Ալիևը ձեռնոց նետեց անտիկ հեղինակներին. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքական ամառը մեկնարկեց պատմական իրադարձությամբ: Առաջին աշխարհամարտում Օսմանյան Թուրքիայի երբեմնի դաշնակից Գերմանիայի խորհրդարանը ճանաչեց եւ դատապարտեց Հայոց ցեղասպանությունը: ԱԺ-ում այսպես սկսեց իր ելույթը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Օրերս Ալիևը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ, մեղմ ասած, խեղաթյուրելով պատմությունը՝ ձեռնոց նետեց ոչ ավել, ոչ պակաս անտիկ հեղինակներին՝ Ստրաբոնին, Պոլիբիոսին, Դիոն Կասիոսին, Պլուտարքոսին, Պտղոմեոսին: Այս անհեթեթություններին անդրադառնալու որեւէ անհրաժեշտություն չէր լինի, եթե դրանց հեղինակը չլիներ պետության առաջնորդ: Սուբյեկտիվության մեջ չմեղադրվելու համար՝ այժմ որեւէ հայկական սկզբնաղբյուր չեմ մատնանշի:

Ե՞րբ է Կովկասում առաջացել Ադրբեջան անվանումով պետություն: Միայն 1918 թվականի մայիսին թուրք Նուրի փաշայի արշավանքների հետեւանքով: Բայց քանի որ Ադրբեջանի ղեկավարը նախընտրում է ընթերցել ոչ թե պատմական սկզբնաղբյուրներ, այլ վկայակոչում է ինչ-որ քարտեզներ, ես կհորդորեի նրան Հռոմ այցելելու ժամանակ ծանոթանալ Հին աշխարհի՝ մեր օրերին հասած ամենահայտնի քարտեզներից մեկին:

Եզրափակելով խոսքս՝ որպես պատմաբան՝ նշեմ, որ պատմությունն անողոք է բոլոր նրանց հանդեպ, ովքեր փորձում են կեղծել այն՝ դաժանաբար նետելով նրանց պատմության աղբանոց»:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս