ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԸ ՀՍՏԱԿ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի լրատվական դաշտը ներկայացնող մեկուկես տասնյակ լրատվամիջոցների՝ նախօրեին տարածած հայտարարությունը «ոչ լրագրողական» շրջանակներում լուրջ քննարկման առարկա է դարձել:

Հայտարարության հեղինակները, որոնց թվում են հայաստանյան թերթերի եւ լրատվական կայքերի մեծ մասը, իշխանություններից պահանջում են լրատվական դաշտում ընդհանուր խաղի կանոններ սահմանել: Հայտարարությունը չստորագրած լրատվամիջոցների արձագանքը հիմնականում բացասական է, բայց այն չի վերաբերում հայտարարության ընդհանուր բովանդակությանը: Հայտարարության հրապարակվելուց հետո միայն նախաձեռնության մասին տեղեկացած լրատվամիջոցներն արդարացի դժգոհում են, թե ինչու իրենց եւս այդ մասին չեն տեղեկացրել, որպեսզի նույնպես միանային: Որքան էլ մեր գործընկերների դժգոհությունը մեզ համար հասկանալի եւ ընդունելի է, փաստն այն է, որ այս նախաձեռնությունը սկսվել է դեռեւս մեկ ամիս առաջ, եւ բոլորին դրան մասնակից դարձնելու համար շատ ավելի երկար ժամանակ կպահանջվեր: Ուստի նախապատվությունը տրվել է լրատվական դաշտի, այսպես կոչված, հնաբնակներին` գիտակցելով, որ եթե հայտարարությունը ստորագրած լրատվամիջոցներին հաջողվի խնդրին լուծում տալ, ապա դրանից կշահեն նաեւ այն կայքերը, որոնք բողոքում են իրենց տեղյակ չպահելու դեմ:
Որքան էլ տարօրինակ հնչի, բայց փաստն այն է, որ հայտարարության բովանդակությանը դեմ են արտահայտվում կամ դրանում փորձում են լրատվական դաշտի դեմ ինչ-որ դավադրություն տեսնել քաղաքացիական ակտիվիստները: Նրանց կարծիքով նման նախաձեռնությունը, որի նպատակը բոլոր կայքերին եւս հարկային դաշտ բերելն է՝ հստակ հասցե եւ պատասխանատու ունենալու համար, կարող է օգտագործվել իշխանությունների կողմից` լրատվամիջոցներին ճնշելու համար: Քաղաքացիական ակտիվիստները կարող են անհոգ լինել: Հայտարարությունը ստորագրած օրաթերթերի մի զգալի մասը իր սեփական փորձով շատ լավ գիտի, թե իշխանություններից ինչպես եւ որ դեպքերում է հարկավոր պաշտպանվել:
Հայտարարությունը ստորագրած լրատվամիջոցների պահանջը շատ հստակ է. լրատվական կայքերը, ինչպես եւ թերթերը պետք է իրավաբանական անձ լինեն, ունենան տեղակայման հասցե, հետադարձ կոնտակներ, որոնց միջոցով հնարավոր կլինի կայքի պատասխանատուներին գտնել, լրատվական դաշտում գործունեություն ծավալող եւ եկամուտ ստացող ցանկացած ոք իրավական տեսանկյունից թերթերի հետ հավասար պայմաններում պետք է լինի:
Ներկա իրողությունն այսպիսինն է. ցանցկացած ոք, ով 1 համակարգիչ ունի եւ գիտի այն օգտագործել, կարող է լրատվական կայք բացել: Արդյունքում վերջին տարիներին համացանցը ողողվել է տարատեսակ «կայքեր»-ով, որոնք ո՛չ լրագրող ունեն եւ ո՛չ էլ աշխատակազմ: Այդ կայքերը «ապրում» են թերթերի եւ իսկապես գործող կայքերի ստեղծած լուրերը գողանալով կամ էլ, լավագույն դեպքում, սոցիալական ցանցերում տեղադրվող կարծիքներն արտատպելով: Արդյունքում լրատվական դաշտը կատարելապես աղավաղվել է:
