Հայաստանում ԼՂ հակամարտության թեման իր նշանակությամբ այսպիսի համատարած ուշադրության էր արժանացել 18 տարի առաջ: Եթե այն ժամանակ նախագահի հրաժարականով գործընթացը սառեցվեց ու թեւակոխեց բանակցությունների նոր փուլ` երաշխավորելով անվտանգության ու կայունության գերակայությունը, ապա այսօր անվտանգության հիմնախնդիրը խիստ սուր է դրված: Ըստ այդմ, հարկ է հասկանալ, թե որտե՞ղ է Հայաստանի անվտանգության երաշխավորման բանալին, եւ արդյո՞ք այսօր Հայաստանն ունի այդ թնջուկի լուծման ռեսուրսներ:
1994թ.` զինադադարի կնքումից հետո, ԱՄՆ կատարած այցելության շրջանակներում նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ Հայաստանն իր անվտանգության հարցը լուծել էր Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մեջ ներգրավվելու ճանապարհով: Իրավամբ, այնժամ իշխանությունը կարծես այդ միության շրջանակներում կարողացավ հաջող աշխատանքներ տանել առնվազն Ռուսաստանի հետ` ապահովելով թիկունքը: 1991թ. դեկտեմբերից ԱՊՀ-ի, իսկ 1992թ. մայիսից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում Հայաստանը, որպես նոր ձեւավորվող պետություն, կարողացավ հարթակներ ստեղծել ներկայանալու եւ մյուս պետությունների հետ համագործակցելու համար: Այդ եւ մի շարք այլ գործոնների պատճառով Արցախյան հակամարտությունը լուծվեց հայկական կողմի օգտին: Որքան էլ հայկական ու արցախյան զինված ուժերը լուծեցին իրենց առջեւ դրված խնդիրը, դուրս գալով Արցախի բնական սահմաններ ու անվտանգության լայն գոտու ստեղծմամբ հարցի ռազմական լուծման այլ ուղիներ չթողնելով, այդ հաջողությունների իրական բանալին արտաքին ուժային կենտրոնների հետ Հայաստանի հավասարակշիռ քաղաքականությունն էր: Վազգեն Սարգսյանը 98-ի իշխանափոխությունից հետո բավականին դիպուկ էր ձեւակերպել. «Ամենեւին պատահական չէր, երբ զինված ուժերը գրավում էին Շուշին, գրավում էին հետո Լաչինը, հետո յոթ-ութ շրջաններ, եւ մենք սարսափով մտածում էինք, թե մեզ թուրքերը կա՛մ կուտեն, կա՛մ ամբողջ աշխարհը մեզ ագրեսոր կճանաչի: Ո՛չ թուրքերը մեզ կերան, ո՛չ ագրեսոր ճանաչեցին: Դա լուրջ արտաքին քաղաքականության արդյունք էր»:
Այսօր, սակայն, ԱՊՀ-ն ու ՀԱՊԿ-ը կարծես դարձել են ածանցյալ կառույցներ: Հատկանշական է, որ քառօրյա պատերազմների օրերին Բելառուսի եւ Ղազախստանի հստակ ադրբեջանամետ դիրքորոշումը մտահոգություններ հարուցեց, թե մենք այլեւս ի՞նչ գործ ունենք այդ կազմակերպություններում: Այս տեսակետի կրողներն առաջարկում էին զարգացնել երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի հետ` սահմանազատվելով ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից ու ԵՏՄ-ից: Անշուշտ, որոշակիորեն տրամաբանական լինելով հանդերձ` այդպիսի քաղաքականությունը հեղափոխականության տարրեր է պարունակում, ինչը թե՛ կարող է վնասել Հայաստանի ներկայիս, թեկուզեւ երերուն, անվտանգությանը, թե՛ լուրջ ցնցումներ պատճառել մեզ: Ավելին` Սերժ Սարգսյանն էլ բնույթով դասական հակահեղափոխական գործիչ է, որից նման արմատական քայլեր ակնկալել պետք չէ, ինչը, ի դեպ, այս պահի դրությամբ կարծես այնքան էլ վատ չէ: Սակայն ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի ու ԵՏՄ-ի շրջանակներում Հայաստանի ծավալած գործունեությունն ակնհայտորեն այլեւս չի ապահովում մեր անվտանգությունը, այսինքն` համարժեք չէ Հայաստանի կացությանը: Հանգամանքը, որ Լավրովը Վիեննայում նստել էր Սերժ Սարգսյանի կողքին, բնավ չի նշանակում, որ Ռուսաստանը համերաշխում է Հայաստանի հետ: Ի վերջո, ՌԴ վարչապետի` ապրիլին Հայաստան կատարած այցը, որը ծրագրված էր ամիսներ առաջ, իր շարունակությունը գտավ Բաքվում տեղի ունեցած «ջերմագույն ու դարավոր բարեկամության» վերահաստատման արարով: Ուստի խոսել հայ-ռուսական հարաբերությունների նույնպիսի մակարդակի մասին, ինչպիսիք կային 1990-ականներին, այնքան էլ տեղին չէ: Դրան, անշուշտ, նպաստել են թե՛ հայաստանյան իշխանությունների բացառիկ երկչոտությունը, թե՛ Ռուսաստանի տարածաշրջանային շահերի վերանայումը: Արձանագրելի է, որ եթե 1990-ականներին Հայաստանի անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը զգալիորեն համընկնում էին մեր շահերի հետ, ապա այսօր իրադրությունը զգալիորեն փոփոխվել է, ինչը հաշվի չառնել պարզապես անկարելի է: Եթե մի լուսնկա գիշերում ԵՏՄ մտնելու Սերժ Սարգսյանի որոշումը բացատրվում էր կամ, ավելի ստույգ, քարոզվում էր իբրեւ անվտանգության ապահովման անհրաժեշտությունից դրդված քայլ, ապա այսօր այդ հարթակից հեռանալն է նույն ձեւով բացատրվում: Ցավոք սրտի, երկու դեպքում էլ որոշակի չափով ճշմարտություն, այնուամենայնիվ, կա:
Իրավիճակի այսօրինակ զարգացումները հուշում են, որ այժմ Հայաստանը կանգնած է անվտանգության ապահովման լուրջ բարդության առաջ: Եթե մինչեւ ապրիլյան առճակատումը ներքին քաղաքականության մեջ իրականացված «վարուցանքը» կարող էր փոխհատուցվել արտաքին հավասարակշռության մասին միֆերով, ապա այսօր Հայաստանը կանգնել է կոտրած տաշտակի առաջ: Պետք է հստակորեն հաշվի առնել, որ Ռուսաստանի հարաբերություններն արեւմուտքի հետ ոչ թե կարգավորվելու, այլ սրվելու միտում ունեն, որոնք այս պահին ժամանակավորապես սառեցվել են ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների պատճառով: Դոփելով նույն կառույցներում, որեւէ իրական այլընտրանք չստեղծելու համառ եսապաշտությամբ` այսօր իշխանությունները Հայաստանի անվտանգության հարցը կարող են լուծել բացառապես ներքին բարեփոխումների ճանապարհով:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԻՆՉՈ՞Ւ ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՉԻ ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ ՌԵԿՏՈՐԻ ՄՐՑՈՒՅԹԻՆ
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Նշենք, որ ներկայիս ռեկտոր Կորյուն Աթոյանի պաշտոնավարման ժամկետը ավարտին է մոտեցել, ինչի համար էլ ԿԳՆ-ն բաց մրցույթ է հայտարարել:
Ի դեպ, վերջին շրջանում ակտիվ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ռեկտորի պաշտոնում իր թեկնածությունն է առաջադրելու նաեւ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով համալսարանում որպես պրոֆեսոր, դասախոս եւ ամբիոնի վարիչ է աշխատում: Տեղեկությունները ճշտելու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց ե՛ւ Միքայել Մելքումյանի, ե՛ւ գործող ռեկտոր Կորյուն Աթոյանի հետ:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյան
-Պարո՛ն Աթոյան, կրթության եւ գիտության նախարարությունը տնտեսագիտական համալսարանի ռեկտորի բաց մրցույթ է հայտարարել: Դուք առաջադրելո՞ւ եք Ձեր թեկնածությունը:
-Այո՛, առաջադրվելու եմ:
-Իսկ այլ թեկնածուներ կա՞ն:
-Տեղյակ չեմ, չեմ լսել: Հայտարարությունը տրված է, ով ցանկանում է, նա էլ կառաջադրվի:
-Պարո՛ն Աթոյան, համառորեն լուրեր են տարածվել այն մասին, որ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ է ցանկանում առաջադրել իր թեկնածությունը…
-Ինձ հարցնում եք, որ ես ի՞նչ պատասխանեմ: Ով ցանկանում է, նա էլ դիմում է ներկայացնում:
-Ինչպե՞ս կընդունեք Միքայել Մելքումյանի ռեկտորի պաշտոնում առաջադրվելու մասին լուրը:
-Օրենքը թույլ է տալիս, թող առաջադրվեն բոլոր ցանկացողները: Որեւէ խնդիր չկա:
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյան
-Պարո՛ն Մելքումյան, Դուք առաջադրելո՞ւ եք Ձեր թեկնածությունը ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին:
-Ես իմ միտքը չեմ փոխել: Ցանկություն չունեմ առաջադրվելու, որովհետեւ ես ինձ տեսնում եմ ուրիշ ոլորտում՝ քաղաքականության, գիտության մեջ:
Հ.Գ. Տեղեկացնենք, որ մրցույթին մասնակցելու համար դիմումները կարող են ներկայացնել 2016 թվականի հունիսի 6-ից հուլիսի 5-ը՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ մրցույթը տեղի կունենա 2016 թվականի հուլիսի 15-ին՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ՀԱՏՈՒՄՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿՈՒՄ
Փայտանյութի վաճառքը ավանդաբար եղել է Տավուշի մարզի բնակիչների մի մասի համար գոյության, ոմանց համար էլ՝ հարստանալու միջոց: Անտառում փայտանյութ պատրաստելու ընթացքում հաճախ խախտում են բնապահպանական օրենսդրությունը` մեծ վնասներ պատճառելով բնությանը: Շատ դեպքերում նման խախտումներ են կատարվում բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան» ազգային պարկի անտառներում: Այդ դեպքերի կապակցությամբ քրեական գործեր են հարուցվում, մի մասն էլ՝ քննվում դատարաններում: Ահավասիկ դրանցից մեկը: Դիլիջան քաղաքի բնակիչ Խաչատուր Ալիխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. օգոստոսի 11-ին բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առեւտրային կազմակերպության «Շամախյան» տեղամասի 2-րդ պահաբաժնից ապօրինաբար հատել է խոշոր չափի՝ 615 հազար դրամ սակագնային արժեքով 3 հատ հաճարենի, 4 հատ կաղնի, 1 հատ լորենի, 2 հատ բոխի տեսակի թաց, կանգուն ծառեր՝ պետությանը պատճառելով 3 միլիոն 75 հազար դրամի նյութական վնաս:
Բացի այդ՝ Խաչատուր Ալիխանյանը՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, 2016թ. հունվարի 23-ին հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ. ամռանն Արտակ Մարտիրոսյանն առաջարկել է մեկ ավտոմեքենա փայտանյութի դիմաց իր վերաբերյալ կազմել 10 հատ ծառ ապօրինի հատելու մասին կեղծ արձանագրություն, այն պատճառով, որ ինքը հիվանդ է, չի դատապարտվի, այդ առաջարկին ինքը համաձայնել է եւ ստորագրել արձանագրության տակ: Խ. Ալիխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով («Անտառային ֆոնդի տարածքներում, ինչպես նաեւ անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում կամ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելը կամ ոչնչացնելը, պետական կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բուսածածկը ոչնչացնելը կամ մինչեւ աճի դադարեցման աստիճանի վնասելը, եթե այդ գործողությունները կատարվել են բնության հատուկ պահպանվող տարածքներում, խոշոր վնաս պատճառելով») եւ 333 հոդվածի 1-ին մասով («Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է»): Խ. Ալիխանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը ներկայումս ընթացքի մեջ է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում՝ դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