Նոր մանրամասներ գործարարի դեմ կատարված մահափորձից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանությունը նոր մանրամասներ է հաղորդել Տավուշի մարզում գործարար Կամո Ղալթաղչյանի դեմ մահափորձից: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ սեպտեմբերի 22-ին, ժամը 09։30-ին, ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում, պայթյունի հետեւանքով, մի ավտոմեքենայի առջեւի աջ անիվը վնասվել Է։
Մեկնած  օպերատիվ-քննչական խումբը դեպքի վայրի զննությամբ պարզել է, որ անհայտ անձը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, սպանություն կատարելու դիտավորությամբ, դեռեւս չճշտված եւ ապօրինի ձեռք բերված պայթուցիկ սարքեր է նախապես տեղադրել Աչաջուր գյուղի բնակիչ Կամո  Ղ.-ի անձնական օգտագործման ,Տոյոտա Քեմրիե մակնիշի ավտոմեքենայի տակ, եւ երբ վերջինս ու իր ընկեր Հայկ Վ.-ն ժամը 09:10 սահմաններում ավտոմեքենայով երթեւեկել են Աչաջուրի գյուղամեջ, տնից անցնելով շուրջ 150 մ ճանապարհ՝ պայթուցիկ սարքերը գործել են, սակայն հանցավորի կամքից անկախ պատճառներով Կամո  Ղ.-ն եւ Հայկ Վ.-ն կյանքից չեն զրկվել, իսկ պայթյունի հետեւանքով վնասվել է մեքենայի աջ անիվը  եւ շրջակա հատվածը:
Անհայտ անձի կողմից Կամո  Ղ.-ին եւ Հայկ Վ.-ին սպանելու փորձի եւ ապօրինի կերպով պայթուցիկ սարք պահելու փաստի առթիվ ՀՀ քրեական  օրենսգրքի  34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նույն օրը հարուցվել է  քրեական գործ, կատարվել է դեպքի վայրի զննություն, եւ որոշում է կայացվել դատահետքաբանական, դատաձգաբանական, պայթյունատեխնիկական, դատաքիմիական համալիր փորձաքննություն նշանակելու մասին: Դեպքի հանգամանքները պարզվում են: Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս