ՀԻՆ ՈՒ ՓՈՐՁՎԱԾ ՆՇԱՆԸ
Լոռու մարզկենտրոն Վանաձորի փողոցներում կարելի է հանդիպել ճանապարհային օրիգինալ նշանի: Եթե ճանապարհին տեղադրված է ծառի չորացած ճյուղ, նշանակում է՝ այդտեղ բաց դիտահոր կա: Ճանապարհային այս նշանի մասին ոչ մի պաշտոնական գրառում հնարավոր չէ գտնել որեւէ գրքում, բայց դրա նշանակության մասին միանգամից կարելի է կռահել: Վարդանանց-Տերյան խաչմերուկում գտնվող այս դիտահորը հնարավորինս անվտանգ դարձնելու նպատակով հարակից թաղամասի բնակիչները, «մարդասիրությունից դրդված», ծառի ճյուղ են դրել դիտահորի մեջ: Այս ճյուղերը դիտահորում հայտնվել են շուրջ մեկ ամիս առաջ, եւ առայժմ հայտնի չէ, թե երբ դրանք կփոխարինվեն կափարիչներով: Այստեղ երկու կարեւոր հանգամանք կա: Նախ` ո՞ւր է դիտահորի կափարիչը. այս հարցի պատասխանը միանշանակ է՝ գողացել են, երկրորդ` ինչո՞ւ արդեն մեկ ամսից ավելի պատկան մարմինները չեն նկատել այս նշանը եւ փոխարինել այն նոր կափարիչով: Դիտահորերի կափարիչների գողությունը Լոռու մարզկենտրոնում եկամտաբեր գործերի շարքին կարելի է դասել: Առավել եւս, որ մինչ օրս ո՛չ ոստիկանությունն է արդյունավետ կերպով պայքարում կափարիչների գողերի դեմ, ո՛չ էլ քաղաքապետարանն է պատշաճ ուշադրություն դարձնում կափարիչազերծված դիտահորերին: Արդյունքում` բաց դիտահորը չընկնելու համար վանաձորցիները ստիպված են ապավինել ծառի ճյուղին` հին ու փորձված նախազգուշացնող նշանին:
Լոռի
ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ Է
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Հայաստանում նշվում է Աստղագիտության օրը, եւ այդ օրը պատահական չի ընտրված։ Հենց 1905թ. սեպտեմբերի 18-ին Թբիլիսիում ծնվել է աշխարհահռչակ աստղագետ, աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը։
Իսկ Համազասպ Համբարձումյանը՝ Վ. Համբարձումյանի հայրը, ծնվել է Վարդենիսում, ու այնտեղ են գտնվում Վ. Համբարձումյանի տուն-թանգարանը եւ կիսանդրին։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տուն-թանգարանը գտնվում է, մեղմ ասած, անմխիթար վիճակում, ինչին կանդրադառնանք առաջիկայում։
ԿՏԱԿԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Կյանքի 88-րդ տարում մահացած հայտնի հայ բարերար Ջերարդ Գաֆեսճյանի հիմնադրած «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնը շարունակելու է գործել Երեւանում նախկինի պես: Այս մասին հայտնել էր «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնի հանրային կապերի տնօրենին փոխարինող Մարիա Հովսեփյանը։ Այդ տեղեկատվությունը հաստատեցին նաեւ «Ժողովուրդ»-ի այլ աղբյուրներ՝ հավելելով, որ մնացած բոլոր հարցերն իրենց պատասխանը կստանան վեց ամսվա ընթացքում, երբ հայտնի կդառնա բարերարի կտակի բովանդակությունը։