Տարոն Մարգարյանը հանդիպել է Պետրոպավլովսկ-Կամչատկայի քաղաքապետի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Պետրոպավլովսկ-Կամչատկայի քաղաքապետ Կոնստանտին Սլիշենկոյի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Կամչատկայի մարզում Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Արթուր Խաչատրյանը: Ողջունելով հյուրերին` Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Երևանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքների հետ հարաբերությունների ներկա մակարդակը՝ ընդգծելով, որ այս հարցում, անշուշտ, իր կարևոր դերակատարումն ունի երկու ժողովուրդների բարեկամությունն ու տեղերում հայ համայնքների ակտիվ գործունեությունը:

Համառոտ ներկայացնելով Երևանի կառավարման հարցում իր մոտեցումները՝ Տարոն Մարգարյանը հատկանշել է, որ բոլոր ծրագրերի հիմքում առաջնահերթությունը մշտապես տրվում է մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար առավել հարմարավետ ու բարեկարգ քաղաք ունենալուն:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Կոնստանտին Սլիշենկոն իր հերթին նկատել է, որ Երևանն իսկապես հարմարավետ ու բարեկարգ քաղաք է, ինչն, իրոք, գնահատելի է: Հանդիպման շրջանակում Կոնստանտին Սլիշենկոն նաև համառոտ ներկայացրել է Պետրոպավլովսկ-Կամչատկայի վերջին տարիների զարգացումներն ու ընդգծել է տեղի հայ համայնքի կարևոր դերակատարումն ու ակտիվ ներգրավվածությունն այդ հարցում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս