Հայաստանյան խանութներում եւ սուպերմարկետներում վերջին օրերին արձանագրվել է որոշ ապրանքատեսակների գների աճ: ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում նշեց, որ դա գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների թանկացման հետեւանքն է: Նրա խոսքով՝ առաջիկայում սկսվելու է թանկացումների նոր ալիք: Իսկ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ այս տարվա թանկացումների գլխավոր պատճառը տնտեսական շոշափելի աճի բացակայությունն է:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի պատասխանատու Գայանե Սահակյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ այս օրերին, բացի հավկիթից, ոչ մի ապրանքատեսակ չի թանկացել, ավելին, որոշ ապրանքներ էժանացել են. “Ձվի թանկացումից հետո ոչ մի փոփոխություն դեռ հանձնաժողովը չի արձանագրել: Վերջին տվյալներով՝ մինչեւ հինգ դրամի նվազում կա շաքարավազի գնի մեջ, 20 դրամի նվազում` կարագի մեջ: Ձեթի գինն էլ է նվազել”:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայաստանյան շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող 5 սուպերմարկետներում մեկ հավկիթը թանկացել էր 5 դրամով: Այս պատճառով ՏՄՊՊՀ-ն հինգ օր ժամանակ էր տվել ձվի արտադրության եւ իրացման շուկայում գերիշխող 4 ընկերություններին՝ հանձնաժողովին ներկայացնելու համար փաստաթղթային հիմնավորումներ: Ձու արտադրող ընկերությունների ներկայացուցիչներն արդեն հանձնաժողովին ներկայացրել են պահանջված տեղեկատվությունը, եւ մի քանի օր է, ինչ սկսվել են քննարկումները: Ձու արտադրողները ներկայացրել են իրենց պարզաբանումները, որոնց հիման վրա էլ հանձնաժողովը կկատարի ուսումնասիրություն եւ առաջիկայում կկայացնի իր որոշումը:
Մինչ ՏՄՄՊՀ-ն ուսումնասիրում է ձու արտադրող ընկերությունների ներկայացրած փաստաթղթերը, ՀՀ-ում թանկացումները գնալով ահռելի չափեր են ստանում: Այս տարվա առաջին ութ ամիսներին գնաճը կազմել է 16.4 տոկոս. դա է վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության “Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում” վերնագրով զեկույցը: Ընդ որում, գնաճ գրանցվել է բոլոր ոլորտներում՝ պարենային ապրանքները թանկացել են 17.3 տոկոսով, վառելիքն ու էլեկտրաէներգիան՝ 23.3 տոկոսով, բուժսպասարկումն ու դեղորայքը՝ 31 տոկոսով, այլ ապրանքներն ու ծառայությունները՝ 13.7 տոկոսով:
Թե այսօրվա թանկացումներն ինչի հետեւանք են, ոչ ոք հստակ չի կարող ասել: Բայց հնարավոր է, որ որոշ տնտեսվարողներ, հաշվի առնելով ՄՄ-ԵՄ բանավեճը, աննկատ թանկացնեն իրենց արտադրատեսակները:
ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ ՄՄ-ԵՄ բանավեճը գուցե կարճաժամկետ չնչին ազդեցություն ունենա. “Բայց գնաճի կառուցվածքը միանշանակորեն վկայում է, որ թանկացումների պատճառն առաջարկի կորն է, արտադրության ոչ բավարար լինելը: Սա նաեւ փաստում է, որ արտադրության ծավալների վիճակագրությունը կեղծված է: Այս տարվա թանկացումների գլխավոր պատճառը տնտեսական շոշափելի աճի բացակայությունն է”:
Իսկ ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում նկատեց, որ այսօրվա թանկացումներն անմիջական կապ ունեն գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների վերջին բարձրացման հետ. “Համոզված եմ, որ բազմաթիվ գործարարներ չէին էլ պատկերացնում, թե ինչ է նշանակում գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների նման բարձրացումը, եւ այն ինչ ազդեցություն կունենա իրենց տնտեսության վրա: Մեր քաղաքացիներն օգոստոս ամսին սկսեցին վճարել էլեկտրաէներգիայի հուլիս ամսվա վարձը, եւ բիզնեսի ներկայացուցիչներն ու հասարակ քաղաքացիներն անհանգստացած նշում էին, որ այդ բարձրացումներն արդեն զգալի են դարձել”:
Նրա խոսքով՝ առաջիկայում սկսվելու է գների բարձրացման նոր էտապ, որը, ըստ նրա, կապված է ձմեռային սեզոնի գալստյան հետ. “Սա կլինի այնքան ժամանակ, քանի դեռ մեր տնտեսությունն այսպիսին է: Ըստ էության, համարում են բաց շուկայական տնտեսություն, բայց ինքը փակ ադմինիստրատիվ մեթոդներով կառավարվող տնտեսություն է, որովհետեւ չկա մրցակցություն, հետեւաբար այդ պայմաններում անընդհատ գների բարձրացում է լինում: Իսկ գները կնվազեն այն ժամանակ, երբ կլինի մրցակցություն, նոր տեխնոլոգիաների կամ աշխատանքի կազմակերպման նոր ձեւերի ներդրում, որը մեզ մոտ ո՛չ ընդունվում է, ո՛չ էլ որեւէ մեկը դրա մասին մտածում է: Ցավում եմ, բայց լավ բան ասել չեմ կարող: Մեր ժողովուրդը պետք է սպասի` առաջիկայում գների բարձրացման ալիք է սկսվելու”:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 619 համար