Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի մշակույթի նախարարությունն առաջարկել է իր փորձն ու գիտելիքներն օգտագործել Պալմիրայի պատմական հուշարձանների վերականգնման համար։ Համապատասխան առաջարկություններով նամակը սիրիացի գործընկերներին է հղել ՀՀ մշակույթի նախարարությունը։ Այս մասին ավելի վաղ տեղեկացրել էր «ՍԱՆԱ» գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի մշակույթի նախարար Իսամ Խալիլին, որը Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանի հետ հանդիպման ավարտին իր երախտագիտությունն էր հայտնել այդ կապակցությամբ։ Նախարարը նշել էր, որ Սիրիայում ստեղծվել է պետական հանձնաժողով, որը կմշակի Պալմիրայի վերականգնման պլանը: «Ժողովուրդ»-ը գրավոր հարցումով դիմեց ՀՀ մշակույթի նախարարությանը` պարզելու, թե Հայաստանը կոնկրետ ինչպես, ինչ ռեսուրսներով է պատրաստվում աջակցել Պալմիրայի պատմական հուշարձանների վերականգնմանը:
Մեզ նախարարությունից նախ տեղեկացրին, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ոլորտի մի շարք կոնվենցիաների, դրանց կիրարկման նպատակով ստեղծված միջկառավարական կոմիտեների, մասնավորապես՝ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամ-պետություն։ Հայ-սիրիական մշակութային համագործակցության հիմքում ընկած են երկու երկրների միջեւ դարավոր բարեկամական հարբերությունները, որոնք ամրապնդվել են 1992թ. մարտի 30-ին նորանկախ Հայաստանի եւ Սիրիայի միջեւ ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության միջեւ մշակութային համագործակացության մասին» համաձայնագրով: Այդ իսկ պատճառով ՀՀ մշակույթի նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցություն ցուցաբերել Պալմիրայի վերականգնման գործընթացին:
Հարցին, թե նախարարությունն ինչ նկատի ունի, երբ նշում է, թե Պալմիրայի պատմական հուշարձանների վերականգնման համար առաջարկում է իր փորձն ու գիտելիքները, կառույցից մեկնաբանեցին. «Առաջարկը ենթադրում է հնագետների, ճարտարապետների եւ վերականգնողների փորձագիտական ու մասնագիտական աջակցություն: Ըստ որում, օժանդակությունը կարող է դրսեւորվել ոչ միայն բուն Սիրիայի տարածքում, այլեւ միջազգային կազմակերպությունների նախաձեռնությամբ՝ տարբեր երկրներում կազմակերպվող մասնագիտական քննարկումների ձեւաչափով: Մասնավորապես մայիսի 4-6-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն նախաձեռնել էր անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների այցելությունը Պալմիրա (մասնակցել է նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը): Առաջիկայում Բոննում կայանալու է միջազգային փորձագիտական խմբի նիստը, որին Հայաստանից կմասնակցի ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը»:
Մենք հետաքրքրվեցինք` կոնկրետ ովքեր (անհատներ, խորհուրդ) են որոշել, որ Հայաստանը պետք է աջակցի Պալմիրայի պատմական հուշարձանների վերականգնմանը. «Առաջարկն արվել է մշակութային քաղաքականությունն իրականացնող պետական մարմնի կողմից՝ իր լիազորությունների շրջանակներում»,-ասված է պատասխանում:
«Ժողովուրդ»-ը փորձեց նաեւ պարզել` արդյոք արդեն կան աջակցությունն իրականացնելուն ուղղված կոնկրետ ծրագրեր եւ ժամկետներ: Այս առնչությամբ մեզ տեղեկացրին, որ Պալմիրայի վերականգնման հետ կապված կոնկրետ ծրագրեր կարող են մշակվել սիրիական կողմի համապատասխան արձագանքից հետո, զուգահեռաբար նաեւ միջազգային կառույցների կողմից կայացվող որոշումների համատեքստում:
Հիշեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված սիրիական հինավուրց Պալմիրան 2015թ. մայիսին գրավել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները եւ լուրջ վնասներ հասցրել քաղաքի ճարտարապետական կոթողներին: Պալմիրայում ահաբեկիչները սպանել էին ավելի քան 400 խաղաղ բնակչի:
Այս տարվա մարտի 27-ին Սիրիայի կառավարական ուժերն ազատագրեցին Պալմիրան:
ՔՅԱՐԹՈՒԻՑ ՀԵՏՈ` «ԿԱՆԱՑԻ» ԿԵՐՊԱՐՈՒՄ
Վերջին շրջանում հայկական «Դոմինո» սիթքոմի շրջանակում հեռուստադիտողները տեսնում են իրենց բավական ծանոթ դերասանի, սակայն բոլորովին նոր կերպարում: Հովհաննես Դավթյանը` նույն ինքը` «Բանակում» եւ «Քաղաքում» հեռուստասերիալներից հայտնի Մխոն, որն աչքի էր ընկնում իր «քյարթու» տեսակով, այս անգամ կտրուկ կերպարանափոխվել է` հանդես գալով «կանացի» կերպարում: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոստովանեց, որ դերասանի համար դա շատ հետաքրքիր անցում է. «Սիթքոմի այս կերպարի մեջ ինձ հոգեհարազատ ոչինչ չկա, սակայն մեր առօրյայում շատ կարելի է հանդիպել նման տղամարդկանց»,- ասաց նա` հավելելով, որ «Դոմինոյում» բավական ջերմ եւ ընկերական մթնոլորտ է տիրում, եւ իրեն հաճելի է այդ թիմի հետ աշխատելը:
