Երևան քաղաքի կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի նախագիծը կներկայացվի ավագանու քննարկմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման, ինչպես նաև Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի խորհուրդներին է ներկայացվել Երևան քաղաքի կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի նախագիծը:

Մասնավորապես ներկայացվել են քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում, այդ թվում տրանսպորտի և արտաքին  լուսավորության, ինչպես  նաև  հանրային,  բնակելի նշանակության  շենքերում  և  այլ ենթակառուցվածքներում համալիր միջոցառումներ, որոնց արդյունքում հնարավոր կլինի էներգախնայողությունների շնորհիվ կրճատել  արտանետումների  ծավալը և ապահովել կայուն էներգետիկ զարգացում:

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, շնորհակալություն հայտնելով «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ-ին՝ մանրակրկիտ ուսումնասիրության և կանխատեսումների համար, ընդգծել է ծրագրի կարևորությունը մայրաքաղաքի համար:

«Միանալով Եվրոպական միության «Քաղաքապետերի Դաշնագիր» նախաձեռնությանը` Երևանն ստանձնել է որոշակի պարտավորություն՝ մինչև 2020 թվականը առնվազն 20%-ով կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, ինչը հնարավորություն կտա քաղաքային տնտեսությունը համապատասխանեցնել էներգետիկ զարգացման սկզբունքներին՝ կիրառելով եվրոպական քաղաքների փորձը: Ծրագիրն, ըստ էության, ինչպես էներգաարդյունավետության բարելավման, այնպես էլ շրջակա միջավայրի  պահպանության  երկարաժամկետ ռազմավարության իրականացման մեկնարկային քայլ է», – նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:

Խորհուրդների անդամները միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն են տվել նախագիծն առաջիկայում Երևանի ավագանու քննարկմանը ներկայացնելուն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս