«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստան վերադառնալուց հետո ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը Հայաստանի եւ Արցախի իշխանությունների համար գլխացավանք է դարձել, քանի որ նրա հետ թեկուզ հեռակա բանավեճի մեջ մտնելը իրենց շահերից չի բխում: Բանն այն է, որ ինչ ասեն, Բաբայանը կրկնակի չափաբաժնով հետ է ուղարկելու, ինչը չի կարող ընդունելի լինել, քանի որ տարին նախընտրական է, եւ իշխանությունները չեն կարող հանդուրժել, որպեսզի նախկին զինակիցը անկաշկանդ քննադատի իրենց՝ փորձելով ներկայանալ իբրեւ անբասիր քաղաքական գործիչ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Հայաստանի իշխանությունները Սամվել Բաբայանին «չեզոքացնելու» յուրօրինակ տարբերակ են մշակել: Ըստ լուրերի` ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարի պարտքատերերի «ցուցակ» է կազմվել, որոնք պետք է առաջիկայում հրապարակային հանդես գան եւ իրենց գումարները ետ պահանջելու հրապարակային գործընթաց սկսեն: ՀՀ իշխանությունները համոզված են, որ երբ այդ պարտքերի խնդիրն առաջ գա, եթե անգամ Սամվել Բաբայանը ստիպված Հայաստանից կրկին չհեռանա էլ, ապա առնվազն պարտադրված կլինի հրապարակային դաշտից հեռանալ: Նշենք, որ Սամվել Բաբայանը ներկայումս դեռ գտնվում է Արցախում, եւ նրա հետ կապ հաստատելու մեր բոլոր փորձերն անցան ապարդյուն»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: