ՀՀՇ-Ն ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ՁԵՎԱՎՈՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախընտրական տարին մոտենում է, եւ քաղաքական դաշտում արդեն իսկ սկսել են նախապատրաստական աշխատանքները: Հատկապես նոր Սահմանադրության եւ նոր ընտրական օրենսգրքի ընդունումից հետո առաջիկա ընտրապայքարն առավել դժվարանալու է փոքր կուսակցությունների համար, եւ այս առումով 2017 թվականին խորհրդարանում հայտնվելու համար, թերեւս, պետք է մշակվեն նոր մոտեցումներ ու մարտավարություններ:
Երեկ «Ժողովուրդ»-ն այս առնչությամբ մի քանի հարցեր է ուղղել Հայոց համազգային շարժում կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանին:

-Պարո՛ն Զուրաբյան, 2017 թվականին ՀՀՇ-ն մասնակցելո՞ւ է խորհրդարանական ընտրություններին, եւ այժմ կուսակցությունն ի՞նչ գործունեություն է ծավալում:
-Ես կարծում եմ՝ որոշ հարցերի պատասխանները վերջնական ունենալու համար մի քիչ վաղ է, որովհետեւ պրոցեսները դեռ ընթանում են: Հիմա մենք ընտրական նոր օրենսգրքին ավելի լայն շրջանակներով ծանոթանում ենք, որպեսզի հասկանանք, թե այն ամբողջությամբ ինչից է բաղկացած: Առանցքային կետերը հասկանալի են, բայց մանրամասն պետք է ուսումնասիրել: Բնականաբար, մտածում ենք, քննարկում ենք հնարավարությունը՝ ընտրությունների մասնակցության, միաժամանակ գտնում ենք, որ միայնակ ոչ իշխանական քաղաքական ուժի, կուսակցության համար դժվար կլինի հաղթահարել սահմանված շեմը: Մենք գտնում ենք, որ պետք է փորձել ձեւավորել նոր նախընտրական դաշինք եւ փորձել հասնել հաջողության:
-Դուք արդեն հստակեցրել եք, թե որ քաղաքական ուժերի հետ եք պատրաստվում 2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցել:
-Մենք մշտապես նշել ենք, որ այստեղ շատ կարեւոր է, որպեսզի քաղաքական դավանանքը նույնական կամ շատ մոտ լինի, այլ կերպ չենք պատկերացնում մասնակցությունը: Մեզ համար ավելի հոգեհարազատ քաղաքական ուժերի հետ կարող ենք գնալ, այն ուժերի, որոնց հետ ունենք որոշակի անցած ճանապարհ կամ պատկերացնում ենք համատեղ գործունեությունը:
-Թեեւ նշեցիք, որ նոր ԸՕ-ն մանրամասն քննարկման կարիք ունի, այդուհանդերձ, խնդրում եմ ներկայացրեք, թե որոնք են այն հիմնական դրույթները, որոնք Ձեզ համար, ՀՀՇ-ի համար անընդունելի կամ խնդրահարույց են նոր ընտրական օրենսգրքում:
-Խնդրահարույց կամ ոչ խնդրահարույց, հիմա սա առկա իրողությունն է, որով պետք է առաջնորդվենք: Ինչու ենք հիմա փորձում մանրամասն ուսումնասիրել այն, որովհետեւ, ի վերջո, բոլորին թվում է, որ բոլոր հարցերի պատասխանները գիտեն: Բայց ես կարծում եմ, որ նախկին ընտրական օրենսգիրքը կազմողները, առանձին հարցերը չհաշված, մեծամասնությունը լիարժեք պատկերացում չունի այն նյութից, որի մասին մշտապես խոսում է, ինչեւէ: Ես կարծում եմ, որ այս ընտրական օրենսգիրքը ունի էլեմետներ, որոնք բարդացնում են կյանքը, բայց նաեւ ունի էլեմենտներ, որոնք հնարավորություն են տալիս քաղաքական թիմերին հայտնվել պառլամենտում: Այն, որ ձայները չեն կորչում, եւ յուրաքանչյուր ստացված ձայն ի օգուտ է գնում քաղաքական ուժին, ես դրական եմ գնահատում: Կապրենք, կտեսնենք:

 

 

 
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՏԵՂ ՉԷ

Հատկապես կոռուպցիայի դեմ կառավարության հայտարարած պայքարի այս փուլում շատ է խոսվում նաեւ կրթական համակարգի կոռումպացվածության մասին: Ինչ քայլեր են արվում ԵՊՀ-ում՝ կաշառակերության դեմ պայքարելու համար: Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ:

-Պարո՛ն Սիմոնյան, տարիներ շարունակ դժգոհություններ կան, որ համալսարանների ուսանողական խորհուրդները հանրապետականացված են, ինքներդ էլ ՀՀԿ-ական եք: Ինչո՞ւ է բուհում ուսանողի քաղաքական մտածողությունը ուղղորդվում:
-Մի քիչ ուռճացված է այդ պրոբլեմը, որովհետեւ նույն մեր ուսանողական խորհուրդը համարում են հանրապետական, բայց դա այդպես չի: Օրինակ՝ ուսանողական խորհրդի նախագահը հանրապետական չէ: Նույնիսկ համալսարանի ղեկավարը լինելով կուսակցական, մենք թույլ չենք տալիս, որպեսզի համալսարանը վերածվի կուսակցական քարոզչության վայրի: Ոչ ոք չի կարող մեղադրել համալսարանի ռեկտորին, ղեկավար կազմին, որ մենք համալսարանի ներսում ուղղորդում ենք ուսանողներին եւ քաղաքական գործունեությամբ ենք զբաղված: Դա նախ արգելված է օրենքով, եւ երկրորդը մենք ուղղակի դա չենք անում, որովհետեւ գտնում ենք, որ դրա կարիքը բացարձակ գոյություն չունի: Համալսարանը քաղաքական խաղերի, անցուդարձի տեղ չի:
-Մի քանի տարի առաջ բուհի կաշառակեր դասախոսների անունները փակցվեցին շենքերի պատերին, դրանից հետո ինչ-որ բան փոխվե՞լ է կաշառակեր դասախոսների գործունեության մեջ: Անձամբ Դուք ի՞նչ հետեւություններ արեցիք:
-Դա շատ ցավոտ թեմա է: Կաշառքն ապացուցելը շատ դժվար երեւույթ է: Ես կարծում եմ, որ դա պատկան մարմինների գործն է: Բարձրագույն կրթության ոլորտում, այդ թվում՝ համալսարանում, իհարկե, կան, լինում են կաշառակերության, հովանավորչության դեպքեր, դրա համար էլ մենք ունենք հակակոռուպցիոն պայքարի հատուկ ծրագիր, որը ամեն տարի թարմացվում է: Մենք այդ պրոբլեմը չենք թաքցնում եւ չենք էլ կարող թաքցնել, որովհետեւ մենք հասարակությունից առանձնացված չենք, եւ միամտություն կլիներ կարծել, որ կաշառակերություն չկա, աչքերս փակեմ, ասեմ՝ չկա: Ուրիշ բան է, որ մենք փորձում ենք սահմանափակել եւ մեզ շատ բաներ հաջողվում է: Քաղցկեղի նման բան է կաշառակերությունը, եթե դու դրա դեմ չես պայքարում, ինքը անընդհատ աճելու է, որովհետեւ իրավիճակն է շատ դեպքերում դրան մղում: Չեմ արդարացնում, եւ դա նողկալի բան է, բայց կա ցածր աշխատավարձ, կա մարդկանց ձգտում ավելի լավ ապրելու, հեշտ ձեռք գցելու դրամական միջոցներ, օգտագործելու, չարաշահելու իրենց դիրքը կամ լծակները: Մեր խնդիրն է այս բոլորի դեմ պայքարելը:
-Սերժ Սարգսյանը ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Այս հանգամանքը ի՞նչ է տվել բուհին ժամանակակից կրթահամալիր դառնալու, որակյալ կադրեր ստանալու հարցում:
-Ինքնին հասկանալի է, եթե երկրի ղեկավարն է քո հոգաբարձուների խորհրդի նախագահը, պատասխանատվության չափաբաժինը մեծանում է` հատկապես ռեկտորի եւ ռեկտրատի անդամների: Մեր հոգաբարձուների խորհրդի նախագահը շատ բազմազբաղ մարդ լինելով՝ համալսարանով հետաքրքրվում է, ավելին՝ անընդհատ վերահսկում է համալսարանի աշխատանքը: Դա սթափեցնող եւ որոշակի պարտավորեցնող նշանակություն ունի: Նա հոգ է տանում, որ համալսարանը ավելի ակտիվ լինի միջազգային գրանտային ծրագրերում:
Հ.Գ. Հարցազրույցի շարունակությունը կարող եք կարդալ Armlur.am-ում:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 
ԿԻՍԱԾԱՌԱՅԱԾ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ
Ինչպես հայտնի է` նախօրեին ՀՀ պաշտպանության փոխնախարար նշանակվեց Դավիթ Փախչանյանը, նա միաժամանակ նշանակվել է նաեւ պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ: Վերջինիս կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա «Այբ» ակումբ, «Այբ» կրթական եւ «Բենհուր Փախչանյան» բարեգործական հիմնադրամի համահիմնադիրն է, 2014-ից մինչ նշանակման պահը հանդիսացել է «Դիլիջան կենտրոնական դպրոցի» եւ «Այբ» կրթական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահը: Ի դեպ, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում ուսանելու ժամանակ անցել է ռազմական պատրաստություն, ունի պահեստազորի լեյտենանտ զինվորական կոչում: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ ՀՀ պաշտպանության նորանշանակ փոխնախարար Դավիթ Փախչանյանը ժամկետային զինվորական ծառայություն չի անցել:

 

 

ՔՐԳՈՐԾԸ ՄԱՍՆԱՏԵՑԻՆ
2015 թվականի մայիսի 20-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի առիթով հարուցված քրեական գործը մասնատվել է: Ինչպես հայտնի է՝ դեռեւս մեկ տարի առաջ այս քրեական գործի շրջանակներում կալանավորվել էին Սյունիքի մարզի բնակիչներ Հենրիկ Ավագյանը, Գարեն Աթաջանյանը, Վիտալի Մինասյանը եւ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը` Արա Բուդաղյանը: Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Հենրիկ Ավագյանի մասով քրեական գործի վարույթն առանձնացվել է, եւ ԱԱԾ-ն հայտարարել է նրա մասով նախաքննության ավարտի մասին: Ասել է, թե մարզպետի մահափորձի գործով մեկ կալանավորի մասով մեղադրական եզրակացությունն առաջիկայում կուղարկի ՀՀ գլխավոր դատախազություն՝ հաստատման եւ դատարան ուղարկելու համար: Իսկ, ահա, մյուս կալանավորների՝ Գարեն Աթաջանյանի, Վիտալի Մինասյանի եւ Արա Բուդաղյանի մասով քրեական գործի նախաքննությունը կշարունակվի:

 

 

ՉԵՆ ԱՐՏԱԴՐՈՒՄ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին չորս ամիսների արդյունքներով ցեմենտի արտադրությունը Հայաստանում նվազել է շուրջ 24 տոկոսով, իսկ գաջի արտադրության անկումը կազմել է ավելի քան 60 տոկոս: Տուֆի արտադրությունը նվազել է 38 տոկոսով, տուֆի ուղիղ կտրվածքինը՝ 63 տոկոսով: Փոխարենը շինարարական համեմատաբար թանկարժեք քարերի, օրինակ՝ մարմարի, գրանիտ, տրավերտինի եւ ֆիզլիտի արտադրությունը զգալի աճել է: Նկատենք, որ նշված քարերը օգտագործվում են շենքերի երեսապատման նպատակով, եւ ոչ բոլորին են հասու: Այլ կերպ ասած՝ տնտեսական վիճակի վատթարացումը էլիտարի շինարարության վրա չի ազդել:




Լրահոս