ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Իսակովի պողոտայում
Այս տաքսու վարոդը ինքնակամ բարեգործություն է կատարում եւ զինվորներին անվճար է սպասարկում: Համաձայնեք, որ նման դեպքերը վերջին շրջանում հաճախակի բնույթ են կրում, ինչը գովելի Է:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ է անհրաժեշտ միանվագ հրատապ օգնություն ստանալու համար։ Եվ կարո՞ղ է քաղաքացին դիմել օգնության համար:
Գայանե Վարդանյան (34 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Վարդանյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ հրատապ օգնության տրամադրման համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին` երեխայի ծնվելուց հետո վեց ամսվա ընթացքում:
Երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում ընտանիքի չափահաս անդամներից մեկը տարվա օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսների ընթացքում պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին` ներկայացնելով տեղեկանք տվյալ երեխայի հանրակրթական դպրոցի կամ վարժարանի տվյալ ուսումնական տարում առաջին դասարան ընդունվելու մասին:
Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի կենսաթոշակառու, աշխատող կամ գործազուրկ (առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող) չհամարվող անդամներից մեկը մահացել է, ունի ընտանեկան նպաստի իրավունք եւ դիմումը ներկայացվել է ընտանիքի անդամի մահվան օրվանից հետո վեց ամսվա ընթացքում:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ հրատապ օգնության իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանեկան նպաստի իրավունք չունեցող ընտանիքը անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու դեպքում՝ սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ։ Ի դեպ, հուղարկավորության միանվագ օգնությունը նշանակվում է ընտանիքի մահացած յուրաքանչյուր անդամի համար։
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ պարտադիր զինվորական ծառայության չանցնելու դեպքում քաղաքացին որքա՞ն վճարում պետք է անի։
Սահակ Կիրակոսյան (49 տարեկան, վարորդ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ վճարումներ են կատարում՝
1.Պարտադիր զինվորական ծառայություն չանցած եւ 27 տարին լրացած զինապարտ քաղաքացիները` նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով:
2.Պարտադիր զինվորական ծառայություն չանցած եւ հետագայում պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքեր ձեռք բերած զինապարտ այն քաղաքացին`
ա) ով հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով ճանաչվել է զինծառայության համար ոչ պիտանի` հանվելով զինվորական հաշվառումից` նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի չափով.
բ) ում հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) մահացել (զոհվել) է ՀՀ պաշտպանության ժամանակ կամ զինված ուժերում եւ այլ զորքերում ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ, եւ նա այդ ընտանիքի միակ արու զավակն է` անկախ 27 տարին լրանալու հանգամանքից` 0 (այսինքն՝ չի վճարվում).
գ) ով ունի գիտական աստիճան (գիտության թեկնածու կամ գիտության դոկտոր) եւ զբաղվում է մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ` նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ պարտադիր զինվորական ծառայություն չանցած եւ հետագայում պարտադիր զինվորական ծառայությունից ուսումը շարունակելու համար տարկետում ստացած զինապարտ քաղաքացիները վճարում են նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով: