Գյումրիում արդեն աշնանային պաղ եղանակ է, տնակային ավանների բնակիչները սկսել են վառարաններ տեղադրել, բայց նրանցից շատ քչերին է հաջողվել ձեռք բերել վառելափայտ:
Տնակային ավաններում բնակվող հարյուրավոր ընտանիքների համար կրկին ձմռան վառելիքի հայթայթման վայրեր են դարձել աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները: Տասնյակ ընտանիքներ թեև ամբողջ ամառ հավաքել են ձեռքներն ընկած իրերը` պլաստիկե շշեր, թուղթ, հնամաշ կոշիկներ, անվադողեր, շոր և այլն, սակայն այդ ամենով կկարողանան ընդամենը հաշված օրեր մի կերպ տաքացնել իրենց խոնավ ու վաղուց շարքից դուրս եկած վագոն – տնակները: Թեև “Շիրակ կենտրոնը” ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի օժանդակությամբ կուտակել է և բաժանելու է որոշակի քանակությամբ վառելափայտ, սակայն ընդամենը մեկ հովանավորի օժանդակությունը բավարար չէ՝ ապահովելու գոնե առավել անմխիթար վիճակում գտնվող կարիքավոր անօթևան ընտանիքների վագոն-տնակները ջեռուցելու համար անհրաժեշտ վառելափայտի նվազագույն չափաբաժին: Շիրակի առանձնապես ցրտաշունչ ձմռան նախաշեմին մեր հայրենակիցներին կոչ ենք անում աջակցել Գյումրու տնակային ավաններում բնակվող առավել անապահով ընտանիքներին՝ նրանց կացարաններում գոնե նվազագույն ջերմություն ապահովելու համար:
“Շիրակ կենտրոն” ՀԿ