Մենք հետաքրքրվեցինք` ինչու կանանց միամսյակի շրջանակում Հովհաննեսի` Երեւանի կամերային թատրոնում խաղացած նոր stand up կատակերգությունը` «Խառը կանացի»-ն, տեւական ժամանակ է` բեմում չի հայտնվում. «Ապրիլյան պատերազմի օրերին ես դադար վերցրեցի, բայց արդեն հունիսին հանդիսատեսը կրկին հնարավորություն կունենա ներկա գտնվելու այդ ներկայացմանը: Ուրախ եմ, որ «Խառը կանացի»-ն լավ ընդունվեց, ինձ հատկապես ոգեւորեց կանանց արձագանքը, քանի որ ներկայացումը հենց նրանց մասին է: Վերջիններս ինտերակտիվ շփման ընթացքում այնպիսի ռեպլիկներ էին անում, ինչպես օրինակ՝ «Հա, իսկապես, մենք այսպիսին ենք», «Պետք է մի քիչ փոխվել» եւ այլն»,- ծիծաղելով ասաց դերասանը:
Նա նշեց, որ մոնո-ներկայացման ժանրն իրեն բավական գրավել է, եւ հետաքրքիր է թե՛ գրել, թե՛ խաղալ այդ ժանրում:
Ինչպես հայտնի է՝ երեք տարի առաջ դերասանը դուրս է եկել Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից, իր պարզաբանմամբ` զբաղվածության պատճառով: Մենք հարցրինք` արդյոք իրեն թատրոնից չեն խնդրել վերադառնալ. «Չէ, բացարձակ: Նույնիսկ կարծում եմ` Սունդուկյանում կարող են խնդրել, որ դուրս գաս այնտեղից, ոչ թե հետ գնաս. հիմնականում այդպիսի մթնոլորտ է: Եթե ուզենամ հետ գնալ, կգնամ, բայց չեմ կարողանում այդ մթնոլորտում աշխատել»,- պատասխանեց Հովհաննեսը` չցանկանալով տվյալ թեմայի շուրջ ծավալվել:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԸ ԼԱՎ Է
Հայազգի հայտնի դերասան, բեմադրիչ Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակի վատթարացման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին «Արմենպրես»¬ի հետ զրույցում նշել է Ա. Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող Մոսկվայի դրամատիկական թատրոնի մամուլի քարտուղար Նատալյա Կարնեեւան: «Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը լավ է, նրա մոտ ամեն ինչ կարգին է: Նա հանգիստ աշխատում է»,¬ ասել է թատրոնի մամուլի քարտուղարը: Հիշեցնենք, որ վերջերս ռուսական լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Արմեն Ջիգարխանյանին տեղափոխել են հիվանդանոց, եւ դերասանը գտնվում է ծանր վիճակում:
ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Հունիսի 24-ին, ժամը 15:00¬ին նախատեսվում է Հռոմի Պապի եռօրյա այցելությունը Հայաստան: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: Նրա խոսքով` Երեւանում 50¬60 հազար մարդ հնարավորություն կունենա ներկա գտնվելու Հռոմի պապի մասնակցությամբ նախատեսված միջեկեցեղական աղոթքին: Ինչ վերաբերում է Հռոմի պապի կատարելիք այցելություններին, ապա նա նախ ուղեւորվելու է Էջմիածին, որտեղ տեղի է ունենալու հրաշափառի բարիգալստյան արարողությունը: Դրանից հետո Պապը հանդիպում է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Երկրորդ օրը Հռոմի Պապը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` մասնակցելու Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների համար կատարվող բարեխոսական աղոթքին: Դրանից հետո նա կմեկնի Գյումրի, որտեղ տեղի կունենա Հռոմի սրբազան քահանայապետի պատարագը Վարդանանց հրապարակում: Կլինի այցելություն նաեւ Գյումրիի Յոթ վերք եկեղեցի, ապա` Հայ կաթողիկե եկեղեցի: Այցելություններից հետո Հռոմի Պապը կվերադառնա Երեւան: Հանրապետության հրապարակում խաղաղության համար կհնչի միջեկեցեղական աղոթք: Նախատեսվում է պատարագ Մայր Աթոռ սուրբ էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանի վրա: Վերջում կլինի համատեղ հայտարարության ստորագրում: Կլինի նաեւ այցելություն Խոր Վիրապի վանք, որտեղ կանցկացվի փոքրիկ ծես: Դրանից հետո Հռոմի պապը կմեկնի Վատիկան:
ԲԱԺԱՆՎԵԼ ԵՆ
Բրիտանական One Direction փոփ խմբի նախկին մենակատար Զեյն Մալիքն ու մոդել Ջիջի Հադիդը բաժանվել են: E! News-ի փոխանցմամբ` նրանց հարաբերությունները տեւել են ընդամենը յոթ ամիս:
«Նրանք շատ էմոցիոնալ են եւ անկայուն: Հնարավոր է, որ մի քանի օր հետո հայտարարեն, թե նորից միասին են»,- ասել է զույգին մոտ կանգնած աղբյուրը: