Տարածաշրջանում սեյսմիկ ակտիվություն է գրանցվում, որը չի կարող անվտանգ համարվել Հայաստանի համար, քանի որ նույն սեյսմիկ ակտիվության գոտում ենք գտնվում. այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանը։
“9 ամիսների ընթացքում տարածաշրջանում գրանցվել է շուրջ 3000 երկրաշարժ, որոնցից 1000-ից ավելի դեպքում հնարավոր է եղել որոշել օջախի պարամետրերը։ Երկրաշարժերից 12-ը գրանցվել է Հայաստանում։ Հայաստանից վտանգավոր հեռավորության վրա տեղի ունեցած երկրաշարժերից վերջինը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին Վրաստանում՝ 5,1 մագնիտուդով և նույն օրը Թուրքիայում, որը Երևանից մոտ 300 կմ հեռավորության վրա է գտնվում”,- ասաց նա ու նկատեց, որ երկրաշարժերը մեր տարածաշրջանի համար զարմանալի չեն և թեև չի ցանկանում ավելորդ խուճապ առաջացնել, սակայն նշեց, որ Հայաստանում նոր ուժգին երկրաշարժը սարերի հետևում չէ։