ՄԵՐԺԵՑԻՆ
Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու եւ նրան ազատ արձակելու միջնորդությունը, որը ստորագրել էին 110 հոգի, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, մտավորականներ, արվեստագետներ, լրագրողներ։
ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ
Եթե որեւէ երկիր չի համապատասխանում «Հազարամյակի մարտահրավերներ»-ի 13 ցուցիչներին` քաղաքական, տնտեսական եւ դատաիրավական ոլորտներում, այն իրավասու չէ անգամ հավակնել այս սահմանափակ օգնությանը: Այս մասին «Ազատությանն» ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը՝ հավելելով, որ Հայաստանը հաջողության հասավ առաջին փուլում, բայց ներկայումս չի համապատասխանում կոռուպցիոն ոլորտին վերաբերող ցուցիչին: «Այս ցուցիչը պետք է լինի, այսպես կոչված, «կանաչ լույս»: Հայաստանում այդ ցուցիչն այժմ «կարմիր լույս» է, բայց շատ մոտ է այն մակարդակին, որը պահանջվում է «կանաչի» վերածվելու համար: Բայց այսօր փաստն այն է, որ հակակոռուպցիոն ցուցիչը Հայաստանի համար «կարմիր» դաշտում է»,-ասել է դեսպանը:
ՀԱԿ-Ը ՉԿԱ
«ՀԱԿ խմբակցությունը ո՞ր քաղաքական ուժին է պատկանում: Դաշինքը չկա, 3-4 կուսակցությունը չի լինի 15 հոգու դաշինք, դա կարող է լինել նախկին դաշինքը, մենք իրավունք ունե՞նք այդպես վարվել, թեկուզ նրանով, որ ՀՀՇ-ն չկա, ՀԺԿ-ն չկա, Արամ Սարգսյանի կուսակցությունը չկա: Քաղաքական ուժը կար, ՀԱԿ խմբակցությունը ստեղծվեց, հետո այդ ուժը վերացավ: ՀԱԿ խմբակցությունը չի կարող պարտադրել բոլոր 7 հոգուն ինչ-որ որոշում, որովհետեւ այդ ուժը չկա, որ հավաքվեր, նիստ աներ, ասեր՝ սա է մեր որոշումը»,-իր` ՀԱԿ խմբակցության նիստերին չմասնակցելն «Ազատությանն» այսպես է պարզաբանել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«ՄՈՒՐԱՑԻԿ» ԵՆ
5 օր առաջ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ ստորագրեց նամակ-համաձայնագիր՝ Հայաստանի դատաիրավական ոլորտում աջակցության ծրագրերի իրականացման համար մոտ 2,2 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրելու մասին: Երեկ էլ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ծրագրի ղեկավար Քերըն Հիլլիարդից խնդրեց 1 մլն ԱՄՆ դոլար՝ իբրեւ թե գյուղատնտեսական հաշվառումն իրականացնելու նպատակով:
ԵՎՐՈՊԱՑԻՔ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ ԵՆ
ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցը սեպտեմբերի 20-ին պաշտոնապես կբացի հայկական ավագ դպրոցների համար նախատեսված ԵՄ դասընթացը Վարդենիկի թիվ 3 ավագ դպրոցում: Դասընթացը մշակվել է ԵՄ կենտրոնի կողմից` ՀՀ ԿԳՆ-ի հետ համագործակցությամբ` երիտասարդության շրջանում ԵՄ-Հայաստան համագործակցության մասին գիտելիքն ու ըմբռնումն ընդլայնելու նպատակով:
ՓԱԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Երեկ՝ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ ՀՀ ԱԺ պատգամավորների փակ հանդիպման ժամանակ, քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունները: ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանի ներկայացմամբ` հանդիպմանը քննարկվել են նաեւ տարածաշրջանային հարցեր: