Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 7-ին խորհրդարանի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրինագիծ է ստորագրել, փոխանցում է Reuters-ը:
Էրդողանը մեղադրել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը Թուրքիայի հարավ-արևելքում զինված պայքար մղող զինյալների քաղաքական թև լինելու մեջ: Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ քաղաքական այդ ուժի ներկայացուցիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Հաղորդվում է նաև, որ Էրդողանը խորհրդարանի որոշ ընդդիմադիր գործիչներին հեռացնելուց հետո կարող է իր նախագահական իրավասություններն ընդլայնելու համար սահմանադրության փոփոխման ակնկալիքներ ունենալ:
Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրենքն ընդունվել է մայիսին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից: Կողմ են քվեարկել 550 խորհրդարանականներից 376-ը: