ԱՃՈՒՐԴԻ ԵՆ ՀԱՆՎԵԼ ՈՉ ՊԻՏԱՆԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը աճուրդի է հանել գերատեսչությունների ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների տրանսպորտային միջոցները: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դրանք գերատեսչությունների կողմից օտարված տրանսպորտային միջոցներն են, որոնք հիմնականում ռուսական արտադրության մաշված եւ շահագործման համար ոչ պիտանի փոխադրամիջոցներ են:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ մայիսի 12-ի հայտնի ելույթից հետո, որտեղ հանձնարարեց անցնել խնայողությունների ռեժիմի, բոլոր գերատեսչությունները լծվել են իրենց հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցների կրճատման գործընթացին:
«Ժողովուրդ»-ը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ աճուրդի են հանվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Արփա-Սեւան» թունելի վերականգման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին ամրացված տրանսպորտային միջոցները: Աճուրդը կմեկնարկի հունիսի 14-ին, կավարտվի հոկտեմբերի 31-ին:
Այսպես՝ վաճառվում է 2002 թվականի ռուսական արտադրության «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենա, որի մեկնարկային գինը կազմում է 300 հազար դրամ, եւ 1991 թվականի արտադրության «ԻԺ-27151» մակնիշի ավտոմեքենա՝ 50 հազար դրամով: Նաեւ պետական գույքի կառավարման վարչության պետի մայիսի 12-ի հրամանով վաճառքի է հանվել «ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության» աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռից դուրս գրված, բայց օտարման ենթակա գույքը: Վերոնշյալ կառույցը վաճառում է 2010 թվականի արտադրության «Toyota Corolla»՝ 1 մլն 5 հազար 700 դրամ մեկնարկային գնով: Այս տրանսպորտային միջոցի աճուրդի մեկնարկը կտրվի հունիսի 8-ին եւ կավարտվի հոկտեմբերի 31-ին:
Իսկ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին ամրացված տրանսպորտային միջոցների աճուրդը կայացել է մայիսի 30-ին, սակայն գնորդ չի եղել: Նշենք, որ աճուրդի է հանվել 4 ավտոմեքենա՝ 2004 թվականի արտադրության «Պեժո 406» (400 000 դրամ), 2003 թվականի արտադրության 2-ական «Վազ 21214» (յուրաքանչյուրը՝ 350 000 դրամ), 1997 թվականի՝ «Տոյոտա Լենդ Կրաուզեր» (700 000 դրամ):
«Ժողովուրդ»-ը բնապահպանության նախարարությունից հետաքրքրվեց՝ արդյոք շահագործման ենթակա են աճուրդի հանված ավտոմեքենաները: Մեր հարցին ի պատասխան՝ ԲՆ-ից փոխանցեցին, որ այդ ավտոմեքենաները դեռեւս 3 ամիս առաջ են դուրս գրվել, դրանցից երկուսը շահագործվող եւ սարքին վիճակում են, իսկ մյուս երկուսը՝ ոչ:
Իսկ, ահա, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող օտարման ենթակա գույքը 3-ն են` 2007 թվականի ռուսական արտադրության «Վազ 21214-126-20»՝ 700 000 դրամ մեկնարկային գնով, 2005 թվականի «ԳԱԶ-31105-120»՝ 408 հազար դրամ արժեքով, եւ 2004 թվականի արտադրության «Վազ-21214»՝ 600 հազար դրամով:
«Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Մանուկյանը, անդրադառնալով ՊՈԱԿ-ի կողմից օտարման ենթակա տրանսպորտային միջոցների թեմային, ասաց, որ աճուրդի հանված ավտոմեքենաները ոչ պիտանի են: «Շահագործման ենթակա չեն: Չեն աշխատում: Վերականգման ծախսն ավելի շատ է: Ավելի լավ է շուկայից նորը գնվի, քան թե դա վերականգնվի: Դրանք 11-12 տարի է, ինչ օգտագործում ենք: Դրանցով մարզեր ենք գնացել, դաշտերով ենք շրջել, մաշված են»,- նկատեց ՊՈԱԿ-ի տնօրենը՝ նկարագրելով ավտոմեքենաների վիճակը: ՊՈԱԿ-ի տնօրենի խոսքերով՝ իրենց հաշվեկշռում գտնվող, բայց օտարման ենթակա երեք մեքենաները տեւական ժամանակ է, ինչ աճուրդի են հանվել, բայց այդպես էլ գնորդներ չեն գտնվել:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ը նույնպես օտարել է տրանսպորտային միջոցներ, որոնք էլ պետական գույքի կառավարման վարչության կողմից աճուրդի են հանվել: Այսպես՝ նշված կառույցի կողմից վաճառքի են հանվել 1990 թվականի արտադրության «Ուազ-33-03»՝ 262 հազար 500 դրամ մեկնարկային գնով, 2002 թվականի արտադրության «Վազ 21214»՝ 127 հազար 500 դրամով:
ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Ավագյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ յուրաքանչյուր տարի ՊՈԱԿ-ը գույքագրում է իրականացնում, եւ եթե պարզվում է, որ գույքը պիտանի չէ շահագործման համար, այսինքն՝ 50 տոկոսից ավել մաշված է, ապա սահմանված կարգով ներկայացվում է աճուրդի կենտրոն ՊՈԱԿ: Ավագյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց նաեւ, որ աճուրդի հանված գույքը ՊՈԱԿ-ը օտարել է, այլ ոչ թե դուրս գրել: Եւ այն գնահատվել է անկախ փորձագետի կողմից:
«Մենք դրանցով մարզեր ենք գնացել, գյուղեր, դաշտեր: Մինչեւ անցյալ տարի մի կերպ շահագործում էինք «Վազ 21214»-ը, բայց տրանսպորտային միջոցի կարիք ունենք: Հետո տեսանք, որ անիմաստ է դրա վրա այդքան ծախսեր անել: Իսկ 1990 թվականի արտադրության «Ուազ» մակնիշի ավտոմեքենան վերջին երկու տարում չենք էլ շահագործել եւ գումար չենք ծախսել դրա վրա: Այն ֆիզիկապես մաշված է: Երկու մեքենաներն էլ մնացորդային արժեք չեն ունեցել, իրենք իրենց տեխնիկական լիարժեք մաշվածության մեջ են եղել, եւ մենք օտարել ենք՝ օրենքով սահմանված կարգի պահանջներին համապատասխան»,- հավաստիացրեց Ավագյանը:
Այսքանից հետո մեզ մնում է հետեւություն անել, որ իրականում դուրս են գրվել եւ աճուրդի են հանվել չշահագործվող, ոչ պիտանի ծառայողական ավտոմեքենաները: Եւ վարչապետի հայտնի ելույթի ֆոնին գերատեսչություններն ընդամենը փորձում են իրենց փիառն անել եւ թվային համապատասխան ցուցանիշներ ապահովել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԽԵԼԱՀԵՂ ԱՐԱԳՈՒԹՅԱՄԲ
Իջեւան քաղաքի բնակիչ բանաստեղծ, երգիծաբան Էդուարդ Սարգսյանը «Ժողովուրդ»-ին դժգոհեց, որ Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքի գետափնյա Աբովյան փողոցում երիտասարդները ավտոմեքենաները վարում եմ խելահեղ արագությամբ՝ վտանգելով հետիոտների կյանքը եւ առողջությունը: Իջեւանի որոշ փողոցներում վարորդների կողմից արագության գերազանցումը կանխելու համար փողոցների ծածկի վրա խոչընդոտներ՝ թեքություններ են սարքել, որը բնակիչները կոչում են «պառկած միլիցա»: Է. Սարգսյանին հարցրինք՝ Աբովյան փողոցում «պառկած միլիցա» չկա՞: Նա իրեն հատուկ հումորով ասաց. «Այդ փողոցում ո՛չ պառկած, ո՛չ կանգնած միլիցա չկա, ո՛չ էլ ավտոմեքենաների թույլատրելի առավելագույն արագությունը սահմանող ճանապարհային նշան»: Հավելենք, որ Աբովյան փողոցը գտնվում է Իջեւանի կենտրոնում՝ Աղստեւ գետի ափին, ոստիկանության Տավուշի մարզային վարչության եւ Իջեւանի բաժնի շենքերից ոչ հեռու:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ
Երեկ Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչներն առավոտվանից փակ են պահել Երեւան-Գողթ ճանապարհը: ArmLur.am-ը Գողթ համայնքի ղեկավար Արտավազդ Հակոբյանի հետ հեռախոսազրույցում պարզեց, որ երեկ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը գրություն է ուղարկել գողթեցիներին եւ նրանց վստահեցրել, որ Գեղարդալճի ինքնահոսի ոռոգման ծրագրով չի նվազի Գողթ համայնքի հողատարածքների համար անհրաժեշտ ջուրը: Սակայն գյուղացիները չեն պատրաստվում բացել ճանապարհը, նրանք նշում են, որ իրենց ոչ մի գրություն չի հետաքրքրում, ճանապարհը փակ են պահելու մինչեւ չեղյալ կհայտարարվի Գեղարդալճի ինքնահոսի ոռոգման ծրագիրը:
Նշենք, որ Գեղարդալիճը գտնվում է Աժդահակի ստորոտին՝ 2800մ բարձրության վրա: Գեղարդալիճի բարձրացման ծրագիր կա, կա նաեւ Գեղարդալիճը սնուցող ծրագիր: Պետք է կառուցվի 2-րդ ջրատարը: Լճի բարձրացման դեպքում ջրից կօգտվեն եւս մի քանի համայնքներ: Գեղարդալճի տարողությունն ընդամենը 2.4 միլիոն խորանարդ մետր է, եւ եթե այնտեղից այլ գյուղեր ջուր տեղափոխեն, գյուղացիների հողատարածքների ոռոգման համար ջուր չի մնա:
Գյուղապետի խոսքով՝ Կոտայքի մարզպետը երկուշաբթի օրը ամբողջությամբ պատրաստ նախագծով ժողովրդի հետ կփորձի բանակցություններ վարել։




Լրահոս