Սեպտեմբերի 23-ին Սոչիում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հանդիպումը: Այս հանդիպումը Հայաստանի համար բավականին կարեւոր կարող է լինել` հաշվի առնելով Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի որոշման շուրջ առկա բազմաթիվ անորոշություններն ու դեռեւս չհամաձայնեցված հարցերը: Ինչպես հայտնի է, Հայաստանից բացի ՀԱՊԿ-ին անդամակցող հինգ երկրներից երեքը` Ռուսաստանը, Բելոռուսը եւ Ղազախստանը հանդիսանում են Մաքսային միության անդամներ, իսկ Ղրղզստանն ու Տաջկստանն էլ արդեն իսկ հայտնել են ՄՄ-ին անդամակցության իրենց մտադրությունների մասին: Ասել է թե` Սոչիում կհանդիպեն Մաքսային միության եւ Եվրասիական միության պոտենցիալ անդամները, հետեւաբար` քննարկվելիք հարցերի շրջանակը խիստ կարեւոր կլինի մեզ համար: Թեեւ Մաքսային միության ձեւավորման հարցում առանցքային դերակատարը Ռուսաստանն է, այդուհանդերձ այդ կառույցում բավականին մեծ ազդեցություն ունի նաեւ Ղազախստանը, որի նախագահ Ն. Նազարբաեւն, ինչպես արդեն նշել ենք, ամեն կերպ փորձում է ընդդիմանալ Հայաստանի անդամակցությանը ՄՄ-ին եւ մշտապես հանդես է գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման դիրքերից: Ուստի, այս երկիրը եթե չկարողանա էլ խանգարել Հայաստանի անդամակցությանը ՄՄ-ին, ապա ամեն ինչ կանի` թույլ չտալու համար, որ Ղարաբաղը եւս հայտնվի ՄՄ գոտում: Եվ այս առումով ՀԱՊԿ երկրների ղեկավարների առաջիկա հանդիպման ընթացքում հնարավոր է, որ լինեն քննարկումներ եւ որոշակի հստակեցումներ: Ամեն դեպքում, Սերժ Սարգսյանը թերեւս այս փուլում այդքան էլ շահագրգռված չէ, որպեսզի Ղազախստանի հետ այդ հարցը կարգավորվի, քանի որ դա Մաքսային միությանն անդամակցելուց խուսափելու, վատագույն դեպքում այդ գործընթացը ձգձգելու միակ հնարավորությունն է: Այլ բան է, որ այդ ամենը գիտակցում է նաեւ Ռուսաստանը, ու ըստ ամենայնի, այս հավաքի բուն նպատակը հենց Մաքսային միության հետ կապված խնդիրների քննարկումն է` բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Ու թեեւ ՀՀ նախագահականն առաջիկա հանդիպման մասին լռում է, եւ առայժմ հայտնի չէ, թե արդյոք այդ հանդիպմանը կմասնակցի նաեւ Սերժ Սարգսյանը, կարելի է չկասկածել, որ նա չի կրկնի նախորդ անգամվա վարքագիծը եւ իրեն թույլ չի տա չներկայանալ Սոչի (հիշեցնենք, որ մայիսին Սերժ Սարգսյանը բոյկոտեց Աստանայում կայացած ՀԱՊԿ եւ ԵվրԱզԷսի գագաթնաժողովները): Իսկ այն մասին, թե արդյոք Սոչիում ՀՀ իշխանությունները կհամարձակվեն բարձրացնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի հերթական խմբաքանակի վաճառքի հարցը, կարծում ենք, ավելորդ է անգամ խոսելը:
ՉՈՐՍ ԱՄԻՍ ԱՆՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