Այս շիլաշփոթը թույլ չի տալիս նաեւ, որ գովազդային ռեսուրսները լրատվական դաշտում` մրցակցության հիման վրա, հավասար պայմաններով բաշխվեն: Օրաթերթերն ու իսկապես գործող կայքերն այսօր լրագրողների հսկայական բանակ են պահում, որպեսզի լրատվություն արտադրեն: Իսկ ինչ-որ մարդիկ, ոչինչ չանելով, մատը մատին չտալով, պարզապես գողանում են պատրաստի արտադրանքը` այն ընթերցողին մատուցելով իբրեւ մամուլի տեսություն կամ էլ նյութը մի փոքր խմբագրելով՝ սեփականի անվան տակ են ներկայացնում: Գրագողերի ձեռքից հնարավոր չէ բռնել, որովհետեւ անհնար է պարզել, թե ով է պատասխանատուն: Չկա լրատվություն մատուցող ընկերություն, չկա նաեւ գողության համար պատասխանատու անձ, ումից կարելի է պատասխան պահանջել: Եթե կայքերի դեպքում եւս գործի իրավաբանական անձով գործունեություն ծավալելու պահանջը, ինչպես թերթերի պարագայում, ապա նրանց գտնելն ու պատասխանատվության ենթարկելը կդառնա ընդամենը տեխնիկայի հարց:
Լուրերի սպառողի, այն է ընթերցողի տեսանկյունից լրատվական դաշտի «զտումը» կարող է ձեռնտու չլինել, քանի որ այդ դեպքում արժանահավատ եւ օպերատիվ լուրեր ստանալ ցանկացողները, կարող է, ստիպված լինեն մի օր էլ վճարել:Այլապես մի օր կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ բարեխիղճ լրատվամիջոցները հնարավորություններ չունենալու պատճառով փակվեն, ու լրատվական դաշտի միակ խաղացողները լինեն որեւէ օլիգարխի, կամ իշխանական շրջանակների ֆինանսավորմամբ գործող մի քանի կայքեր: Հացի խնդիր լուծող գրագողերը եւս չեն լինի, քանի որ հիմնական լրատվամիջոցների չլինելու դեպքում նրանք եւս «հումքից» զրկված կլինեն. հայտնի ճշմարտություն է, որ իշխանահաճո լուրերը պահանջարկ չունեն:
Այնպես որ, մենք՝ լրագրողներս, գիտակցում ենք, որ ներկա փուլը զարգացման մի շրջան է, որը պետք է անցնենք: Բայց որպեսզի լրատվամիջոցները կարողանան իրենց իրավունքները պաշտպանել, նրանց գործիքներ են հարկավոր: Եւ ինքներս գիտենք դրանց տեղը, օգտագործման ձեւը ու կանենք դա՝ անկախ կարծիքներից: Դաշտը մաքրել է պետք մոլախոտերից:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՄԻԱՅՆ ԿՏՐՈՆՆԵՐՈՎ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն իր պաշտոնը ստանձնելուց հետո նախարարության աշխատակիցներին տեղեկացրել է, որ գործուղումների թիվը նվազագույնի պետք է հասնի: Իսկ հատուկենտ գործուղում մեկնողների համար էլ տեղեկացրել է, որ գործուղման գումարները վճարվելու են ըստ կտրոնների եւ հաշիվ ապրանքագրերի: Նախկինում՝ նախարար Արմեն Աշոտյանի օրոք, գործուղման գումարները տրվել են նախավճարի տեսքով, իսկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ այսուհետ գումարը գործուղումից վերադառնալուց հետո է հատկացվելու՝ ըստ ներկայացված փաստաթղթերի: Այս խնդրի վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ Լեւոն Մկրտչյանն ասաց. «Օրենքն է այդպես: Պետական գործուղում մեկնողը պետք է ներկայացնի հաշվետվություն եւ կտրոնը, որով գնում է, որտեղ է մնում, որպեսզի կարողանա փոխհատուցի: Գործուղման ծախսերն են, դա հո ես չեմ հորինել, կառավարման համակարգն է այդպես»:

 

 

ՊԵԿ-Ի  ԱՎՏՈՊԱՐԿԸ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է իրենց գերատեսչության ծառայողական ավտոմեքենաների ցանկը: ՊԵԿ-ն ունի 40 ծառայողական ավտոմեքենա, որից 12-ը 2007 թվականի ռուսական արտադրության «Վազ 21074», 2-ը՝ 2008-ի արտադրության ռուսական «Վազ 21214», 6-ը՝ 2010-ի արտադրության «Տոյոտա-Կորոլլա 1.4» եւ «ՀոնդաՀ-12.4» մակնիշի ավտոմեքենաներ են: Բացի այդ՝ ՊԵԿ-ն ունի նաեւ 2015 թվականի արտադրության 16 հատ ծառայողական ավտոմեքենա՝ «Գազ- 22177, 2.8», «Գազ A63R42, 2.8» եւ այլն: Նկատենք, որ դրանք գնվել են անցած տարի, երբ այս կառույցը գտնվում էր ֆինանսների նախարարության ենթակայության տակ: ՊԵԿ-ն ունի նաեւ 2013 թվականի արտադրության «Պեժո-Պարտնյոր 1.6» եւ նույն տարեթվի արտադրության «Միցուբիշի Լ-200 TD 2.5» մակնիշի ավտոմեքենաներ:

 

 

ՉԵՆ ՀԱՄԱՐՁԱԿՎՈՒՄ ԿԱՆՉԵԼ
Շուրջ երկու ամիս է, ինչ ՀՀ hատուկ քննչական ծառայությունը քննում է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի` Պանամայի օֆշորային գործի հետ կապված քրեական գործը: Մեր տեղեկություններով` մինչ օրս ՀՔԾ քննիչները Միհրան Պողոսյանին հարցաքննության չեն կանչել:Ինչո՞ւ մինչ օրս նրան ՀՔԾ չեն հրավիրել: Այս խնդրի վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության հասարակայնության եւ լրատվության հետ կապերի բաժնի պատասխանատու Միքայել Ահարոնյանն ասաց. «Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, քրեական գործին վերաբերող այլ տվյալներ նախաքննության այս փուլում հրապարակման ենթակա չեն՝ քննության շահերից ելնելով»: Կարելի է ենթադրել, որ ՀՔԾ-ի քննիչները չեն համարձակվում ԴԱՀԿ նախկին պետին հարցաքննության կանչել, կամ էլ նրանք համարում են, որ անիմաստ է անել, քանի որ իրենք էլ գիտակցում են, որ վաղ թե ուշ, միեւնույն է, քրգործը կարճելու են:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՓԱԿ  ՀԱՆԴԻՊՈՒՄ
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ առաջարկել է արտաքին հարաբերությունների հանձնաժողով հրավիրել ԱԳՆ ներկայացուցիչներին եւ ապացույցներ տրամադրել այն մասին, որ Ղարաբաղի` բանակցությունների սեղան վերադարձի շուրջ գործընթացներ են տեղի ունենում: Հանձնաժողովի բոլոր անդամներն էլ դրական են գնահատել առաջարկը, սակայն նշել են, որ այս պահին դա կազմակերպելը բարդ կլինի: Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ասել է, որ արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել արտաքին գործերի նախարարի հետ` կազմակերպելու փակ հանդիպում, որի ժամանակ կտրվեն բոլոր հարցերի պատասխանները: Զաքարյանը հույս է հայտնել, որ այդ հանդիպումը կմնա փակ, քանի որ մինչեւ այժմ չի եղել մի հանդիպում, որն օրեր հետո մամուլում ստորակետով ու վերջակետով չի հրապարակվել:

 

 

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆ
Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը երեկ հայտարարել է, որ Կրեմլում հաստատում են տարվա երկրորդ կեսի սկզբին Բաքվում Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպման նախապատրաստումը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Բաքվում մոտ ժամանակներս տեղի կունենա Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում: Պեսկովը հայտարարել է. «Այո՛, տարվում է նման հանդիպման նախապատրաստություն, եւ մենք իսկապես կհայտնենք, հենց որ վերջնականապես համաձայնեցվեն ու հաստատվեն անցկացման ժամկետները»:

 

 

ՀԻԱՆԱԼԻ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Փարիզում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումը հաջողված է համարել: Այս մասին Ուորլիքը գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում:
«Հիանալի քննարկում ենք ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ Վիեննայի գագաթնաժողովում ընդունած որոշումների իրականացման, այդ թվում եւ հրադադարի ռեժիմի խախտումներն արձանագրող ԵԱՀԿ մեխանիզմների ստեղծման առաջարկի շուրջ»,- գրել է ԱՄՆ համանախագահը:




Լրահոս