ՄԱՐԶԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

11 ՏԱՐԻ ԱՆՑ
Արդեն 11 տարի Հայաստանի հավաքականը ըմբշամարտ մարզաձեւից աշխարհի չեմպիոն չուներ։ Հիշեցնենք, որ վերջին անգամ 2002թ. այդ տիտղոսը նվաճել էր Արամ Մարգարյանը:
Եվ ահա Բուդապեշտում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնության հենց առաջին օրն ազատ ոճում Հայաստանին նոր ոսկի պարգեւեց 66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը՝ հաղթելով Ռումինիայի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Կուբայի ներկայացուցիչներին: Դա աշխարհի առաջնություններում մեր երկրի ներկայացուցիչների նվաճած 8-րդ ոսկե մեդալն էր։ Իսկ մինչ այդ, հիշեցնենք, ազատ ոճից չեմպիոն դարձել են՝ Արա Գեւորգյանը՝ 1995թ., 1997թ., 1998թ., Արամ Մարգարյանը՝ 2002թ.։ Հունահռոմեական ոճի մեր չեմպիոններն են՝ Աղասի Մանուկյանը՝ 1993թ., Մնացական Իսկանդարյանը՝ 1994թ., Վաղինակ Գալստյանը՝ 2001թ.։

ՎԱՏ ԵՆ ԿԱՌՈՒՑԵԼ
Սեպտեմբերի 9-ին փլուզվել էին «Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ-ին պատկանող հանրակացարանային մասնաշենքի բուժկետի եւ սանիտարական սենյակի՝ 30 քմ մակերեսով երկաթբետոնե հատակները:
Քոլեջի տնօրեն Արմեն Գաբրիելյանը դեպքի վայր այցելած ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանին ներկայացրել էր իրավիճակը, եւ նախարարը հանձնարարական էր տվել գտնել լուծումներ՝ մարզադպրոցի աշխատանքները բնականոն հունով կազմակերպելու համար: ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի եզրակացությամբ՝ 1970թ. կառուցած մասնաշենքը չի եղել վթարային, փլուզման պատճառը կառուցման ժամանակ թույլ տված սխալներն են:
«Ժողովուրդ»-ը ՊՈԱԿ-ի տնօրինությունից տեղեկացավ, որ ստեղծվել է հանձնաժողով, որոշ եզրակացություններ արվել են, կազմվում է նախահաշիվ, եւ շուտով կտեղեկացնեն իրականացվող աշխատանքների մասին։
Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս