Աերացիայի կեղտաջրերի մաքրման կայանի վերակառուցման և արդիականացման աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման ծրագրի» երկրորդ բաղադրիչով շարունակվում են Աերացիայի կեղտաջրերի մաքրման կայանի վերակառուցման և արդիականացման աշխատանքները: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանի ուղեկցությամբ շինարարության ընթացքին տեղում ծանոթացել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

Ներկայացնելով աշխատանքների ընթացքը` նշվել է, որ դրանք իրականացվում են սահմանված ժամանակացույցով: Գրեթե ամբողջությամբ ավարտվել են առաջին պարզարանի ընդունիչ կայանի աշխատանքները, այժմ արդեն իրականացվում են վերջին միացումները: 2-րդ պարզարանում էլ, շինաշխատանքների ավարտից հետո, սարքավորումների մոնտաժման աշխատանքներն են ընթանում: Առայժմ շինարարությունը շարունակվում է 3-րդ պարզարանում: Պատրաստ են նաև կայանի 2 ենթակայանները:
Համաձայն նախագծի՝ Աերացիայի կեղտաջրերի մաքրման կայանը կունենա կեղտաջրերի մեխանիկական մաքրման համար անհրաժեշտ, միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններ: Հետագայում նախատեսվում է ներդրումային միջոցների ներգրավմամբ իրագործել նաև կեղտաջրերի կենսաբանական մաքրման ծրագիրը:

«Ֆրանսիական կառավարության կողմից տրամադրված վարկային միջոցներով իրականացվող Աերացիայի կեղտաջրերի մաքրման կայանի վերակառուցման այս փուլով, ըստ էության, մենք կլուծենք կեղտաջրերի տեխնիկական մաքրման հարցը: Ծրագիրը լուրջ ներդրում է մայրաքաղաքի ջրամատակարարման հարցում, որը ծառայելու է Երևանի բնակչությանն ու քաղաքի բնապահպանական խնդիրների լուծմանը: Այս փուլի ավարտը նախատեսված է մինչև տարեվերջ: Ծրագրի 2-րդ փուլի իրականացումից հետո արդեն կունենանք հանրապետությունում առաջին ժամանակակից մաքրման կայանը»,- նշել է Կամո Արեյանը:
Առաջնահերթ կարևորելով որակի ապահովումը՝ քաղաքապետի առաջին տեղակալը հանձնարարել է մշտական հսկողություն իրականացնել շինարարության ընթացքի նկատմամբ և խստորեն հետևել սահմանված չափորոշիչների, ինչպես նաև ժամկետների պահպանմանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս