ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի՝ Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարները հաստատել են, որ պատրաստ են հունիսին հանդիպել ԼՂՀ խնդրի շուրջ բանակցությունները վերսկսելու նպատակով: «Նախարարները հաստատել են նախագահների համաձայնությունը հունիսին անցկացնելու բանակցությունների հաջորդ փուլը` նպատակ ունենալով վերսկսելու բանակցությունները համապարփակ կարգավորման շուրջ»,- ասված է համանախագահների հայտարարությունում: Հիշեցնենք, որ քառօրյա պատերազմից հետո Արցախի իշխանությունները նախագահ Բակո Սահակյանի շուրթերով միանշանակ ազդարարեցին, որ ԼՂՀ խնդրի շուրջ չի կարող արդյունավետ բանակցություն տեղի ունենալ, առանց Արցախի ներկայացուցչի մասնակցության: Թվում էր, թե այդ ամենից հետո ՀՀ իշխանությունները խնդրի կարգավորման շուրջ բանակցությունները կվերսկսեն միայն Արցախի՝ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալուց հետո: Բայց ինչպես տեսնում ենք՝ ՀՀ իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, չեն համարձակվում ստեղծված իրավիճակն օգտագործելով՝ պնդել, որ Արցախը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ:
Ի դեպ, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում եւս մեկ անգամ վերահաստատել է Արցախի դիրքորոշումը բանակցությունների վերաբերյալ. «Մենք միշտ ասում ենք, որ պետք է լիարժեք ձեւաչափը վերականգնվի, պարզապես համապարփակ կարգավորման համար այլ տարբերակ չկա: Բայց դեռեւս Ադրբեջանը ամեն ինչ անում է, որպեսզի մեզ մոտ չվերականգնվի բանակցային գործընթացի ձեւաչափը: Ինչքան ես գիտեմ, եւ հայտարարվել է՝ համանախագահները կրկին փորձելու են հանդիպում կազմակերպել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ: Արցախի մասնակցությունը օրակարգում է, բայց այս հանդիպման ընթացքում Արցախը չի մասնակցելու»,- ասաց Բաբայանը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, աշխատակիցների հետ շփումներում հաճախակի է ափերից դուրս գալիս՝ դրսեւորելով ակնհայտ նյարդային վարքագիծ, ինչը նախկինում նրա մոտ չի նկատվել: Ներկայումս դժվար է ասել, թե Սեյրան Օհանյանի վարքի պատճառը որն է: Արդյոք նա գիտակցում է, որ ՊՆ-ում բացահայտված չարաշահումների համար կոռումպացված պաշտոնյաներից հետո ամենաշատ պատասխանատվություն կրող անձը հենց ինքն է: Բացառված չէ, նաեւ, որ իշխանական վերնախավում նրան արդեն իսկ տեղեկացրել են, որ ինքը լավագույն դեպքում մինչեւ եկող գարնանը կայանալիք ԱԺ ընտրությունները կպաշտոնավարի, դրանից հետո իր քաղաքական կարիերան ավարտված է: Եթե այդպիսի բան տեղի է ունեցել, ապա նա իսկապես նյարդանանալու առիթ ունի: Ի վերջո, մի պահ նրա գործերն այնքան «լավ» էին, որ հենց Օհանյանին էին համարում Սերժ Սարգսյանի ժառանգորդը: Իսկ այսօր, շնորհիվ նրա ծաղկասեր տիկնոջ ու պաշտոնավարման մեթոդների, նախարարի պաշտոնում մնալն անգամ արդեն անընդունելի է դարձել:
Հայաստանի քաղաքական դաշտի փոքր կուսակցություններն այս օրերին փորձում են իրենց համար հասկանալ, թե ում հետ կարող են դաշինք կազմել: «Ժողովուրդ»-ը «Հայոց համազգային շարժում» կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանից փորձեց պարզել, թե իրենց կուսակցությունն ինչպես է պատկերացնում ԱԺ ընտրություններին իրենց մասնակցությունը, ում հետ է դաշինքով հանդես գալու: «Գտնում ենք, որ միայնակ ոչ իշխանական քաղաքական ուժի, կուսակցության համար դժվար կլինի հաղթահարել (ԱԺ-ում խմբակցություն ունենալու համար անհրաժեշտ նվազագույն շեմը,- խմբ.): Մենք գտնում ենք, որ պետք է փորձել ձեւավորել նոր նախընտրական դաշինք եւ փորձել հասնել հաջողության»,- ասաց պարոն Զուրաբյանը: Իսկ այն հարցին, թե ՀՀՇ-ն որ կուսակցության հետ ոչ մի դեպքում դաշինք չի կազմի, Զուրաբյանը պատասխանեց. «Ապրում ենք Հայաստանում, որտեղ առկա են տարբեր քաղաքական ուժեր եւ մենք բոլորի հետ պատրաստ ենք գնալ դաշինքի, եւ կարծում եմ՝ թվարկելու կամ ասելու հարց չկա»:
Այն հանգամանքը, որ Հայաստանի՝ հատկապես պետական բուհերը իշխող ՀՀԿ-ի քարոզչական ֆիլյալների են վերածվել, թերեւս վաղուց հայտնի իրողություն է: Ուսանողներին ուսխորհուրդների անդամների օրինակով բուհում ակնառու մատնացույց են անում, որ եթե նրանք ցանկանում են «կարիերա» ունենալ, ապա պետք է անդամագրվեն իշխող կուսակցությանը: Այսինքն՝ գործում է նույն մոտեցումը, որն առկա էր Խորհրդային Հայաստանում, երբ բոլոր բուհերի ուսանողներին պարտադրում էին կոմունիստ դառնալ՝ սպառնալով, որ նրանք այլապես հեռանկար չեն ունենա: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանից երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչպես է նա մեկնաբանում այն փաստը, որ ինքը, որպես ՀՀԿ-ական, իր օրինակով մայր բուհը ամբողջությամբ կուսակցականացրել է: Ի պատասխան՝ նա ասաց. «Մի քիչ ուռճացված է այդ պրոբլեմը, որովհետեւ նույն մեր ուսանողական խորհուրդը համարում են հանրապետական, բայց դա այդպես չէ: Օրինակ՝ ուսանողական խորհրդի նախագահը հանրապետական չէ»: Այլ կերպ ասած՝ մի ուսանող հաջողացրել է «պլստալ»:
ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ
Երեկ առավոտից Գողթ համայնքի բնակիչները փակել էին Գողթ-Գառնի ճանապարհը՝ պահանջելով չեղարկել Գեղարդալճից ինքնահոս ոռոգման եղանակով Կոտայքի մարզի մի քանի համայնքներին ջրի մատակարարման ծրագիրը: Նշենք, որ այս ծրագիրն էլ, ինչպես Գառնիից Ազատ գետի ջուրը Քաղցրաշեն հասցնելու ծրագիրը, իրականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: Մի քանի ամիս տեւած պայքարի արդյունքում եւ հատկապես ապրիլի կեսերից Գառնի-Երեւան զբոսաշրջային ճանապարհը չորս անգամ փակելու գնով գառնեցիները, ի վերջո, կարողացան հասնել այն բանին, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ինքն այցելելով Գառնի՝ հայտարարեց ծրագրի դադարեցման մասին: Սա ուշագրավ քայլ էր, քանի որ Քաղցրաշենի ոռոգման ծրագիրը կապվում էր հենց Հովիկ Աբրահամյանի անվան հետ եւ նշվում էր, որ այդ ծրագրի նպատակը վերջինիս, ինչպես նաեւ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանին եւ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին պատկանող տասնյակ հեկտարների հողատարածքները ոռոգելն է՝ ի հաշիվ գառնեցիներին այնքան անհրաժեշտ ջրային պաշարների: Գեղարդալճի դեպքում էլ գողթեցիները հայտարարում են, որ նպատակը ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին պատկանող հողատարածքները ոռոգելն է, եւ պնդում՝ պայքարելու են մինչեւ վերջ:
Այս իրավիճակում կա երկու ուշագրավ հանգամանք. նախ՝ ՀԲ-ն, իհարկե, իրականացնում է ֆինանսավորումը, սակայն թե հատկացված 30 միլիոն դոլարի վարկը կոնկրետ որ ծրագրերի իրագործման համար պետք է տնօրինվի, որոշել է կառավարությունը: Ասել է, թե այստեղ խոսքը շատ կոնկրետ կոռուպցիոն ռիսկի կամ գոնե դրա հետ կապված հանրային կասկածի մասին է:
Տակավին օրերս Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե Հայաստանում չկան մենաշնորհներ, սակայն սոցիալական նշանակություն ունեցող որոշ կարեւորագույն ոլորտներ հանրության կողմից ընկալվում են որպես մենաշնորհ: «Պատճառն այն է, որ այս ապրանքային շուկաներում առկա է կենտրոնացվածության բարձր աստիճան, ինչը բերում է այնպիսի ռիսկերի, ինչպիսիք են մրցակցության խաթարումը, փոքր եւ միջին ձեռնարկատերերի շուկայից դուրս մղումը եւ նորերի մուտքի սահմանափակումը, սպառողների շահերի ոտնահարումը, կոռուպցիան, գների անհիմն տատանումները եւ, ի վերջո, երկրում համախառն տնտեսական վնասի առաջացումը»,- նշել է վարչապետը եւ կարեւորելով այդ ամենի վերացումը՝ հանձնարարեց ՊԵԿ-ին եւ Էկոնոմիկայի նախարարությանը մշակել մեխանիզմներ հավասար մրցակցության համար:
Արդ՝ ինչն է խանգարում, որ Հովիկ Աբրահամյանը նույն կերպ փորձի փարատել հանրային ընկալումներում առկա մտահոգությունը նաեւ այս ջրագծերի հարցում: Ի վերջո, այստեղ էլ է փորձ արվում մենաշնորհային դիրքերի հասնել՝ խաթարելով ազատ եւ հավասար մրցակցության սկզբունքը: Գյուղատնտեսությամբ հարստանալը, իհարկե, վատ բան չէ, եթե դա չի արվում փոքր եւ միջին գյուղատնտեսների ոռոգման ջրի հաշվին: