ՈՉ ՄԻ ՎԱՅՐԿՅԱՆ ԷԼ ՀԵՇՏ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արուսիկը՝ նույն ինքը՝ DJ Vakcina-ն, Հայաստանում առաջին կին դիջեյն է, սակայն քչերը գիտեն, որ նա մասնագիտությամբ կենսաբան է, ավարտել է ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետը: Իր իսկ խոսքով՝ պաշտում է գիտությունը, սակայն հասկանալով, որ այն  զարգացում չի ապրում, որոշել է զբաղվել երաժշտությամբ:
-Երաժշտությունը մանկուց եկած շատ լուրջ հոբբի է եղել ինձ համար: Ավելի լուրջ սկսել եմ զբաղվել 9 տարեկանից, հիշում եմ նույնիսկ, որ գրանցում էի, թե ինչ երաժշտական նորություններ կան, ինչ նոր ալբոմներ են դուրս եկել: 10-11 տարեկանից էլ սկսեցի հետաքրքրվել ակումբային երաժշտությամբ:
-Ե՞րբ նստեցիք դիջեյի վահանակի մոտ:
-Մոտավորապես 12 տարեկանից դիջեյինգը ինձ շատ հետաքրքրեց, վաղ տարիքից էլ սկսեցի հաճախել ակումբ` խնդրելով քույրիկիս ու իր ընկերուհիներին, որ ինձ իրենց հետ ակումբ տանեն: 14 տարեկանից սկսած, այն ժամանակ ակումբային շարժումը դեռ նոր էր սկսվում, ծանոթ էի երեւանյան ակումբների տնօրենների, դիջեյների հետ: Իմ մոտ ընկերուհիներից մեկի եղբայրն էր բացել առաջին ակումբը: Հիմա կասեք՝ շատ փո՞քր չէիք: Իսկապես այդպես էր, ինչը շատ աննորմալ էր բոլորի համար: Դե պատկերացրե՛ք, 14 տարեկանից ինձ շրջապատել են մարդիկ, որոնք թե՛ խմել են, թե՛ ծխել, նաեւ թմրամիջոցներ օգտագործել: Բայց ինձ մոտ հենց այդ տարիքից սկզբունք ձեւավորվեց՝ ես դարձա առողջ ապրելակերպի ջատագով: Չէի թողնում նույնիսկ, որ այդ ամենը կպնի իմ ընկերներին:
-Ե՞րբ եղավ Ձեր դեբյուտը որպես դիջեյ: 
-16 տարեկան էի, երբ Հանրապետության հրապարակում շատ մեծ միջազգային դիջեյ փառատոն էր անցկացվում: Հիմա շատ քչերն են ինձ այդտեղից հիշում, որովհետեւ այն ժամանակ լրիվ ուրիշ տեսքով էի, իմ իմիջով չէի ներկայանում, դե երեխա էի: 
-Իսկ ինչո՞ւ ընտրեցիք DV Vakcina անունը: 
-Դե վակցինա՝ պատրաստուկ է, որ ներարկում ես հիվանդության դեմ: Ես նաեւ ուզում էի, որ ինչ-որ բան կենսաբանության հետ կապված լիներ, ու կոնկրետ իմ անվան բացատրությունը հետեւյալն է` ես ներարկում եմ լավ երաժշտություն վատ տրամադրության դեմ:
-Հասարակությունն ինչպե՞ս էր ընկալում կին դիջեյին:
-Ես այնքան շատ եմ սիրում այն ամենը, ինչով զբաղվում եմ, որ իմ սերը փակել էր բոլոր տեսադաշտերը: Երեւի թե իմ շրջապատն էլ այնպիսին էր, որ նույն նախասիրություններն ունեինք, սիրում էինք ակումբային կյանքը, ու ինձ ոչ մեկը չի ասել՝ դա նորմալ չէ, աղջի՛կ ջան, դա քո գործը չէ…
Ես անում եմ այն, ինչ իմ էությունից է բխում, երբեւիցե չեմ կարող վերածվել ուրիշ մարդու, ինքս ինձ խաբել, այլ կերպ ներկայանալ, դա ինձ համար ավելի ծանր է: Շատ վաղուցվանից կոտրվել է ընկալումն իմ վերաբերյալ: Կարող եմ վստահաբար ասել, որ վերջին 3 տարիներին մարդիկ շատ ավելի դրական են տրամադրված կին դիջեյ լինելու հանգամանքին, իմ կերպարին: Իսկ ո՞վ ասաց, որ մեկը մյուսին պետք է նմանվի կամ ենթարկվի հասարակության ստանդարտներին: Ես հատուկ ոչինչ չեմ անում ուշադրություն գրավելու համար: Ամեն ինչում սիրում եմ անկեղծ լինել:
-Դուք այնքան անկեղծ էիք ու համարձակ, որ կարողացաք անգամ հայկական կարծրացած մտածողությանը մարտահրավեր նետելով` միայնակ մայր դառնալ, երեխա ունենալ:
-Այնպես չէ, որ իմ նյարդային համակարգն անջատված է կամ ես անտարբեր եմ մարդկանց սուր կարծիքների հանդեպ: Իսկ երեխա ունենալու որոշումը մտածված էր: Շատ քչերը գիտեին, որ վերջին 7 տարիների ընթացքում ես ունեի տարբեր տեսակի առողջական խնդիրներ, որ գուցե բուժումից հետո խնդիր առաջանար, ու ես ընդհանրապես չկարողանայի երեխա ունենալ: 20 տարեկանից սկսած` բոլորն ինձ դա էին ասում: Բայց երբ 25 տարեկանում մահից պրծա, առողջական շատ լուրջ խնդիրներ ունեցա, որոշեցի մտածել երեխայի մասին: Ի դեպ, հասարակությունն ընդունեց շատ ավելի լավ, քան ես սպասում էի: Շատերն ինձ հասկացան, մի մասն էլ չհասկացավ՝ ոնց կարող է հայ աղջիկն առանց ամուսնանալու երեխա ունենալ: Երեխան ինձ համար գանձ է, ես նրան ահավոր եմ սիրում, չեմ կարող բառերով ասել: Նույնիսկ եթե ամբողջ աշխարհը դեմ լիներ, ես, միեւնույն է, նրան կունենայի:
Շատ դժվարություններ կան, ոչ մի վայրկյան էլ հեշտ չէ, բայց ավելի լավ է մարդու սրտով լինի, քան գնաս սխալ ուղղություններով: Դե հիմա եթե իմ շրջապատի մեջ չեմ գտնում ինձ հարմար տղամարդու…. Այնպես չէ, որ ես տղամարդատյաց եմ կամ խաչ եմ քաշել անձնականիս վրա, պարզապես այս պահին չեմ տեսնում իմ տղամարդուն:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս