Խաղը մեկնարկեց. Բաբայանին վերադարձնողների համար նա ընդամենը քարոզչական ռեսուրս է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ ակնհայտ դարձավ, որ Հայաստանի քաղաքական որոշակի շրջանակներ որոշել են ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի վրա խաղադրույք իրականացնել, ակնհայտ էր, որ այս նախաձեռնությունը ոչ մի լավ բան չի խոստանում:

Սամվել Բաբայանի հարցազրույցից հետո էլ հասկանալի դարձավ, որ Արցախի երբեմնի տերուտիրականը վերադարձել է վրեժ լուծելու մղումով: Ուստի ուշագրավ էր, թե նա ինչպես իրեն կդրսեւորի Արցախում, տեղի իշխանություններն ինչպես կարձագանքեն նրա վերադարձին: Այն հանգամանքը, որ Սամվել Բաբայանի այցելությունը իր հայրենիք որոշվել էր լուրջ քարոզչական իրադարձության վերածել, արդեն իսկ հուշում էր, որ ամեն ինչ հարթ ու խաղաղ չի անցնելու:

Քառօրյա պատերազմից հետո հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը հաշվի առնելով՝ հայ հանրության մեծամասնությունը մի պահ մոռացության էր մատնել հայկական երկու պետությունների իշխանությունների հանցավոր եւ կոռումպացված բնույթը: Հատկապես Արցախի իշխանությունների հետ կապված հայկական լրատվական դաշտում, հանրության ակտիվ մասի մոտ ակամա համընդհանուր զինադադար էր հայտարարվել: Սակայն ակնհայտ էր, որ Բաբայանի վերադարձից հետո վերջինս նույնպես ամեն ինչ կանի, որպեսզի Արցախի իշխանությունների շուրջ ձեւավորված անդորը խախտվի: Դրանում համոզվելու համար շատ կարճ ժամանակ պահանջվեց՝ ընդամենը մեկ օր: Փաստորեն Սամվել Բաբայանը Արցախ այցելեց հունիսի 5-ին, եւ արդեն հաջորդ օրը նրա վերադարձը քարոզող ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանը դաժան ծեծի ենթարկվեց:

Արցախի իշխանությունները ցանկության դեպքում կարող են բացահայտել ԼՂՀ խորհրդարանի պատգամավորի վրա հարձակված անձանց եւ նրանց պատասխանատվության ենթարկել: Բայց ե՛ւ բացահայտելու, ե՛ւ չբացահայտելու դեպքում արդեն Արցախի իշխանությունները փաստացի ստանձնում են Խանումյանի ծեծի պատասխանատվությունը: Առավել հավանական է, որ հենց երկրորդ տարբերակով էլ իրադարձությունները կզարգանան, եւ չի բացահայտվի գործը: ԼՂՀ իշխանությունները այդպիսով Սամվել Բաբայանի կողմնակիցներին հստակ հասկացնում են, որ նրանց դեմ օգտագործվող գործիքների հարցում չեն պատրաստվում խտրականություն դնել: Հաշվի առնելով, որ ինքը՝ Սամվել Բաբայանը եւս Արցախի տերուտիրականը լինելու տարիներին ում հետ ինչպես ցանկացել վարվել է ու ոչնչով կաշկանդված չի եղել, ուստի նրա կողմնակիցներից շատերի համար Խանումյանի ծեծը կարող է առավել քան հստակ ուղերձ լինել:

Ինչեւէ, Սամվել Բաբայանն առայժմ շարունակում է հայտարարել, թե չի պատրաստվում քաղաքական գործունեություն ծավալել, սակայն բոլորի համար էլ ակնհայտ է, որ այդ հայտարարություններն ընդամենը քարոզչական հնարքներ են` «ազգովի խնդրեցին, եկա»-ի էֆեկտ ստանալու համար: Ուստի առավել ուշագրավ է, թե Բաբայանին Հայաստան վերադարձրած քաղաքական շրջանակները երբվանից եւ ինչպես նրան կսկսեն բացահայտ խաղարկել 2017-ի ԱԺ ընտրություններին միտված քաղաքական գործընթացներում: Ինքը՝ նախկին «կամադույշչին», որքան էլ ցանկանա, միեւնույն է՝ քաղաքական լուրջ ակնկալիքներ չի կարող ունենալ: ՀՀ ԱԺ պատգամավորի համար անհրաժեշտ երկու` վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու եւ Հայաստանում մշտապես բնակվելու պահանջներից առնվազն մեկին նա չի բավարարում: Սամվել Բաբայանը վերջին չորս տարիներին Հայաստանում չի բնակվել: Այս մասին նաեւ նա ասաց Ստեփանակերտում: Ուստի ակնհայտ է, որ իրեն վերադարձնողների համար նա ընդամենը քարոզչական ռեսուրս է: Այս տեսանկյունից բացառված չէ, որ Հայաստանում եւս մենք ականատես կդառնանք Բաբայանի անձի հետ ուղղակի կամ անուղղակի կապվող սկանդալների: Քարոզչական տեսանկյունից այդ ամենն առավել քան ձեռնտու է նրան վերադարձրած շրջանակներին. եթե իշխանությունները Բաբայանի դեմ գործողություններ են իրականացնում, նշանակում է՝ նրանից վախենում են, իսկ եթե վախենում են… ու այսպես շարունակ:

Այսինքն՝ այս քարոզչական հնարքի միջոցով փորձ է արվում վերականգնել «նախկինների» մի կոնկրետ խմբի հանրության շրջանում կորսված հեղինակությունը: Ժամանակը ցույց կտա, թե որքանով նրանք կհաջողեն: Սակայն մեկ բան ի սկզբանե պետք է արձանագրենք. Հայաստանի հանրային ընկալումը վերջին տարիներին էապես փոխվել է եւ առաջվա պես հեշտությամբ չի տրվում քարոզչական շահարկումներին: Եւ այս իմաստով Բաբայանն ափսոս է, նա հերոս կերպար է, եւ չպետք է փոշիացնել նրա վաստակը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս