ՊՏՈՒՏԱԿԱԽԱՂԱՅԻՆ, ՏԽՐԱՀՌՉԱԿ ԵՎ ԱՆՀԵՌԱՆԿԱՐ ՓՈՐՁ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ, դոկտոր Աշոտ Գրիգորյանը եւ   Սլովակիայում ՌԴ դեսպան Պավել Կուզնեցովը նախօրեին կայացած հանդիպման ընթացքում քննարկել են  այն հարցը, թե ինչպես է Սերժ Սարգսյանն անցած չորս տարիների ընթացքում “խաղացել” ՌԴ-ի ու Եվրոպայի հետ: “Ժողովուրդ”-ն այդ հանդիպման մասին զրուցեց Աշոտ Գրիգորյանի հետ:
-Պարո՛ն Գրիգորյան, ՌԴ դեսպանի հետ հանդիպումն ի՞նչ նպատակ էր հետապնդում, եւ ի՞նչ հարցեր եք քննարկել:
-ՌԴ դեսպանը պաշտոնական այցով եկել էր մեզ մոտ: Նա ողջունեց բարեհաջող ֆորում անցկացնելու առիթով եւ տեղեկացրեց, որ Կրեմլին հայտնել է եվրոպահայերի մտահոգությունների մասին` կապված ՀՀ-ի` ՄՄ-ին անդամակցելու որոշման հետ: Մենք խոսել ենք նաեւ այդ հարցի շուրջ ՌԴ ղեկավարության լռության ու եվրոպական մի շարք գործիչների կարծիքների մասին: Դրանք համադրելով, վերլուծելով` ընդհանուր հայտարարի եկանք:
-Իսկ ո՞րն է այդ հայտարարը:
-Այն է, որ ՀՀ նախագահն անսպասելի, ՌԴ կատարած իր այցի ժամանակ հասկանալով, որ այլեւս խաբելու եւ խուսանավելու տեղ չունի, հանկարծակի հայտարարեց, որ ՀՀ-ն պետք է անդամագրվի ՄՄ-ին` դրանով զարմացնելով նաեւ իր ռուս գործընկերներին: Մինչ այդ նրանք  անընդհատ խուսափողական պատասխաններ էին ստացել ու այժմ այդպես էլ չեն կարողանում հասկանալ՝ արդյոք Սերժ Սարգսյանի այդ ասածը ներկայացնում է հայ ժողովրդի կարծիքը, թե դա ընդամենը պահի տակ արված հայտարարություն է: Նույնիսկ ավելին, ՌԴ ղեկավարությունը բոլորովին համոզված չէ, որ ՄՄ-ին անդամագրվելու հայտարարությանը չեն հաջորդելու հաջորդական խաղեր, որն անում է ՀՀ նախագահը` փորձելով եվրոպական երկրներից եւս օգնություն կորզել ռուսների կողմից ճնշումների պատճառաբանությամբ: Միաժամանակ նշեմ, թե ինչ վերաբերմունք ունեն եվրոպացիները. նրանք չեն կարողանում հասկանալ, թե ինչու է Ս. Սարգսյանը մշտապես հայտարարում, թե ես ձեզ հետ եմ, պարզապես մենք չենք կարողանում ռուսների ճնշումներից ազատագրվել: Եվ հակառակն էլ, փաստորեն, ասում է Մոսկվայում` հավաստիացնելով, թե` ինչպես կարող է ՀՀ-ն առանց ՌԴ-ի մեկ քայլ անել: Սա պտուտակախաղային դիվանագիտություն վարելու մի տխրահռչակ եւ անհեռանկար փորձ էր: Ս. Սարգսյանը, լինելով խաղացող, չի կարողանում քաղաքական դիվանագիտության մեջ իրեն հարազատ պտուտակախաղի միջոցով հասնել իր ուզածին:
-Այսինքն՝ Սլովակիայում ՌԴ դեսպանը եւս հայտարարել է, որ իրենց համար Սերժ Սարգսյանի դիրքորոշումն անհասկանալի՞ է:
-Սկսած Վ. Պուտինի խորհրդական Դուգինից, որի հետ ես Երեւանում հանդիպել եմ, բոլորը սպասում էին, որ այդ որոշումը կլինի  ժամանակին,  հանրային քննարկումների արդյունքում եւ  հասկանալի: Նույնիսկ ՌԴ-ն բազմիցս հայտարարեց, որ  չի  կարելի խաղերի միջոցով քաղաքականություն վարել: ՀՀ-ն պետք է հստակ ձեւակերպի իր մոտեցումը, թե ինչու է ցանկանում ՄՄ անդամ դառնալ: Իսկ այս տիպի քայլը ՌԴ-ի կողմից անընդունելի է, քանի որ այդպիսով Արեւմուտքին հնարավորություն տրվեց հայտարարելու, թե ՌԴ-ի ճնշումների ներքո Հայաստանը զիջեց: Այս ամենը քննարկելով դեսպանի հետ` որոշեցինք, որ մեր գործողությունները խիստ ակտիվանալու են միմյանց եւ Կրեմլի հետ: Կաշխատենք եւ կօգտագործենք մեր ներուժը Եվրոպայում: Մենք նաեւ նշեցինք, որ այս կոռուպցիայի պայմաններում մենք չենք ցանկանում այս իշխանությունների հետ որեւէ հարաբերություն ունենալ: Ե՛վ ՌԴ-ն, ե՛ւ Եվրոպան պետք է հասկանան, որ ՀՀ-ում իշխանափոխությունը մեկ օր շուտ անելու միսիա ունեն, քանի որ արդեն անհնար է, անընդունելի է այս իշխանությանը հանդուրժելը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
“Ժողովուրդ” օրաթերթ 21,09,2013




Լրահոս