնում եւ ջրի աղտոտման հիմնական պատճառ են հանդիսանում Թխկուտ գյուղի մոտ՝ անմիջապես Մեղրի գետի ողողատում գտնվող Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի արդյունաբերական թափոնների լցակույտերը: Դրանք, ըստ բնապահպանների, ուղղակի անտերության են մատնված: Նշենք, որ այդ հանքավայրը ժամանակին շահագործել է «Սիփան-1» ՍՊԸ-ն, այնուհետեւ ավստրալիական «Այբիրիան Ռիսորսիզ» եւ «Թամայա Ռիսորսիզ» ընկերությունները: Թեեւ 2010 թվականից շահագործումը դադարեցվել է, սակայն գետի աջ ափին՝ նրա հունից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող լցակույտերի արդյունքում ձեւավորված մակերեւութային հոսքերը, ներհոսելով Մեղրի գետ, աղտոտում են այն ծանր մետաղներով: Իսկ գետի ջրի որակի բարելավման ընթացքում ծանր մետաղները չեն հեռանում ջրային էկոհամակարգից, այլ կուտակվում են հատակային շերտում՝ աղտոտելով գետի հունը:
Արդյունքում, Թխկուտ բնակավայրից ներքեւ Մեղրի գետի ջուրը դառնում է խմելու, կենցաղային օգտագործման եւ ձկնաբուծության համար ոչ պիտանի:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԵՂԱՆԱԿԸ ՀՀ-ՈՒՄ
Հանրապետության տարածքում` հունիսի 3-ին առանձին շրջաններում, 4-7-ը շրջանների մեծ մասում կեսօրից հետո եւ գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում հունիսի 3-7-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում կա կարճատեւ անձրեւի եւ ամպրոպի հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: