
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Կանադայի խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնին:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հանդիպմանը քննարկվել են Արցախ-Կանադա հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական կապերի զարգացմանը:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը շահագրգռված է առաջատար ժողովրդավարական պետությունների հետ հարաբերությունների ընդլայնման ու խորացման մեջ եւ այս համատեքստում առանձնակի կարեւորել է Կանադայի հետ փոխգործակցությունը:
Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Կանադայի Հայ Դատի Հանձնաժողովի նախագահ Ժիրայր Բասմաջյանը, պաշտոնատար այլ անձինք: