«ՍԱ ՄԻ ՏԵՍԱԿ ԳԺՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 20-ին` ՀՀ անկախության տոնի նախօրեին, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանն ու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել էին հանրահավաք անցկացնել, սակայն տարբեր հրապարակներում:  «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հետ, որն ասաց, թե Ր. Հովհաննիսյանի թիմից առաջարկություն է եղել հանրահավաքն անցկացնել մեկ հրապարակում՝ միասին:
-Պարո՛ն Հայրիկյան, Դուք որոշել եք միանալ «Ժառանգության» առաջնորդ Ր. Հովհաննիսյանին, որպեսզի միասի՞ն անցկացնեք նախատեսված հանրահավաքը: Օրակարգն արդեն որոշվա՞ծ է:
-Համատեղ հանրահավաք ենք անում, այդպես է եղել առաջարկը: Մարդիկ սիրուն բան առաջարկեցին, երբ ասացինք` ինչ անենք, քանի որ նույն օրն է լինելու հանրահավաքը: Այժմ միասին քննարկվում է օրակարգը: Եթե մենք անեինք, ապա մեր օրակարգում մի քանի հարցեր կային՝ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին կանդրադառնայինք, դրա ստեղծման տարօրինակությանը, քանի որ հանրայնորեն չի ներկայացվել որեւէ հարց, մանավանդ հանրապետականների կողմից: Այդպես մի քանի հարցեր կային, եւ, իհարկե, սեպտեմբերի 21-ի կայացման ճանապարհը: Հիմա, չգիտեմ, պետք է խտացնենք այդ բոլորը:
-Նշեցիք, որ հանրահավաքը նվիրված է ՀՀ անկախության տոնին, սակայն Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանը միանալու որոշումից հետո տեսակետ կա, որ մենք կորցնելու ենք մեր ինքնիշխանությունը:
-Մենք չենք կորցնում, բայց նման մի բան: Այն, ինչ կարելի էր դե ֆակտո կորցնել, ոչ թե դե յուրե, դա Հայաստանն արդեն կորցրել է` շնորհիվ իր առաջին, երկրորդ եւ այժմ էլ կարող ենք ասել` երրորդ նախագահի: Այսինքն՝ կորցնելու նոր բան քիչ կա: Հիմա մոտենում է դե յուրեին, որ պետք է ռուբլի մտցնել, որը հակասում է ՀՀ Սահմանադրությանը եւ նման բաներ: Բայց ամեն ինչ կորած չէ, դեռ պառլամենտ կա, մենք կանք, փառք Աստծո:
-Ըստ Ձեզ, ի վերջո, ՄՄ-ին անդամակցելը Հայաստանի համար լա՞վ է լինելու, թե՞ ոչ: Արդյո՞ք անհրաժեշտ էր, որ կրկին ապրեինք ՌԴ-ի «լծի» տակ, եւ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն այդ ամենը կանխելու համար:
-Ես արդեն ներկայացրել եմ իմ դիրքորոշումը՝ այդ հարցի հետ կապված: Բայց ընդհանրապես լավ է, թե վատ է… ամենավատն այն է, որ մարդ չգիտի, թե ուր է գնում, երբ ինքը կառավարող կուսակցություն է, մարդկային հավաքականություն: Եթե դարձել եք Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ եւ ուրախանում էիք դրանով, բա ո՞նց է՝ դրանից հետո ուրիշ բանի մասին եք խոսում: 10 տարուց ավելի ես էլ եմ աշխատել ԵԺԿ-ի հետ, հրավիրվել եմ  համագումարներին… Բայց քանի որ պառլամենտական չէ, իշխանությունը որոշեց, թե լավ ասպարեզը զիջեցինք ուրիշներին: Հիմա էդ ուրիշները… Էս ի՞նչ դեբիլանոց է բառի իսկական իմաստով: ԵԺԿ-ն Մաքսային միությանը կողմ կարո՞ղ է արտահայտվել: Սա մի տեսակ գժության գագաթ է: Բայց չէ՞ որ Սերժ Սարգսյանը եղել է ԵԺԿ-ի միջոցառումներին, հպարտացել եւ ուրախացել են, որ դարձել են իբրեւ թե լիարժեք անդամ. լիարժեք անդամ չի էլ կարող դառնալ ոչ մեկը: Ինչեւէ, տարօրինակ բաներ շատ կատարվեցին: Ու ամենամեծ տարօրինակությունն այն էր, որ մենք սեպտեմբերի 21-ն անվանում ենք անկախության օր՝ սա էլ Լեւոնի պարտադրած դեբիլությունն է: Դրա համար էլ ադրբեջանցիք աշխարհով մեկ ասում են՝ տեսե՛ք, իրենք 22-ամյակ են նշում, սրանք քոչվոր ցեղեր են, եկել են Հայաստան, բնակվել… իսկ մենք 95-ամյակն ենք նշում: Այդ հարցը բոլորի հետ քննարկել եմ, ու բոլորն էլ համաձայն են, որ դա հայ ժողովրդի ինքնորոշման օրն է: Բոլոր նախագահները վախենում էին դրանից, հիմա, Սե՛րժ, դու եվրոպական համակարգի կրող ես, ինչի՞ց ես վախենում: Ինչո՞ւ ես վախենում ինքնորոշում բառից: Իսկ անկախության օրը եղել է Հայկի ու Բելի կռվի օրը:
-Նշեցիք, որ շատ սխալ որոշում է ՄՄ-ին միանալը, հիմա Դուք ի՞նչ եք առաջարկում, ժողովուրդը պետք է ընդվզի եւ հասնի Ս. Սարգսյանի իշխանափոխությա՞նը: Դուք ինքներդ պատրաստվո՞ւմ եք այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել:
-Դուք լրագրող եք, չէ՞, ոչ թե հեղափոխական: Ուրեմն ուզենք-չուզենք, այդ ՄՄ-ն ժամանակ է պահանջում, այդ փաստաթղթերը պետք է մեկ առ մեկ անցնեն հանձնաժողովներով, Սահմանադրական  դատարանը պետք է կարծիք հայտնի, պառլամենտում պետք է քննարկվի: Իսկ արժեքների համար միշտ էլ պետք է համախմբվել, բայց խուճապի մատնվել պետք չէ: Դա այն հարցը չէ, որ ասենք` հենց այսօր անենք, թե չէ վաղը կորած ենք: Բայց պետք է սկսել այդ աշխատանքները կազմակերպել: Դրա համար էլ որոշեցինք Րաֆֆու հետ միասին հանրահավաք անցկացնել:
-Այդ դեպքում արժե՞ր այս իշխանության «ձեռքից» գումար վերցնել, որպեսզի բուժում ստանայիք…
-Հանրապետության զինվորը երբ վիրավորվում է, պետությունը բոլոր զինվորների կարիքը հոգում է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս