ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ 58-ամյա Ե.Խաչատրյանի սպանության բոլոր հանգամանքներն ու մասնակիցների ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Քննության ընթացքում պարզվել է սպանության շարժառիթը, 3 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։ Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. հունիսի 04-ին՝ ժամը 23-00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց մի խումբ անձինք վիճաբանել են 58-ամյա Եղիշե Խաչատրյանի հետ՝ երթևեկության կանոնները խախտելու համար դիտողության անելու կապակցությամբ, ապա 75-ամյա մոր ներկայությամբ հայհոյել ու բռնություն գործադրել Ե.Խաչատրյանի նկատմամբ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա կենսական կարևոր օրգանի՝ գլխի, ինչպես նաև՝ կրծքավանդակի և որովայնի շրջաններում։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս գործով այսօր նախաքննական մարմին է հրավիրվել երիտասարդ աղջիկ, ով դեպքի օրը եղել է մեքենայում:
Հիշեցնենք, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Խ.Կոսյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով (սպանություն՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։
Նույն օրը որոշում է կայացվել ևս երկու անձի՝ Ա.Չիչոյանին և Ա.Նիկողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
ArmLur.am-ին հաջողվել է նաև ձեռք բերել Խաչիկ Կոսյանի լուսանկարը: