ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս պետք է սկսել իրավաբանական անձի գրանցման գործընթացը, ի՞նչ է պետք դրա համար:

Վիգեն Մանուկյան (42 տարեկան, անհատ ձեռներեց)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գրանցման համար դիմողը պետք է պետական ռեգիստր ներկայացնի հետեւյալ փաստաթղթերը՝
1. դիմում,
2. իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիրների որոշումը կամ հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը՝ ստորագրված բոլոր հիմնադիրների կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ ժողովի նախագահի եւ քարտուղարի կողմից,
3. իրավաբանական անձի կանոնադրությունը՝ հաստատված հիմնադրի կամ հիմնադիր ժողովի կողմից,
4. տեղեկություններ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ՝ անձնագրային տվյալները եւ սոցքարտի համարը, կամ նշում անձի՝ սոցքարտից հրաժարվելու մասին եւ համապատասխան տեղեկանքի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն,
5. մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում 2-րդ կետով նախատեսված փաստաթղթի փոխարեն ներկայացվում է հիմնադրի միանձնյա գրավոր որոշումը,
6. եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրների կազմում առկա է ՀՀ իրավաբանական անձ, ապա, ի հավելումն վերը նշված փաստաթղթերի, անհրաժեշտ է ներկայացնել հիմնադիր իրավաբանական անձի կառավարման լիազորված մարմնի որոշումը եւ տեղեկատվություն հիմնադիր իրավաբանական անձի վերաբերյալ՝ իրավաբանական անձի անվանումը եւ պետգրանցման համարը. սույն կետում նշված տեղեկությունը չի ներկայացվում, եթե հիմնադիրը պետություն կամ համայնք է,
7. եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրն օտարերկրյա իրավաբանական անձ է, ապա պետգրանցման համար, վերը նշված փաստաթղթերից բացի, ներկայացնում է նաեւ քաղվածք տվյալ երկրի առեւտրային գրանցամատյանից, կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ եւ նրա հիմնադիր փաստաթղթերը՝ վավերացված եւ հայերեն թարգմանված,
8. եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրն օտարերկրյա ֆիզիկական անձ է, ապա պետգրանցման համար, վերը նշված փաստաթղթերից բացի, ներկայացնում է տվյալ անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ վավերացված եւ հայերեն թարգմանված:

Զարգացման հայկական գործակալություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, քաղաքացին դեռ բավական երկար ճանապարհ պետք է անցնի եւ փաստաթղթերի մի հսկայական կույտ հավաքի, որ կարողանա ստանալ նշված գրանցման թուղթը:




Լրահոս