ԻՆՉՈ՞Ւ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՍՏՎԵՐՈՒՄ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը, ասել է, որ այդ որոշումն այդ երկրի ներքին գործն է: Չի կարելի ասել, որ նման բան չկա, բայց Ռուսաստանի պաշտոնյայի կողմից այդ թեմայով խոսելն էլ խնդրահարույց է:

Նախ՝ ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, ուստի իրեն քաղաքակիրթ համարող ցանկացած ազգ պետք է այն դատապարտի եւ խրախուսի բոլորին այդպես վարվելու: Ռուսաստանը նույնպես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ինչը նշանակում է, որ այդպիսի քաղաքականությունն այդ երկրի համար միանշանակ դատապարտելի արարք է, իսկ Կրեմլից հայտնում են, որ Գերմանիայի դատապարտող քայլը ներքին խնդիր է: Ի՞նչ է ստացվում, որ Ռուսաստանը ցեղասպանությունը դատապարտել է բացառապես իր ներքին խնդրով պայմանավորվա՞ծ, թե՞ որ դա համարել է իր պարտքը՝ որպես քաղաքակիրթ երկիր, որպես մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման միջոց:
Այսինքն՝ ըստ Պեսկովի՝ ճիշտ էր ողջունե՞լ նման ցանկացած քայլ, թե՞ դա ներքին խնդիր համարելով՝ փորձել թաքնվել եւ չարժանանալ Թուրքիայի կշտամբանքներին: Թեեւ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի ուշ հայտարարել է, որ այս քայլով Գերմանիան մոտեցավ իր երկրի դիրքորոշմանը, բայց դրանով խնդիրը չի դադարում առկա լինելուց: Միգուցե սա փորձ էր սրբագրելու կրեմլյան անտարբերությունը, բայց, դատելով քաղաքականության նրբերանգներից, ավելի հավանական է թվում, որ Մոսկվան մի երեսով սիրաշահում է թուրքերին, մյուս երեսով՝ հայերին ու քաղաքակիրթ աշխարհին: Ավելին՝ Գերմանիայի ու Ռուսաստանի դիրքորոշումների նույնականացման տրամաբանությունն էլ հուշում է, որ նրանից քաղաքական դիվիդենտներ են պետք: Եթե այդպես է, ապա նման երկվությամբ Ռուսաստանն իսկապես իզուր է հավակնում գլոբալ լիդերության. այդպիսի մտածելակերպով դա իր մոտ երբեք չի ստացվի առնվազն նրա հետ ինքնանույնացման անհնարինության պատճառով: Մյուս խնդիրը, որը Մոսկվայում երբեք հաշվի չեն առնում, բայց չափազանց կարեւոր է թեկուզ իրենց ամբիցիաների իրականանալիության համար, ՀՀ-ի եւ ՌԴ-ի ռազմավարական դաշնակցությունն է: Հայ ժողովուրդը ենթարկվել է բնաջնջման իր իսկ հայրենիքում, ու դա իր մեծագույն ցավն է, ողբերգությունը, որը պետք է ոչ միայն դաշնակցի կողմից դատապարտվի, այլեւ մերժվի ժխտելու ցանկացած փորձ, եւ մշտապես խրախուսվի դատապարտման գործընթացը: Այլապես, ստացվում է, որ Մոսկվայի համար բացարձակապես հետաքրքիր չէ իր դաշնակցի նկատմամբ իրականացրած հանցագործությունը: Այդ դեպքում ինչպե՞ս են հարաբերություններ զարգանալու, եթե միմյանց լրջագույն խնդիրների հանդեպ կա անտարբերություն:
Դաշնակցությունը, ի վերջո, միայն քաղաքական ու տնտեսական շահերի համար ստեղծված հնարավորություն չէ, այն շատ ավելի խորքային երեւույթ է: Դաշնակցություն հնարավոր չէ, եթե չկա արժեքային ընդհանուր բազա, ժողովուրդները չեն ճանաչում միմյանց խնդիրները, բացակայում է մեկի խնդիրը մյուսի հարցը դարձնելու պետական-ազգային կամքը: Կարճ ասած՝ այն ամենը, ինչն անհրաժեշտ է երկրների բազմաշերտ փոխհարաբերություններում վստահության ձեւավորման ու արտաքին ինքնանույնացման համար: Եվ սա ոչ թէ իռացիոնալ երեւույթ է, այլ հակառակը, քանզի մեկմեկու խնդիրները լավ չպատկերացնելը կամ դրանց առանձնապես ուշադրություն չդարձնելը դրսեւորվելու է նաեւ արտաքին քաղաքականության իրականացման վրա, որի արդյունքում կարող են ձեռնարկվել դաշնակցի շահերին կամ խնդիրներին հակառակ քայլեր՝ հիմք ստեղծելով վստահության կորստի համար: Այս պարագայում մենք գործ ենք ունենալու սովորական քաղաքական հարաբերության հետ, որը տվյալ պահին ստեղծված քաղաքական կունյունկտուրայի հաշվին համընկել է: Նմանօրինակ փսեւդո-դաշնակցությունը հեռանկար չունի. դա կարճաժամկետ գործընթաց է, որը այլ քաղաքական իրադրության պարագայում կարող է տրանսֆորմացվել՝ ընդհուպ անհամաձայնության եւ մրցակցության հասնելով:
Խնդիրն այն չէ, որ Ռուսաստանը տառապի հայկական հարցերով, մշտապես գտնվի էմպատիայի վիճակում, խնդիրն այն է, որ հայտարարություններն արտահայտում են որոշակի դիրքորոշում, իսկ վերջինը ցույց է տալիս տվյալ երկրի շահը կամ ձեւավորում է այդ շահը: Իսկ եթե Հայոց ցեղասպանությունը ճանաչած Ռուսաստանի համար ճանաչման այլ դրսեւորումները բացառապես ներքին հարցեր են, ապա դա կարող է ընկալվել Թուրքիային աջակցություն հայտնելու ուղղակի կամ անուղղակի դիրքորոշում, որտեղ էլ պետք է փնտրել նրա իրական շահը:

ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

ՔԿՀ ՑՈՒՑՈՒՄԻ ՀԵՏՔԵՐՈՎ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 2016 թվականին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցների համար արձակվել է թվով երեք ցուցում: 3-ն էլ տեղադրված են եղել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքում: Ավելի ուշ երկրորդ ցուցումի փաստաթուղթը ղեկավարության հրահանգով կայքից հեռացվել է: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ երկրորդ ցուցումը օրենսդրությանը հակասող դրույթներ եւ պահանջներ է պարունակել, այդ իսկ պատճառով փաստաթուղթը շրջանառությունից հանվել է:

Ավելին՝ «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ մինչ փաստաթղթի շրջանառությունից հանվելը, ՀՀ ԱՆ ՔԿՀ-ների աշխատակիցները հրաժարվել են դրա պահանջները կատարել, ինչի հետեւանքով նրանցից շատերը ՔԿՀ ղեկավարության կողմից կարգապահական տույժերի են ենթարկվել, իսկ ավելի ուշ հեռացվել են աշխատանքից: Ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանում ստանալու համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՔԿՀ վարչություն, որտեղից հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը հայտնեց. «ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի 23.2014թիվ 40/7-2620 ցուցումը քրեակատարողական վարչության պաշտոնական կայքից հանվել է ոչ թե ՀՀ օրենսդրությանը հակասելու կամ ծառայողների կողմից այն կատարելուց հրաժարվելու, այլ դրանում պարունակվող տեղեկատվությունն օրենսդրությամբ սահմանված կարգով գաղտնագրվելու եւ ՀՀ արդարադատության նախարարության տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկում ընդգրկվելու պատճառաբանությամբ. «Տեղեկատվության ազատության ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետի եւ նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի հիմքով»: Միաժամանակ հայտնում ենք նաեւ, որ ՀՀ արդարադատության քրեակատարողական ծառայության բնագավառում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը հրապարակման ենթակա չէ պետական եւ ծառայողական գաղտնիքի ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի հիմքով»: Այս պատմության մեջ տարօրինակն այն է, որ եթե ի սկզբանե ՔԿՀ ղեկավարությունը ցուցում երկրորդը համարել է գաղտնի, ապա ինչու է այն հրապարակել կայքում, իսկ ավելի ուշ հանել այնտեղից: Նշենք, որ ցուցում երկրորդում եղել է այսպիսի հրահանգ, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկի պետը լիազորություններ չունի հրամայելու ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ծառայողներին, հատկապես հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողներին: Չի բացառվում, որ այս օրինակ ցուցումներն են եղել ՔԿՀ ղեկավարության եւ ծառայողների ներքին խմորումների պատճառներից մեկը, որի արդյունքում ցուցում երկրորդը պաշտոնական կայքից հանել են:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՆՈՐ  ՓՈԽՆԱԽԱՐԱՐ
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ նախարարության ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչներին եւ պատասխանատուներին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալ-ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանին:

 

 

ՔՈՍՈՏ ԵՐԿՐԻ ԱԿԱԴԵՄԻԿՈՍԸ
Պատասխանելով հարցին՝ արդյոք ապրիլյան քառօրյա պատերազմից հետո գիտության առաջնահերթությունները չպե՞տք է վերանայվեն՝ ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանն «Առաջին լրատվականին» ասել է. «Ամեն օր գիտության առաջնահերթությունները հնարավոր չէ փոխել, բայց այն, ինչ-որ եղավ, դա լարում է մեր ուժերը, որ ավելի լավ աշխատենք, այդ թվում՝ նաեւ պաշտպանության ասպարեզում»: Նա նաեւ շեշտել է, որ չի զղջում վերջերս լրագրողների հետ ճեպազրույցում իր տված բնորոշումների համար. հիշեցնենք՝ նա նշել էր, որ «Հայաստանի նման քոսոտ երկրներին մեծ տերությունները թույլ չեն տա, որ զենք արտադրի»:

 

 

ՆԻՍՏԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՀԱՊԿ անդամ պետությունները հունիսի 8-ին Երեւանում կանցկացնեն Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի (ԱԽՔԿ) նիստ, որտեղ կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարի հարցերը:
«Նիստում ահաբեկչության դեմ պայքարի մասին զեկուցմամբ հանդես կգա կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Նիստի մասնակիցները կքննարկեն մինչեւ 2025 թվականն ընկած ժամանակաշրջանում հավաքական անվտանգության ռազմավարության համաձայնեցման ընթացքը:

 

 

ՊԱՇՏՊԱՆՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է
Մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ «ՄԻԺԻ» ՀԿ ղեկավար Արմինե Առաքելյանը «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնում ենթարկվել է խոշտանգման եւ վատ վերաբերմունքի այլ ձեւերի: Այս մասին հրապարակային աղբյուրներով տեղեկություններ է ներկայացրել նաեւ Արմինե Առաքելյանը: Այդ հրապարակումների մանրամասն ուսումնասիրության հիման վրա ՄԻՊ կողմից նախաձեռնվել է հարցի քննարկման ընթացակարգ: Պաշտպանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով սեղմ ժամկետում քննարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վարույթ նախաձեռնելու հարցը: Համապատասխան գրություն է ուղարկվել նաեւ առողջապահության նախարարին:




Լրահոս