Ինչ խնդիրներ են բարձրաձայնում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեւական ժամանակ է, ինչ «Ժողովուրդ»-ը բարձրաձայնում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալների շրջանում տիրող իրավիճակի մասին:

Դատապարտյալները պահանջում են, որ ՔԿՀ նորանշանակ պետ Սերոբ Հարությունյանը չփակի պատժախցերի դռների վրա առկա դիտանցքները: Ու քանի որ իրենց խոսքը տեղ չի հասել, քրեակատարողական հիմնարկի երկու դատապարտյալներ թուք էին ներարկել իրենց, ինչի արդյունքում տեղափոխվել էին դատապարտյալների հիվանդանոց եւ վիրահատության ենթարկել:

Դատապարտյալների խնդիրների եւ նրանց իրավունքների մասին «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Էլինար Վարդանյանի հետ

-Տիկի՛ն Վարդանյան, տեղյա՞կ եք, թե ինչ է կատարվում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. այնտեղ դատապարտյալներն ինքնավնասումներ են արել:

-Մեր հանձնաժողովի փորձագետները, նաեւ իմ օգնականը պարբերաբար հանդիպումեր են ունենում իրենց հետ: Իրականում բողոքները գրեթե նույնն են՝ սկսած քրեակատարողական հիմնարկի պայմաններից, մինչեւ պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու խնդիրները: Մենք շարունակում ենք կապի մեջ մնալ իրենց հետ, ինչպես նաեւ արդարադատության նախարարության հետ պետք է առաջիկայում քննարկենք, ունենք պայմանավորվածություն, պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու ինստիտուտի փոփոխությունների հետ կապված, որը էականորեն պետք է փոխվի: Խնդիրը մեր հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է:

-Փորձը ցույց է տվել, որ Ձեր ղեկավարությամբ գործող հանձնաժողովը խնդրին ընթացք է տալիս այն դեպքում, երբ մամուլը բարձրաձայնում է: Օրինակ՝ Վարդգես Գասպարի դեպքը, մինչեւ մամուլը չհրապարակեց, հանձնաժողովը ոտքի չկանգնեց: Ի՞նչ է արել հանձնաժողովն այս ընթացքում՝ դատապարտյալների իրավունքները վերականգնելու կամ նրանց կողմից բարձրացված հարցերին լուծում տալու համար:

-Տեսեք, հանձնաժողովը օրենսդիր մարմին է, եւ հանձնաժողովի կողմից խնդրի լուծումը նշանակում է օրենսդրական փոփոխություններ: Օրենսդրական փոփոխությունների հետ կապված ես արդեն մատնանշեցի, որ արդարադատության նախարարության հետ մեկտեղ փորձում ենք պայմանական վաղակետ ազատ արձակման ինստիտուտին անդրադառնալ, որեւէ այլ լուծում տեղում տալու իրավասություն մենք, որպես այդպիսին, չունենք:

-Ի՞նչ լուծում կտա այդ փոփոխությունը, եթե դատապարտյալները պնդում են, որ ցանկացած ծառայություն ձեւական բնույթ է կրում:

-Տեսեք, պրոբացիոն ծառայության մասին օրենքը նոր ընդունվեց, եւ վաղ է գնահատականներ հնչեցնել, թե ծառայությունը ինչպես կգործի: Այն, որ դա կարեւոր օրենքի նախագիծ է եւ իրականում կարող է ոլորտում լրջագույն փոփոխություններ կատարել, միանշանակ է, բայց դեռ վաղ է գնահատականներ հնչեցնել՝ հատկապես հաշվի առնելով, որ ծառայությունը, որպես այդպիսին, դեռեւս չի գործում:

Մանրամասները`  տեսանյութում

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան 




Լրահոս