Ինչ վնասներ է հասցրել կարկուտը Նոյեմբերյանի տարածաշրջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին Հայաստանի տարբեր վայրերում ուժգին կարկտահարություն եղավ: Հունիսի 6-ին էլ կարկուտ տեղաց Նոյեմբերյանի տարածաշրջանում: «Հայկական միրգ» ընկերության Տավուշի մարզի ներկայացուցիչ, Նոյեմբերյանի տարածաշրջանի Պտղավան գյուղի բնակիչ Սպարտակ Զաքարյանից հետաքրքրվեցինք, թե կարկուտը որքա՞ն վնաս է պատճառել պտղատու այգիների բերքին: Նա ասաց, որ հունիսի 6-ին Դեբեդի հովտում կարկտահարությունը երկար չի տեւել, սակայն որոշ վնաս պատճառել է. «Այս տարի արդեն 3 անգամ կարկուտ է տեղացել: Կարկտահարության ամեն դեպքից հետո այգիների բերքը 10-20 տոկոսով նվազում է»,- նշեց գյուղատնտեսը՝ կանխատեսելով, որ այդ պատճառով այս տարի Դեբեդի հովտում սալորի, կեռասի, խնձորի, դեղձի այգիների բերքը սակավ է լինելու: «Կարկտահարությունից պտուղը եթե անգամ ծառից չի ընկնում, սեւանում է, հասունանալով՝ կորցնում ապրանքային տեսքը»,- նկատեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ Պտղավան գյուղում գործում է հակակարկտային 3 կայան: Ս. Զաքարյանին հարցրինք՝ արդոք դրանք չե՞ն կարողանում ոչնչացնել կարկուտը: Զաքարյանն ասաց, որ այդ կայանները կարողանում են չեզոքացնել կարկտամբեր ամպերի մի մասը, սակայն դրանց զարկերը չեն կարող բերքը փրկել կարկտից: Ի դեպ, Եվրոպայում նման կայանների աշխատանքն անարդյունավետ է համարվել, եւ այնտեղ հրաժարվել են նման կայաններից: «Հայկական միրգ» ընկերության ներկայացուցչի խոսքերով՝ Եվրոպայում կարկտահարությունից այգիների բերքը փրկելու համար օգտագործում են հակակարկտային ցանցեր:

Նա ասաց, որ «Հայկական միրգ» պետական ընկերությունը Դեբեդի հովտում 23 հեկտար պտղատու այգի ունի, որից 4,5 հեկտարը ոռոգվում է կաթիլային եղանակով: Այդ այգիների համար 45 հազար դոլարով Իտալիայում ձեռք են բերվել հակակարկտային ցանցեր: Ս. Զաքարյանի համոզմամբ՝ կարկտից բերքի միակ փրկությունը հակակարկտային ցանցերն են:

Հիշեցնենք, որ մեր գյուղատնտեսության ոլորտի պաշտոնյաները խոսում էին Հայաստանում հակակարկտային ցանցերի արտադրություն կազմակերպելու, այն մատչելի գնով գյուղատնտեսներին վաճառելու մասին, սակայն, ինչպես հաճախ, այդ հարցում եւս խոսքից գործի չանցան:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս